HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուբեն Հակոբյանի երեք հարցը

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի ելույթը 5-րդ գումարման Ազգային Ժողովի արտահերթ նիստի ընթացքում 

Հարգելի խորհրդարան, կառավարության որեւէ ծրագիր նախ պետք է պատասխանի երեք հիմնական հարցերի`

1. ինչքանո՞վ է այդ ծրագիրը համարժեք իրականությանը, այսինքն՝ ինչքանով է ծնված իրականությունից,

2. ինչքանո՞վ են իրական եւ համոզիչ այն մեխանիզմներն ու գործիքները, որոնցով կառավարությունը պետք է իրականացնի այդ ծրագիրը,

3. գործող համակարգը արդյոք կենսական տարածք ստեղծո՞ւմ է տվյալ ծրագրի իրականացման համար:

Եւ միայն այս երեք հարցերին պատասխանելուց հետո պետք է վերաբերմունք արտահայտել տվյալ ծրագրի նկատմամբ: Մեր խորհին համոզմամբ Ծրագիրը չի պատասխանում այս երեք հարցերին: Հարց է առաջանում, իսկ որտեղից հայտնվեց այս կառավարությունը: Պատասխանում եմ` այս Կառավարությունը ծնվեց 20-22 տարի առաջ, եւ, որպես մեկ  օրգանական միասնության շարունակեց եւ շարունակում է իր գործունեությունը մինչեւ այսօր: Իրականությունն այն է, որ այն արժեքային համակարգը, որ մեր անկախ պետության սկզբին ձեւավորեց առաջին իշխանությունը, շարունակեց զարգանալ եւ ամրանալ մյուս բոլոր Կառավարությունների ժամանակ: Եւ եթե այս տարիների ընթացքում այդ Կառավարություններին հաջողվել է ինչ-որ բան ստեղծել, ապա դա պրոֆեսիոնալ կոռուպցիոն համակարգն է, որն, ըստ էության, փոխարինում է պետական կառավարման համակարգին, որը խժռում է մեր պետականությունը, բարոյականությունը, մեր երեխաների ապագան, խժռելու է նաեւ այս ծրագիրը: Սա է, որ թույլ չի տալիս պետության զարգացումը: Երեկ մի քանի անգամ օգտագործվեց «դասագրքային ճշմարտություն» եզրույթը. ես էլ եմ ուզում օգտագործել այն: Իսկապես, դասագրքային ճշմարտություն է, որ կոռուպցիան իշխանական, իսկ ավելի ստույգ` բարձրագույն իշխանական երեւույթ է: Դա նշանակում է` եթե որեւէ պետության մեջ Նախագահը, Ազգային Ժողովի նախագահը, Վարչապետը, իրավական համակարգի ղեկավարներն ընդգրկված չեն կոռուպցիայիում, կամ չեն ղեկավարում կոռուպցիան, ապա գլուխը պատովը կտա որեւէ չինովնիկ, ով ոտքը վերմակից դուրս կհանի եւ կմտնի կոռուպցիոն դաշտ:

Վստահ եմ, որ դուք համաձայն եք դրան: Կան համաշխարհային պրակտիկայում օրինակներ, որոնք ապացուցում են այս պարզագույն ճշմարտությունը: Ես հաճախ եմ դիմում Սինգապուրի օրինակի օգնությանը, հիմա էլ պետք է վկայակոչեմ այն: Անցյալ դարի 60-ական թվականներին Սինգապուրը դիտվում էր բանանային պետություն, թափառում էր երրորդ-չորրորդ աշխարհներում, թաղված էր կոռուպցիայի, կաշառակերության մեջ: Հանգամանքների բերումով բարձրագույն իշխանության ղեկին հայտնվեցին մի քանի առողջ մարդիկ, որոնք ոչ թե հոտնկայս բաժակաճառային հայրենասերներ էին, այլ իսկապես սիրում էին իրենց հայրենիքը եւ երդումով պայմանավորվեցին փրկել երկիրը վերահաս աղետից:

Եւ գիտեք, նրանց ծրագիրը մի 3-4 էջից բաղկացած փաստաթուղթ էր, բայց տղամարդավարի պայմանավորվեցին, որ  իշխանությունը չեն օգտագործելու իրենց անձնական շահի համար, կապահովեն օրենքի գերակայությունը, ինչը եւ իրականացրեցին: Եւ ստացվեց այնպես, որ երկու տասնամյակ հետո Սինգապուրը դարձավ զարգացած պետություն, իսկ երեք տասնամյակ հետո այն դասվեց աշխարհի լավագույն 15 պետությունների շարքին: Այս 22 տարիների ընթացքում, ցավոք, մեր ժողովուրդը բախտ չունեցավ ունենալ այդպիսի իշխանություն, բախտ չունեցավ ունենալ իշխանություն, որն իմունիտետ ունի փողի, քծնանքի, աթոռի նկատմամբ: Եւ մենք այսօր ունենք այն, ինչ ունենք: Չեմ ուզում թվերի հետեւից ընկնել, բայց միայն այն փաստը, որ նվազագույն զամբյուղը կրկնակի անգամ թանկ է նվազագույն աշխատավարձից, որ աղքատությունն իրականում 50-ից ավելի տոկոս է կազմում, ինչը հասարակությանը լյումպենացնելու համար պարարտ հող է ստեղծում, կամ այն փաստը, որ այսօր արտագաղթի չափերն ուղղակիորեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը, սրանք արդեն բավարար են այդ Կառավարություններին իրական գնահատականներ տալու համար: Ի դեպ, եթե նկատեցիք, ես մենք-ով եմ խոսում, որովհետեւ գտնում եմ, որ մենք բոլորս ենք մեղավոր ստեղծված իրավիճակի համար: Ես հավատում եմ այն աֆորիզմին, որ յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Կապ չունի, որ կան մարդիկ, ովքեր վիրավորվում են այս համեմատությունից: Բայց հաշվի է առնվում տվյալ ժողովրդի հավաքական նկարագրի միջին թվաբանական որակը: Մենք այսօր ունենք, իսկապես, այն իշխանությունը, ինչին արժանի ենք: Ինձ համար անընդունելի է, որ գլխավոր խնդիրները թողած, խորքը թողած, մակերեսի վրա ուզում ենք ինչ-որ բաներ ասել, մեղադրել մեկս մյուսին: Այս 2 օրը մենք դրանով ենք զբաղված:

Հարգելի Իշխանություն, գիտեք` դուք ընդդիմությանը հրել եք անկյուն, լուսանցքից դուրս, չեք թողնում որեւէ գործառույթ իրականացնել, եւ ակնկալում եք, որ ընդիմությունը դրական վերաբերմունք կցուցաբերի ձեր ծրագրի նկատմամբ: Չի ցուցաբերի: Ով-ով, բայց դուք լավ գիտեք, հարգելի Վարչապետ, որ կան պետություններ, որտեղ Խորհրդարանում ամբողջ ֆինանսաբյուջջետային հանձնաժողովը տրված է ընդդիմությանը, որպեսզի այն վերահսկի այդ կարեւորագույն ոլորտը, դառնա հակակշիռ իշխանությանը: Կան պետություներ, որտեղ Վերահսկիչ պալատն ամբողջությամբ կամ մասամբ վերապահված է ընդդիմությանը: Վստահ եմ, որ այս բոլորի մասին դուք գիտեք, բայց պինդ պահել եք այդ ֆունկցիաները Ձեր ձեռքին եւ ակնկալում եք ընդդիմությունից համագործակցության արձագանք: Ընդդիմության նկատմամբ ձեր վերաբերմունքից ոգեւորված, քիչ առաջ մեծամասնությունից մի պատգամավոր ելույթ ունեցավ, որի խոսքը ավելի շատ ընդդիմության հասցեին մեղադրական եզրակացություն էր:  Եւ ընդամենն այն բանի համար, որ ընդդիմությունը կասկածի տակ է առնում Կառավարության  ծրագիրի իրականացման հնարավորությունը: Այդ պատգամավորներին խորհուրդ կտամ չօգտվել այն հանգամանքից, որ իշխանությունն իմունիտետ չունի քծնանի նկատմամբ: Սա քաղաքական ամբիոն է, քծնանքի ամբիոն չէ:

 «Ժառանգություն» խմբակցությունն առաջարկում է ԱԺ-ում ձեւավորել Կոռուպցիայի դեպքերն ուսումնասիրող` հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով: Դուք կասեք, թե այդպիսի հանձնաժողով արդեն գործում է, կարծեմ, մեկն էլ Դուք եք ղեկավարում, հարգելի Վարչապետ: Այդպիսի հանձնաժողով ուներ նաեւ Նախագահի աշխատակազմը: Այդ հանձնաժողովների գործունեության արդյունավետությունը ցույց տվեց, թե ինչպիսին չպետք է լինի հանձնաժողովը: Դուք անբնական մի բան եք անում` այն ճյուղը, որի վրա նստած եք, համոզում եք մեզ, որ  պատրաստ եք կտրել: Դա բնական չի: Այս հանձնաժողովի միջոցով, թույլ տվեք, ընդդիմության համար ձեր խոհանոցում, որն ամուր փակել եք ընդդիմության առջեւ, բացել մի փոքր պատուհան: Իսկ այդ խոհանոցում կատարվում են մեր պետականության նկատմամբ սարսափելի բաներ:

Այդտեղ է ձեւավորվում ստվերային տնտեսությունը, որի շրջանառությունը հասնում է Ազգային բյուջեի շուրջ 50 տոկոսին, այդտեղ ձեւավորվում է մենաշնորհը, որը խժռել է մանր եւ միջին բիզնեսը: Դուք լավ գիտեք, որ նորմալ, զարգացած պետություններում երկրրի զարգացման օրակարգը ձեւավորում է միջին խավը: Մենք չունենք միջին խավ, որովհետեւ չունենք միջին եւ մանր բիզնես: Մենք խիստ բեւեռացած հասարակություն ենք ձեւավորել: Երեւի կասեք, իսկ ինչ երաշխիք կա, որ ընդդիմությունն ավելի մաքուր է, ավելի արդար կլինի, իմունիտետ կունենա փողի եւ այլնի նկատմամբ: Համաձայն եմ: Բայց  ես կառույցի մասին եմ խոսում: Եւ եթե վաղը, մյուս օրը ընդդիմությունը  դառնա իշխանություն, իսկ դուք կունենաք քաղաքական կամք` դառնալու ընդդիմություն, այդ հանձնաժողովները, այս դեպքում, դուք կհամալրեք: Պարզ քաղաքագիտական տեխնոլոգիաներ են. իշխանությունը պետք է ունենա իր մեջ հակակշռելիության մեխանիզմներ, որոնք այսօր իսպառ բացակայում են: Նաեւ համաշխարհային փորձն ունի նման օրինակ: Բերեմ Ռուսաստանի օրինակը: Երբ 20-րդ դարի սկզբներին կաշառակերությունը խեղդամահ էր անում Ռուսաստանը, ցար Նիկոլայ 2-րդ  որոշեց ստեղծել հանձնաժողով, որը պետք է վերջ տար այդ երեւույթին: Բայց որովհետեւ այն կերակրամանի մոտ կանգնած մարդկանցով ձեւավորեց, երկու-երեք տարի հետո, այդ հանձնաժողովի գործունեության արդյունքում, կրկնակի ավելացավ կաշառակերության չափը: Նույն այսօր մեզանում է արվում: Սա է, որ մեր պետականության հերն անիծել է:

Այսօր կոռուպցիան պայքար է հայտարարել ինտելեկտին, մշակույթին, բարոյականությանը, մեր երեխաների ապագային, մեր պետականությանը: Սա ակնհայտ ճշմարտություն է, եւ բոլորս գիտենք այդ մասին: Եւ քանի դեռ մենք  չենք գիտակցել այս իրավիճակը եւ միասին իրական լծակներով չենք պայքարելու այս հրեշի դեմ, ինչպես Սինգապուրում այդ տղեքն արեցին, մենք ոչնչի չենք հասնի: Չգիտեմ` ինչքանով եք դուք պատրաստ, բայց «Ժառանգությունը» պատրաստակամություն է հայտնում պատասխանատվություն ստանձնելու` խորհրդարանական ընդդիմության հետ միասին ձեւավորելու Հակակոռուպցիոն հանձնաժողով, որը կարծում եմ, ինչ-որ չափով կհակակշռի իշխանությանը: «Ժառանգություն» խմբակցությունը, որը ձեւավորված է «Ժառանգություն» եւ «Ազատ-Դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչներից, կուզենար կողմ քվեարկել Կառավարության ծրագրին, որովհետեւ, ճիշտ է ասում Աշոտյանը` եթե կործանվելու ենք, ապա բոլորս միասին ենք կործանվելու` նույն նավի վրա ենք գտնվում: Բայց որովհետեւ իրականության հետ կապ չունի այդ ծրագիրը, չի պատասխանում մեր հասարակությանը նետված մարտահրավերներին, մենք դեմ ենք քվեարկելու ներկայացված փաստաթղթին: 

«Ժառանգություն» խմբակցության լրատվական ծառայություն

Մեկնաբանություններ (1)

Ընթերցող
Մենք ինչքան էլ վատ ղեկավարություն ունենանք, միևնույն է արդյունքում ունենք: Վատ ղեկավարությունը նրանով է վատ, որ չի տիրապետում իրավիճակին: Ինչքան էլ չտիրապետեն, միևնույն է էլի ինչ-որ չափով տիրապետում են, բայց պետություն հասկացությունը ղեկավարության ուղեղում չի տեղավորում, հո զոռով չի: Որքան կարելի է հասկանալ ցանկացած պետության մեջ իրավիճակին լավ են տիրապետում տվյալ երկրի անվտանգության ծառայությունները: Տրամաբանական է, որ վերջիներս պետք է որ իրենց ինֆորմացիաները ստանան գրագետ ու նվիրված մարդկանց միջոցով, հակառակ դեպքում նրանք` անվտանգության աշխատակիցները ավելորդություններ են դառնում, ուստի այսօրվա ստեղծված իրավիճակից դուրս գալու համար այդ գրագետ ու նվիրված մարդկանց պետք է պաշտոններ տալ: Սա է միակ ճանապարհը: Նախագահը պետք է հասկանա, որ միայն դինամիկ մտածող մարդիկ կարող են իրեն փրկել, թե չէ եթե հույսը դրեց գալուստրիկներին, կամ ...մազանովներին, սուրիկներին, կամ կով ալներին, կամ այս կամ այն ինֆանտիլներին, ուրեմն ընդիմությունը երկիրը կհասցնի անկանխատեսելի իրավիճակի: Հիշեք մի բան, հիմա իշխանությունը եթե տրվի ընդիմությանը, ապա մենք սրընթաց կորած ենք ազգովի: Միայն ու միայն կարծում եմ իմ ասած տարբերակն է ճիշտ: Գիտեմ, որ ինձ լսող չկա, բացի Աստծուց, բայց ինչ արած, հո հեռվից չեմ դիտելու, թե ինչպես է քանդվում Նարեկացու, Անդրանիկի, Թումանյանի, Չարենցի, կամ Շանթի, կամ, կամ,....որն ասեմ, երկրիը: Տեր Աստված երկրի նախագահի ականջին մի բան շշնջա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter