HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախի նախագահը միանում է Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քաղաքացիների սկսած նստացույցին։ Այս մասին Հարությունյանը հայտնեց իր ուղերձում։

«Սա լրացուցիչ ճիգ ու ահազանգ է միջազգային գործնական ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը՝ կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»,- նշեց նա։

Արցախի նախագահի խոսքով՝ շրջափակման հետևանքով առկա է սննդի, վառելիքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության պարագաների մեծ սղություն, գյուղատնտեսական աշխատանքները գրեթե ամբողջությամբ դադարեցվել են, հանրային տրանսպորտի գործունեության ծավալները խստիվ կրճատվել են, շուտով այն կդադարի գործել, ջրի ու կապի ենթակառուցվածքների շարունակական խափանումներ են տեղի ունենում, երեխաները, հղիները և այլ խոցելի խմբեր թերսնված են։

«Անընդունելի համարելով 2020թ. պատերազմը, դրա վարման հանցավոր մեթոդները և հետևանքները՝ միևնույն ժամանակ ստիպված հաշվի ենք նստում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձևավորված նոր իրողության հետ՝ հույս ունենալով, որ գոնե դա տևական ժամանակ կապահովի որոշակի կայուն միջավայր մեր ժողովրդի՝ սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ գոյության համար»,- ասաց Հարությունյանը՝ նշելով, որ դրանից հետո տեղի ունեցան մի շարք ռազմական ագրեսիաներ Ադրբեջանի կողմից, շրջափակում, այնուհետև՝ լրիվ պաշարում։

Ըստ նրա՝ այս նստացույցով ակնկալում են, որ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Եվրամիությունը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ու այլ լիազոր մարմիններ, ինչպես նաև բոլոր մնացած դերակատարները զերծ կմնան առաջին հերթին Ադրբեջանի հետագա ագրեսիվ ու հանցավոր գործողությունները խրախուսելուց և անտեսելուց, այնուհետև կկատարեն իրենց պարտավորությունները եռակողմ հայտարարության, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումների և միջազգային այլ պայմանավորվածությունների պատշաճ կատարման ուղղությամբ։

«Մայր հայրենիքում և Սփյուռքում բնակվող հայ ժողովրդի բոլոր հատվածներից ակնկալում ու խնդրում ենք, որ բոլոր հնարավոր գործողություններին դիմեն՝ որոշում կայացնողների ուշադրությունը հրավիրելու և Արցախին աջակցող գործնական քայլեր կատարելու ուղղությամբ։

Այդ համատեքստում ողջունելի է վերջին օրերին մեկնարկած համաժողովրդական շարժումը։ Այն բոլոր արցախցիների սրտերից ու հոգիներից բխած շարժում է, որի պատշաճ շարունակությանն ու զարգացմանն ենք սպասում ողջ հայ ժողովրդի շրջանում։

Վստահ եմ, որ տարբեր երկրներում նստացույցերի, բողոքի ու իրազեկման այլ զանգվածային արշավների միջոցով հնարավոր է շոշափելի արդյունք ապահովել այս պայքարում։ Միջազգային հանրությունը պետք է զգա հայ ժողովրդի վճռական կամքն ու սատարումը Արցախին, քանի որ Արցախի՝ հայկական ու արժանապատիվ ապագայի բանալին հենց հայ ժողովրդի ձեռքերում է։ 

Մեկնարկած նստացույցին միանալն իմ սահմանադրական, քաղաքացիական ու ազգային պարտավորությունների կատարմանն ուղղված ծայրահեղ քայլ է, այս իրավիճակում ես ավելի արդյունավետ այլ տարբերակ չեմ գտել»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ վստահեցնելով, որ այն որևէ կերպ, էականորեն չի ազդելու պետական կառավարման համակարգի գոծունեության վրա։

«Այս օրերի ընթացքում հնարավորություն կունենամ Վերածննդի հրապարակում շփվել համաժողովրդական շարժման, հասարակության և քաղաքական համակարգի բոլոր հիմնական դերակատարների ու խմբերի հետ, միասին քննարկել անելիքները և որոշումներ կայացնել։ Եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ կայուն ու բնականոն հուն, ապա դրանից հետո դիմելու ենք ավելի կոշտ գործողությունների և Արցախում, և դրանից դուրս»,- եզրափակեց Արցախի նախագահը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter