Sololearn, Picsart, Webb Fontaine. պետական աջակցություն ստացած ՏՏ ընկերություններից մի քանիսում աշխատակիցներ են կրճատվել
Պետական աջակցություն ստացած ՏՏ ընկերություններից մի մասում աշխատակիցների թիվը կրճատվում է։ Այս մասին են վկայում Պետական եկամուտների կոմիտեից «Հետք»-ի ստացած տվյալները։
2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը որոշում ընդունեց 10 մլրդ դրամ պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտում գործող կազմակերպություններին։ Նպատակը՝ «փրկել» ՏՏ ընկերություններին, որոնք տուժել էին դոլարի անկումից։
Չնայած, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հրաժարվեցին տրամադրել աջակցություն ստացած ընկերությունների ցանկը, սակայն հաջողվեց բաց տվյալներից հավաքագրել 111 ընկերության պայմանագրերը (321 ընկերություններից)։
Մեր նախորդ հրապարակումներից մեկին ի պատասխան, որտեղ ներկայացրել էինք այդ ընկերությունները ու նրանց ստացած աջակցության չափերը, ոլորտի ներկայացուցիչներից արձագանք ստացանք, որ այդ ցանկում ներառված որոշ ընկերություններ կրճատել են իրենց աշխատակիցներին։ Մինչդեռ այս աջակցության հայտարարված նպատակներից մեկն այն էր, որ ընկերությունները հետագայում պահպանեն իրենց աշխատակիցների քանակն ու աշխատավարձերը։
«Աջակցության տրամադրումը հնարավորություն կընձեռի պահպանել աշխատատեղերը՝ միաժամանակ չկրճատելով աշխատակիցների աշխատավարձերը, որով պոտենցիալ կստեղծվի կազմակերպությունների ադապտացվելու և ապագայում զարգանալու համար»,- 2022 թվականի դեկտեմբերի 1-ի Կառավարության նիստին հայտարարել է ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
«Պիկսարտ», «Սոլոլըռն Առէյ», «Վեբբ Ֆոնտեն հոլդինգ» և այլն. կրճատումները ընկերություններում
Պետական եկամուտների կոմիտեից ստացված տվյալները ցույց են տալիս, որ վերջին մեկ տարում՝ 2022 թվականի մայիսից մինչև 2023 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում կրճատումներ են եղել ամենամեծ չափով աջակցություն ստացած երկու ընկերությունում «Պիկսարտ»-ում և «Էներջայզ գլոբալ սերվիսիզ»-ում, ինչպես նաև՝ «Սոլոլըռն Առէյ», «Վեբբ Ֆոնտեն հոլդինգ», «Դիսքօ ԷՅ ԷՄ» և այլ ընկերություններում։
Այս որոշման շրջանակներում աջակցություն համար դիտարկվող բազային ժամանակահատվածը 2022 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներն են, և հայտերն ընդունվել են նշված չորս ամսվա վճարված եկամտային հարկի հաշվարկների հիման վրա աջակցության տրամադրման նպատակով։
Հարցման պահին դիտարկված ընկերությունների աշխատակիցների թվի վերաբերյալ ամենաթարմ վիճակագրությունը ՊԵԿ-ում այս տարվա մայիսի տվյալներն են։ Ստացել ենք 2023 թվականի մայիսի, մեկ տարի առաջ ընկած ժամանակահատվածի՝ 2022 թվականի մայիսի և 2022 թվականի սեպտեմբերի՝ աջակցության համար սահմանված ժամանակահատվածի վերջի, տվյալները։ Այդպիսով երևում է, թե քանի աշխատակից են ունեցել ընկերությունները մեկ տարի առաջ, աջակցության ստացման բազային ամսում և այսօր։
Ծրագրի շրջանակներում 400 մլն դրամ աջակցություն ստացած «Պիկսարտ» ՍՊԸ-ն 2022 թվականի մայիսին ունեցել է ընդհանուր առմամբ 859 աշխատող, որից 783-ը՝ վարձու հիմունքներով աշխատողներ, 78-ը՝ պայմանագրային հիմունքներով (պայմանագրային և վարձու հիմունքներով աշխատակիցների քանակի հանրագումարը երբեմն մեծ է լինում ընդհանուր աշխատողների քանակից, քանի որ նույն աշխատակիցը կարող է միաժամանակ և՛ վարձու, և՛ պայմանագրային հիմունքներով աշխատել):
