
Բելառուսից ներխուժման սպառնալիք չկա. Վլադիմիր Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, պաշտպանական թեմաներով հերթական խորհրդակցությունից հետո, հայտարարել է Բելառուսի կողմից սպառնալիքի բացակայության մասին։
«Հաշվի առնելով հետախուզության տվյալները և ձեռնարկված միջոցառումները՝ Բելառուսի կողմից ներխուժման սպառնալիքը բացակայում է։ Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Բուդանովի զեկույց»,- հայտարարել է Զելենսկին, որի գրառումը հրապարակվել է իր տելեգրամյան ալիքում։
Հունիսի 19-ին Գերագույն ռադա էր ներկայացվել որոշման նախագիծ՝ Բելառուսին ագրեսոր երկիր ճանաչելու վերաբերյալ։ Հունիսի 30-ին Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիին և «Հյուսիս» օպերատիվ հրամանատարության ղեկավար Սերգեյ Նաևին հանձնարարել էր ուժեղացնել բելառուսական ուղղությունը։ Հուլիսի 4-ին Նաևը հայտարարել էր Բելառուսի սահմանի ուժեղացման համար անձնակազմի և տեխնիկայի տեղաշարժի մասին, իսկ հուլիսի 10-ին խոստացել այնտեղ ամրացնել նաև ինժեներական ենթակառուցվածքները։
Ուկրաինա-բելառուսական սահմանը ձգվում է 1084 կիլոմետր։ Ուկրաինայի պետական սահմանային ծառայության ներկայացուցիչ Անդրեյ Դեմչենկոն պարբերաբար հայտարարում է, որ իրավիճակն այդ ուղղությամբ կայուն է։ Այդուհանդերձ, ուկրաինական ստորաբաժանումները փորում են խրամատներ և ստեղծում պատնեշներ, ինչպես նաև հսկողություն իրականացնում անօդաչու թռչող սարքերի օգնությամբ։
2022 թվականի նոյեմբերին ուկրաինական իշխանությունները հայտնել էին, որ Վոլինի մարզի տարածքում, Բելառուսի հետ սահմանին, արդեն իսկ կառուցվել է մոտ 3 կիլոմետրանոց երկաթբետոնե ցանկապատ։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել