HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը աշնանը մտադիր է թողնել իր պաշտոնը

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը դիտարկում է այդ պաշտոնից հրաժարականի և քաղաքականությունից հեռանալու տարբերակը։ Այդ մասին հայտնում է բրիտանական The Times պարբերականը՝ հղում անելով բրիտանական կառավարության իր աղբյուրներին։ Ուոլեսը բրիտանական պաշտպանական գերատեսչությունը ղեկավարում է 2019 թվականի հուլիսից։ 

Պարբերականի աղբյուրները Ուոլեսի հնարավոր հեռանալը կապում են կառավարության կազմում վերադասավորումների հետ, որը նախապատրաստում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունաքը, որպեսզի «հանրությանն առավել թարմ թիմ ներկայացնի՝ խորհրդարանական առաջիկա ընտրություններից առաջ», որոնք պետք է կայանան 2024 թվականի վերջին։ 

Ինչպես գրում է պարբերականը, Ուոլեսի որոշման վրա կարող է ազդել նաև այն փաստը, որ Սպիտակ տանը հրաժարվել են աջակցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր թեկնածությանը, չնայած վարչապետ Ռիշի Սունաքը փորձում էր հասնել դրան։ Նշվում է, որ Ուոլեսը, որը նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի մերձավորներից էր և պահպանել էր իր պաշտոնը Սունաքի իշխանության գալուց հետո, աջակցում է գործող վարչապետին ու իր որոշումը որևէ կապ չունի իշխող Պահպանողական կուսակցության վարած քաղաքական կուրսի հետ։

«Նա, հավանաբար, իր թեկնածությունը չի առաջադրի ընտրությունների ժամանակ, այնպես որ հեռանալու համար պահը թվում է ճիշտ ընտրված»,- հայտարարել է պարբերականի աղբյուրը՝ ուշադրությունը սևեռելով այն հանգամանքի վրա, որ համայնքը, որտեղից Ուոլեսն ընտրվել է Համայնքների պալատի անդամ, որպես առանձին վարչական միավոր կվերացվի, իսկ գործող նախարարը դեռևս չի հայտարարել այլ համայնքից առաջադրվելու մտադրության մասին։

Բեն Ուոլեսը Մեծ Բրիտանիայի ամենահայտնի պահպանողական քաղաքական գործիչներից մեկն։ Մեկ տարուց ավելին նա գլխավորում է ամենահեղինակավոր պահպանողականների ցանկը, որը հրապարակում է թորիներին աջակցող conservativehome.com կայքը։ Նախորդ տարի Բորիս Ջոնսոնի հրաժարականից հետո նա համարվում էր Պահպանողական կուսակցության առաջնորդի պայքարում ֆավորիտներից մեկը։ Սակայն նախարարը հրաժարվեց դրան մասնակցությունից, նույնիսկ երբ հրաժարական տվեց Լիզ Թրասը։

Ինչպես գրում է The Times-ը, պաշտպանության նախարարի պաշտոնին ամենահավանական թեկնածուների շարքում են Թագավորության ֆինանսների փոխնախարար Ջոն Գլենը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Էն Մարի Թրևելյանը, ներքին գործերի նախարարի տեղակալ Թոմ Թուգենդհաթը։

Լուսանկարը՝ James Manning/PA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter