
Էմանուել Մակրոնը մտադիր է փոփոխություններ անել ֆրանսիական կառավարության կազմում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջիկայում փոփոխություններ կկատարի կառավարության կազմում։ Ընդ որում՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը կպահպանի իր պաշտոնը: Այդ մասին հայտնել է BFMTV-ն՝ հղում անելով Ելիսեյան պալատի իր աղբյուրին։
Վերջինիս տվյալներով՝ Ֆրանսիայի առաջնորդը մինչև շաբաթվա վերջ կհայտարարի կառավարությունում փոփոխությունների մասին:
«Գործադիր իշխանությունը պետք է աշխատի և պատրաստվի նոր ուսումնական տարվա մեկնարկին։ Կայունության և առարկայական աշխատանքի ապահովման համար նախագահը որոշում է կայացրել չփոխել վարչապետին», - իր աղբյուրի խոսքը մեջբերել է հեռուստաալիքը։
Ավելի վաղ Մակրոնը կառավարության կազմում հնարավոր վերադասավորումների մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի ֆոնին բազմիցս ընդգծել էր, որ վարչապետ Բորնը վայելում է իր լիակատար վստահությունը: Կենսաթոշակային բարեփոխումների ընդունումից հետո, որը լայնածավալ բողոքի ալիք բարձրացրեց ողջ երկրում, Ֆրանսիայի նախագահը վարչապետին 100 օր ժամանակ տվեց կառավարության գործունեությունը «վերագործարկելու» համար: Այդ ժամկետը լրացել է հուլիսի 14-ին։ Ֆրանսիական կառավարության ղեկավարը մտադիր է առաջիկայում ներկայացնել կատարված աշխատանքի արդյունքները։
Մեկնաբանել