
Հարավային Կորեայում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 33-ի
Հարավային Կորեայում հորդառատ անձրևների հետևանքով, որոնք սողանքներ են առաջացրել, արդեն 33 մարդ է զոհվել։ Ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, փրկարարները Չհոնջու քաղաքի ջրասույզ եղած թունելից հանել են 7 մարմին։ Նախօրեին 15 տրանսպորտային միջոց հայտնվել էր ջրային թակարդի մեջ։
Փրկարարական աշխատանքներում ներգրավված է մոտ 400 փրկարար։ Ինչպես ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հարավային Կորեայի հրդեհային ծառայության պաշտոնական ներկայացուցիչը, թունելից փրկվել է 9 մարդ։ Ելնելով հարազատների հայտարարություններից, ըստ կորեացի պաշտոնյայի, առնվազն 11 մարդ համարվում է անհետ կորած։
Սակայն ջրասույզ եղած թունելում գտնվող մարդկանց ճշգրիտ թիվը մինչ այս պահը հայտնի չէ։ Կորեացի պաշտոնյան նշել է, որ ցեխով լցված ջուրը, որի մակարդակը թունելում գերազանցում է 4 մետրը, ամբողջությամբ դուրս մղելու համար կարող է մի քանի ժամ պահանջվել:
Հուլիսի 9-ից Հարավային Կորեայում հորդառատ անձրևներ են։ Այդ երկրի ներքին գործերի և անվտանգության նախարարության տվյալներով՝ վերջին մի քանի օրերին հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է ավելի քան 6100 մարդ, իսկ 27 260 ընտանիք մնացել է առանց էլեկտրականության։ Ջրի տակ են անցել կամ վնասվել տասնյակ տներ։ Առնվազն 22 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հարավային Կորեայի օդերևութաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրի որոշ շրջաններում հորդառատ անձրևները կշարունակվեն։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել