Դատարանն ու «Կյանքի խոսքը» կսպասեն Հայկ Բաբուխանյանի փոխարինողին
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք» թերթի գործով դատական նիստը:
Այսօր կողմերն արդեն դատաքննության փուլ անցան, սակայն նախքան հայցվորի կողմից ապացույցների ներկայացումը, պատասխանողի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը դատարանին հայտնեց, որ պատասխանող «Իրավունք» թերթի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանը դարձել է Ազգային ժողովի պատգամավոր, ինչը նշանակում է, որ նա այլևս թերթի հետ կապ չունի: Լ. Բաղդասարյանին որպես պատասխանողի ներկայացուցիչ լիազորել էր Հայկ Բաբուխանյանը, բայց քանի որ «Իրավունք» թերթը դեռ չունի Հայկ Բաբուխանյանին փոխարինող, Լ.Բաղդասարյանի ներկայացուցչության հետ կապված հարցը մնում է չլուծված, քանի որ նոր նախագահը պետք է լիազորի պատասխանողի ներկայացուցչին:
Հայցվորը չառարկեց պատասխանողի միջնորդությանը:
Դատարանը բավարարեց այն, միևնույն ժամանակ ավելացնելով, որ պատասխանող կողմը բարեխիղճ չի գտնվել, քանի որ ԱԺ ընտրությունները անցկացվել են դեռ 1 ու կես ամիս առաջ, և պարտավոր էր ողջամիտ ժամանակահատվածում գտնել փոխարինող, որպեսզի անհարկի նիստը չհետաձգվեր:
Հայցվորի ներկայացուցիչ Ավետիք Պապինյանը դատարանին հանձնեց վիճարկվող հոդվածի վերաբերյալ ռուսաստանյան մասնագետների եզրակացությունը, բայց քանի որ Լ.Բաղդասարյանն այլևս լիազորված ներկայացուցիչ չէր, նրա կարծիքը դատարանը չլսեց և ընդունեց ներկայացված միջնորդությունը:
Սույն գործով հերթական նիստի օր նշանակվեց հուլիսի 12-ը:
Մեկնաբանել