Այս տարվա մայիսի դրությամբ ընկերության ընդհանուր աշխատակիցների քանակը 174-ով պակաս է։ Կրճատվել է և՛ վարձու, և՛ պայմանագրային աշխատողների թիվը։ Հիշեցնենք, որ «Պիկսարտ»-ի հիմնադիրը Հովհաննես Ավոյանն է, որը հայկական ՏՏ ոլորտի հնաբնակներից է։ Աշխատակիցների կրճատման վերաբերյալ մեր գրավոր հարցմանը Հ․ Ավոյանը չի պատասխանել։
Աշխատակիցների էական կրճատում կա «Սոլոլըռն Առէյ» ՍՊ (Sololearn) ընկերությունում, որը ստացել է 142 մլն դրամի աջակցություն: Եթե նախորդ տարվա սեպտեմբերին ընկերությունն ունեցել է 109 գրանցված աշխատակից, ապա այս տարվա մայիսին՝ 39: Այս ընկերության տնօրենը ՏՏ ոլորտում հայտնի Եվա Հյուսյանն է։ Լnkedin-ում նշված է նաև, որ Եվա Հյուսյանը, Sololearn-ի համահիմնադիրն է։
Կրճատումներ են եղել նաև 202.5 մլն դրամ ստացած «Վեբբ Ֆոնտեն հոլդինգ» ՍՊԸ-ում (Webb Fontaine)։ Ընդ որում՝ կրճատվել են ինչպես վարձու, այնպես էլ պայմանագրային հիմունքներով աշխատողները (աշխատակիցների քանակը՝ ինֆոգրաֆիկայում):
Այս և հոդվածում հիշատակվող մյուս ընկերություններում գերակշռում են վարձու հիմունքներով աշխատողները։
«Էներջայզ գլոբալ սերվիսիզ» ՓԲԸ-ն (EGS), որը ևս 400 մլն դրամի աջակցություն է ստացել, աշխատակիցներ է կրճատել։ Ընդհանուր աշխատողների թիվը կրճատվել է վարձու հիմունքներով աշխատողների հաշվին։ Ընկերության 53% բաժնետոմսերը, ըստ իրական շահառուների հայտարարագրի, պատկանում են ամերիկահայ Ռիչարդ Բեզջյանին։ Նա «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Վարձու աշխատողների կրճատումներ են նաև «Դիսքօ ԷՅ ԷՄ» ՍՊ ընկերությունում, որը ստացել է 158 մլն դրամի աջակցություն։
Վարձու աշխատողների ոչ մեծ չափով կրճատումներ կան նաև «Նեյշնլ Ինսթրումենթս ԷՅԷՄ» ՍՊ ընկերությունում։
«Դիջլաբս» ընկերությունը չունի պայմանագրային աշխատողներ, իսկ վարձու աշխատողների քանակը գրեթե նույնն է մնացել։
Պայմանագրային աշխատողների քանակի աճ է գրանցել «Կրիսպ»-ում (Krisp), սակայն, միևնույն ժամանակ, ընկերության վարձու աշխատակիցների թիվն է կրճատվել։
Կան նաև ընկերություններ, ինչպես «ՍերվիսԹայթան Արևելք»-ը (ServiceTitan), որոնց աշխատակիցները ավելացել են։
Այն ընկերությունները, որոնք ներկայացրել ենք հոդվածում, ընթերցողներից ստացված հետադարձ կապի հիման վրա ենք դիտարկել։ Դրանք ընդամենը օրինակներ են։ Ենթադրվում է, որ աջակցություն ստացած ընկերությունների մեծ ցանկում բազմաթիվ այլ ընկերություններ ևս կան, որոնք, չնայած պետական աջակցությանը, աշխատակիցներ են կրճատել։
Պետական այս աջակցություն պարտադիր պայման է եղել այն, որ կազմակերպությունները 2022 թվականի հունիսից սեպտեմբերի վերջ իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը 20%-ից ավելի կրճատած չլինեն։ Եթե ընկերությունները ստացել են աջակցություն այս որոշման շրջանակներում, նշանակում է համապատասխանել են պահանջին։ Այլ հարց է, որ նրանց մի մասում սեպտեմբերից հետո կրճատումներ են եղել։
«Մենք ՏՏ ոլորտին 10 մլրդ դրամի աջակցություն ենք ցուցաբերում, որը, մեր գնահատմամբ, էականորեն կմեծացնի ոլորտի մրցունակությունը միջազգային շուկայում։ Մենք հույս ունենք, որ այս աջակցությամբ ոլորտը ոչ միայն ժամանակավոր, այլև երկարաժամկետ կտրվածքով իր մրցունակությունը կավելացնի՝ հարմարվելով և ադապտացվելով այն նոր միջազգային կոնյուկտուրային, որ մենք այսօր ունենք Հայաստանի Հանրապետությունում»,- 2022 թվականի դեկտեմբերի 1-ի Կառավարության նիստին ասել է Նիկոլ Փաշինյանը։
Մեկնաբանել