HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պայթյունի հետևանքով դարձյալ վնասվել է Ղրիմի կամուրջը

Ղրիմի կամրջի վրա հուլիսի 17-ի գիշերը պայթյուն է եղել։ Սոցիալական ցանցերը, ինչպես նաև բլոգերները, որոնք աջակցում են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը, հայտնել են, որ կամրջի վրա երկու պայթյուն է գրանցվել, որից մեկը՝ 03:04-ին, իսկ մյուսը՝ 03:20-ին։

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը հայտարարել է, որ գիշերը 04:21-ին կամրջի վրա, «արտակարգ պատահարի հետևանքով», կանգնեցվել է երթևեկությունը։ Ի սկզբանե կամրջի վրա դադարեցվել էր նաև գնացքների երթևեկությունը, որը վերականգնվել է միայն առավոտյան 08:40-ին։ Ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ բոլոր ծառայությունների աշխատանքի համակարգման համար։

Ռուսական Readovka պարբերականը վարկած էր առաջ քաշել այն մասին, որ կամուրջը հրթիռակոծվել է, որի հետևանքով Կրասնոդարի երկրամասի կողմից կամրջի 145-րդ հենարանը ավերվել է, իսկ երկու թռիչք (կամրջամաս)՝ փլուզվել։

Ղրիմի խորհրդարանի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը պնդում է, որ կամուրջը հարձակման է ենթարկվել ուկրաինական ուժերի կողմից։ ՌԴ իրավապահ մարմինները և պաշտպանության նախարարությունը տեղի ունեցածի պատճառները դեռևս չեն մեկնաբանել։

Ռուսական իշխանությունների տվյալներով՝ երկու մարդ զոհվել է։ Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի խոսքով՝ ընտանեկան զույգը Բելգորոդի մարզից էր, իսկ նրանց դուստրը ստացել է միջին աստիճանի մարմնական վնասվածքներ։ Mash-ի տվյալներով՝ 14-ամյա աղջնակը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այս պահին կամրջի վրա ավտոճանապարհը չի գործում։ Կանգնեցվել է նաև լաստանավային երթևեկությունը։ Վարորդներին առաջարկում են Ղրիմ հասնել Ուկրաինայի բռնազավթված տարածքներով՝ անցնելով Մարիուպոլով, Բերդյանսկով և Մելիտոպոլով։

«Украинская правда»-ն և «РБК-Украина»-ն, հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության իր աղբյուրներին՝ հայտնում են, որ Ղրիմի կամրջի վրա հարձակումը Ուկրաինայի հատուկ ծառայությունների և ռազմածովային ուժերի հատուկ գործողությունն է։ Զրուցակիցների խոսքով՝ հարձակումն իրականացվել է վերջրյա անօդաչուների օգնությամբ։

«Կամրջին հասնելը բարդ էր, բայց վերջ ի վերջո դա հաջողվեց անել»,- հայտնել է «РБК-Украина»-ի աղբյուրը։ Ուկրաինայի անվտանգության ծառայությունում տեղեկությունը չեն մեկնաբանել։

Ուկրաինայի ռազմական հետախուզությունը հրաժարվել է մեկնաբանել Ղրիմի կամրջի շուրջ իրավիճակը, սակայն կամուրջն անվանել է «ավելորդ կոնստրուկցիա»։

Պայթյունից շուրջ մեկ շաբաթ առաջ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ուկրաինական բանակը փորձել է հարձակվել Ղրիմի կամրջի վրա։ Ռուսական պաշտպանական գերատեսչությունը պնդում էր, որ ուկրաինացի զինվորականները հուլիսի 9-ին Ղրիմի, Ռոստովի և Կալուգայի մարզերի թիրախների ուղղությամբ արձակել էին «С-200-ի զենիթային հրթիռներ»։ ՀՕՊ ուժերը խոցել էին 4 հրթիռ։

Հիշեցնենք, որ 2022-2023 թվականներին Ղրիմի կամրջի վրայով երթևեկությունը սահմանափակվել էր՝ 2022 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Նախորդ պայթյունի համար ռուսական իշխանությունները մեղադրում էին ուկրաինական ռազմական հետախուզությանը, իսկ Կիևում դա հերքում էին, սակայն Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն այս տարվա հուլիսին Ղրիմի կամրջի պայթյունը ներառեց Ուկրաինայի զինված ուժերի հաջողությունների շարքում։

Վերջին շաբաթներին Ղրիմի կամրջի մոտ ձևավորվել էին բազմակիլոմետրանոց հերթեր։ Պատճառը մարդատար բոլոր մեքենաների ստուգումն էր Ղրիմ մտնելուց առաջ։

Կոլաժը՝ 24 Канал-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter