HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան Երևանին ու Բաքվին կոչ է անում խաղաղության գործընթացին չներգրավել երրորդ երկրների

Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում Մոսկվայում կազմակերպել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի թեմայի քննարկման համար ու կոչ անում այդ գործընթացում չներգրավել երրորդ երկրների։

«Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարների եռակողմ հանդիպում՝ քննարկելու բարձր մակարդակով ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին Մոսկվայում կարող է հաջորդել հայ-ռուս-ադրբեջանական գագաթնաժողովը՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման համար»,- հայտարարել են ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունում։

ՌԴ ԱԳՆ-ն նշում է, որ Մոսկվան հարգանքով է վերաբերվում «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու Հայաստանի որոշումը, սակայն դա արմատապես փոխել է այն հիմնարար պայմանները, որոնց ներքո ստորագրվեց Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ինչպես նաև տարածաշրջանում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի իրավիճակը»։

«Կարծում ենք, որ այս պայմաններում չպետք է Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը բարդել երրորդ երկրների վրա։ Պետք է անհապաղ սկսել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը՝ հենվելով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։ Ելնում ենք նրանից, որ սույն Համաձայնագրի անբաժանելի մաս պետք է դառնան Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության հուսալի ու հստակ երաշխիքները, ինչպես նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի անշեղ կատարումը, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկը»,- հավելել է ՌԴ ԱԳՆ-ն՝ ակնարկելով, որ իր համար ընդունելի է միայն բանակցությունների ռուսական ձևաչափը։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի վերաբերյալ, որը, ըստ ՌԴ ԱԳՆ-ի, «զարգանում է բացասական սցենարով»։ «Այդ տարածքում խորանում է հումանիտար ճգնաժամը։ Տեղի բնակչությունը սննդի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների սուր պակաս է զգում, գործնականում զրկված է էլեկտրականությունից և գազամատակարարումից։ Դա կարող է ամենադրամատիկ հետևանքներն ունենալ Ղարաբաղի հայերի՝ տարածաշրջանի շարքային բնակիչների համար»,- նշվում է հայտարարության մեջ։ 

Ռուսական կողմը Ադրբեջանին կոչ է արել նաև անհապաղ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ, վերականգնել այնտեղով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմ անարգել երթևեկությունը, ինչպես նաև վերականգնել էներգամատակարարումը։

Հիշեցնենք, որ այսօր Բրյուսելում ընթանում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Ինչպես ավելի վաղ, հայտնի էր դարձել, այսօրվա բանակցությունների ուղղություններից մեկը կլինի նաև Արցախում հումանիտար ճգնաժամն ու արցախահայության անվտանգության ապահովումը։

Լուսանկարը՝ Sputnik / Алексей Майшев

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter