HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կազմակերպված հանցավորությունը հետաքննելու ուղեցույց

Գլուխ 1. Փողերի լվացում և ֆինանսական հանցագործություններ

Այս գլխի հեղինակը OCCRP-ի (անգլ.՝ Organized Crime and Corruption Reporting Project, հայ.՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) համահիմնադիր և նորարարության բաժնի ղեկավար Փոլ Ռադուն է: Նա կազմակերպությունը հիմնադրել է 2007 թվականին Դրյու Սալիվանի հետ միասին։ Փոլ Ռադուն ղեկավարում է OCCRP-ի հետաքննական խոշոր նախագծերը, դիտարկում է տարածաշրջանային ընդլայնման հնարավորությունները և մշակում է անդրսահմանային կազմակերպված հանցավորությունն ու կոռուպցիան բացահայտելու նոր ռազմավարություններ և տեխնոլոգիաներ:

Հանցագործներից շատերը, որոնց գործունեությունը հետաքննել եմ վերջին երկու տասնամյակի ընթացքում, կարող էին աշխարհի լավագույն գործարարները լինել: Նրանք ունեին դրա համար անհրաժեշտ բոլոր տվյալները՝ հնարամտություն, ստեղծարարություն, արագ մտածողություն, մոտիվացիա, կապեր հաստատելու և առաջնորդելու ունակություն և ռիսկի ակնհայտ, թեպետև չափազանց մեծ հակում։ Նրանցից շատերը կարող էին համեմատվել օրինական բիզնես աշխարհի Իլոն Մասկերի հետ, բայց փոխարենը ընտրեցին հանցավորությունը՝ իրենց հմտություններն ի չարս գործադրելու պատճառով դասվելով մոլորակի ամենավտանգավոր և թունավոր մարդկանց շարքին:

Նրանք լայնախոհ են, իսկ նրանց բիզնես պլանը պարզ է՝ «որքան շատ տուժածներ, այնքան ավելի շատ փող»։ Բարձր մակարդակի հանցագործների կյանքը հեշտանում է, որովհետև նրանց մեծ մասն անպատժելիորեն գործում է մայրցամաքային կամ նույնիսկ համաշխարհային մասշտաբով՝ այդպիսով չունենալով բնական թշնամի, քանի որ իրավապահ մարմինները հիմնականում սահմանափակված են ազգային սահմաններով և ազգային շահերով:

Մաս 1. Ինչպե՞ս է դա աշխատում

Հանցագործությունների ֆինանսական սխեմաները

Բարձր մակարդակի կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեպքերը հետաքննելիս կարևոր է հասկանալ, թե ինչպես են հանցագործները կառուցում իրենց բիզնեսը և բացահայտել նրանց թույլ տված սխալները:

Անդրազգային հանցավոր խմբավորումների հետ կապված բարդությունների պատճառով կազմակերպված հանցավորության դեմ պայքարը հիմնականում թողնված է լրագրողներին և ակտիվիստներին, որոնք կարող են միջազգային կապեր հաստատել և աշխատել հօգուտ հանրային շահի: Բայց մոլորակի ամենահզոր սպառնալիքներից մեկին մարտահրավեր նետելու պատրաստ լրատվական կազմակերպությունների թիվը սահմանափակ է, դրան գումարած՝ նրանք սովորաբար չունեն բավարար ռեսուրսներ: Լավ նորությունն այն է, որ միջազգային համագործակցության զարգացման շնորհիվ հետաքննող լրագրողները հասկացել են, որ հանցագործությունը, շատ առումներով, «ապրանք» է, որը գործում է ըստ ընդհանուր օրինաչափությունների, ինչը հեշտացնում է դրա նույնականացումն ու բացահայտումը: Ավելի պարզ ասած՝ եթե որևէ երկրում կամ տարածաշրջանում հանցավոր սխեմա է գործում, ապա նույն հանցավոր մոդելը կարտահանվի աշխարհի այլ ծայրեր ևս: Հենց հանցավոր սխեման ու դրա տարրերն են, որ պետք է հասկանալ՝ դրամական հոսքերն արդյունավետ վերահսկելու և հանցագործների՝ սովորական ռեժիմով բիզնես գործունեություն ծավալելը կանգնեցնելու համար:

Մենք պետք է ճանաչենք մեր հակառակորդին՝ նրա անօրինական գործողություններն արդյունավետ հետաքննելու և բացահայտելու համար։ Այսպիսով, եկեք նախ դիտարկենք որոշ հիմնական գործիքներ, որոնք հանցագործները կիրառում են գողանալու, թաքցնելու և իրենց գումարները ներդնելու նպատակով: Երկրորդ մասում կանդրադառնանք հետաքննությանն ու բացահայտմանն աջակցող մեր լավագույն գործիքներին և գաղափարներին:

Ինչպես սկսնակ, այնպես էլ արդեն կայացած հանցագործներն իրենց տրամադրության տակ ունեն տարածաշրջանային և գլոբալ ենթակառուցվածքներ, որոնք շարունակաբար ընդլայնվում և սպասարկվում են մի համակարգի կողմից, որը մենք Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծում (OCCRP) անվանում ենք «հանցավոր ծառայությունների ոլորտ»: Այս ենթակառուցվածքներում կան բազմաթիվ իրավաբաններ, բանկիրներ, հաշվապահներ, ընկերությունների հիմնադրմամբ զբաղվող գործակալներ, հաքերներ, հեղինակության կառավարմամբ զբաղվող ընկերություններ և այլք, որոնք գումար են վաստակում՝ նպաստելով հանցագործությանը և հանցագործներին օգնելով ներդնելու իրենց ապօրինի գումարները: Արդ, ֆինանսական տեսանկյունից որո՞նք են հանցագործության հիմնական տարրերը:

Օֆշորային տիպի ընկերություններ

Շատ է գրվել օֆշորային ֆինանսական ինդուստրիայի և ծածուկ գործող ընկերությունների մասին, որոնք հանցագործներին թույլ են տալիս գաղտնի հափշտակել և երկրից երկիր մեծ գումարներ տեղափոխել: Այնպիսի նախագծերը, ինչպիսիք են «Օֆշորային հանցագործությունները» (Offshore Crime, Inc.), «Պանամական փաստաթղթերը» (Panama Papers) և այլն, փողերի լվացման այս ապօրինի բնագավառը համընդհանուր ուշադրության առարկա դարձրին, իսկ հետագա խոշոր համագործակցությունները, ինչպիսին OCCRP-ի ընթացիկ OpenLux նախագիծն է, բացահայտեցին, որ դեպի ծով ելք չունեցող մի շարք երկրներ, օրինակ՝ Լյուքսեմբուրգը, ապահովում կամ ապահովել են գաղտնիության նույն մակարդակը, ինչ ավելի ավանդական օֆշորային տարածքները: Բարձր մակարդակի կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեպքերի հետաքննության ժամանակ առանցքային է հասկանալ, թե ինչպես են հանցագործները կառուցում իրենց բիզնեսը և վեր հանել նրանց սխալները, որոնք երբեմն անխուսափելիորեն արվել են:

Դրածո անձինք (պրոքսիներ)

Կազմակերպված հանցավորության հեղինակներին անհրաժեշտ է թաքնվել այլ ինքնության՝ դրածո անձանց հետևում, որպեսզի օֆշորային ընկերությունները կարողանան ապահովել իրենց գործարքների գաղտնիությունը: OCCRP-ում հետաքննական աշխատանքի ընթացքում մենք հայտնաբերել ենք դրածո անձանց երեք հիմնական տեսակ՝ անտեղյակ, կիսատեղյակ և լիարժեք հանցակից:

Անտեղյակ դրածո անձինք այն մարդիկ են, որոնց նույնականացման տվյալները գողացվել են (երբեմն արձանագրվում են ինտերնետ պրովայդերներից տեղեկությունների լայնածավալ հափշտակության դեպքեր), և որոնք պատկերացում չունեն, որ իրենց անունն օգտագործվում է ընկերություն հիմնելու կամ բանկային հաշիվ բացելու համար: Կիսատեղյակ դրածո անձինք փոքր գումարների դիմաց տրամադրում են իրենց անձը հաստատող փաստաթղթերը՝ տեղյակ չլինելով, սակայն, իրենց անվան հետ կապվող ձեռնարկությունների կամ գործարքների հանցավորության իրական չափի մասին: Հանցակից դրածո անձինք, ինչպես հուշում է եզրույթը, քաջատեղյակ են այն հանցավոր սխեմաներին, որոնց աջակցում են՝ ստանալով շահույթի մի մասը: Հանցավոր սխեմայում ներգրավված դրածո անձի տեսակն իմանալը կարող է օգնել հետաքննող լրագրողին՝ որոշելու սխեման մերկացնող քայլերի հաջորդականությունը:

Բանկեր

Չնայած ֆինանսական ոլորտում վերջին ժամանակների նորարարական այնպիսի արտադրանքների հայտնությանը, ինչպիսիք կրիպտոարժույթներն են, բանկերը շարունակում են մնալ համաշխարհային ֆինանսական համակարգերի կարևորագույն մասը: Դրանք բնական թիրախներ են կազմակերպված հանցավոր խմբերի համար, որոնք ձգտում են ներթափանցել բանկային ոլորտ և տարբեր ձևերով օգտվել դրանից: Ինչպես դրածո անձանց դեպքում, որոշ բանկեր լիովին հանցակից են, որոշներն անտեղյակ են, իսկ որոշները, թվում է, անպատրաստ են և հավանաբար չեն ցանկանում կասեցնել իրենց հաշիվներով հանցավոր միջոցների հոսքը:

Բանկային համակարգը կազմված է անհամար փոքր, միջին և խոշոր բանկերից ու նրանց դուստր ձեռնարկություններից: Հատկանշական է, որ փոքր բանկերը կարող են միանալ համաշխարհային ֆինանսական համակարգին` միայն ավելի մեծ բանկերում այսպես կոչված թղթակցային հաշիվներ բացելու դեպքում՝ նրանց համար հասանելի դարձնելով համաշխարհային դրամական փոխանցումները: Մենք բազմաթիվ փոքր, նույնիսկ միջին բանկեր ենք հետաքննել, որոնք ամբողջությամբ կամ մասամբ պատկանել և շահագործվել են հանցագործների կողմից, բայց նրանք, միևնույն է, ահռելի քանակությամբ կեղտոտ փողեր ուղարկելու և ստանալու համար հույսները դնում էին աշխարհի ամենախոշոր բանկերի վրա: Խելացի հանցագործները վաղուց հասկացել են, որ ճիշտ այնպես, ինչպես իրավապահ մարմիններն են հաճախ բախվում իրավազորությամբ պայմանավորված սահմանափակումների` բանկերն իրար հետ նույնպես ոչ բավարար չափով են համագործակցում, և որ ֆինանսական համապատասխանության համակարգերը միտված են առանձին կամ փոքր խմբաքանակի կասկածելի գործարքների բացահայտմանը: FinCENFiles-ը պարզորոշ ցույց է տվել, թե ինչպես կարող են բանկերը չբացահայտել փողերի լայնածավալ լվացումը: Հանցագործները հօգուտ իրենց են օգտագործում դա՝ մեծ ծավալի դրամական միջոցները բաշխելով բազմաթիվ բանկերի և բանկային հաշիվների միջև, որ որևէ բանկ հստակ պատկերացում չունենա փողերի լվացման այդ լայնածավալ գործողությունների մասին:

Կեղծ պայմանագրեր և հաշիվ-ապրանքագրեր

Փողերի լվացման լայնորեն տարածված սխեմաների կիրառման համար հանցագործներն օգտագործում են կեղծ փաստաթղթեր, կեղծ պայմանագրեր և հաշիվ-ապրանքագրեր, որոնք, իբրև հիմնավորում, կցվում են բանկային գործարքներին: Այդ շինծու (ֆիկտիվ) հաշիվ-ապրանքագրերը թղթի վրա հաստատում են, որ, օրինակ, համակարգիչների մի խմբաքանակ օֆշորային Ա ընկերությունից վաճառվել է օֆշորային Բ ընկերությանը: Սակայն իրականում որևէ գործարք տեղի չի ունեցել՝ չնայած այն բանին, որ փողը մեկ բանկային հաշվից փոխանցվել է մեկ այլ հաշվի: Այս ապօրինի պրակտիկան կոչվում է «առևտրի վրա հիմնված փողերի լվացում» և, հավանաբար, կազմում է ողջ աշխարհում նմանօրինակ ֆինանսական հանցագործությունների ամենամեծ մասը: Ակնհայտ է, որ բանկի աշխատակիցը չի կարող ստուգել ֆինանսական գործարքին առնչվող յուրաքանչյուր բեռնատար կոնտեյների պարունակությունը. կազմակերպված հանցավորությունը հենց դրա վրա է հույսը դնում:

Այլ դեպքերում բանկային գործարքներին կցված կեղծ փաստաթղթերը հավաստում են գոյություն չունեցող վարկեր և ծառայություններ՝ նույն արդյունքներով:

Փողերի լվացման արդյունավետության գաղտնիքը հանցավոր խմբերին և կոռումպացված քաղաքական գործիչներին այս չորս բաղադրիչները՝ որպես ամբողջական փաթեթ առաջարկելն է: Իրականում հանցավոր ծառայությունների ոլորտը նույնիսկ խարդախության ձեռնարկներ է հրապարակում, որը հրահանգների մի շարք է այն մասին, թե ինչպես հիմնել ընկերություններ, բացել բանկային հաշիվներ, նշանակել դրածո անձինք և կեղծ հաշիվ-ապրանքագրեր՝ խուսափելով բանկային կարգավորող մարմինների կամ իրավապահ մարմինների ստուգումից: Ահա մեկ օրինակ, թե ինչ խորհուրդներ էր տալիս հաճախորդներին փողերի լվացման այդ ձեռնարկներից մեկը, որը տարածում էր լատվիական մի բանկ, և որը բացահայտել է OCCRP-ն.

«Պայմանագրում կամ հաշիվ-ապրանքագրում նշված առաքման պայմանները պետք է իրականին մոտ լինեն. ապրանքները նշելիս պետք է մտածել, թե ինչպես են դրանք «առաքվելու» (բեռի քաշը, ծավալները, արտադրողի հասցեն, տրանսպորտի տեսակը՝ ավտոմոբիլային, երկաթուղային կամ նավ)։ Չափազանց մեծ ծավալով կամ չափսերով ապրանքների «առաքման» դեպքում խնդրում ենք նշել երկաթուղուն կամ նավահանգստին մոտ գտնվող գործարան»։

OCCRP-ում փողերի լվացման այդ պատրաստի համակարգերը մենք անվանում ենք «լվացքատուն»: Գործելով որպես ունիվերսալ ֆինանսական մեխանիզմներ՝ դրանք սովորաբար ստեղծվում են բանկի կամ ֆինանսական ծառայություններ մատուցող այլ ընկերության կողմից՝ նպատակ ունենալով օգնելու հաճախորդներին լվանալու հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները, թաքցնելու ակտիվները, յուրացնելու այլ ընկերությունների միջոցները, խուսափելու հարկերից և արժութային սահմանափակումներից կամ գումարները տեղափոխելու օֆշոր. OCCRP-ն այս տերմինը շրջանառության մեջ է դրել 2014 թվականին՝ իր «Ռուսական լվացքատուն» («The Russian Laundromat») հետաքննության ընթացքում:

Լվացքատունը ֆինանսների աշխարհում Tor բրաուզերի համարժեքն է, որն ապահովում է համացանցում օգտատերերի լիակատար անանունությունը: Լվացքատները մարդկանց թույլ են տալիս լվացված փողերը բաշխելու տարբեր բանկերի միջև, որպեսզի, ինչպես Tor-ի դեպքում, պահպանվի գաղտնիությունը, քանզի ոչ մի կառույց չի տեսնում տեղի ունեցողի ամբողջական պատկերը:

Լվացքատները կազմված են աշխարհով մեկ սփռված ընկերություններից, որոնք, թվում է, անկախ են, սակայն իրականում վերահսկվում են մեկ սուբյեկտի կողմից. սովորաբար դա բանկն է: Լվացքի գործընթացը սկսվում է այն պահին, երբ հաճախորդը գումար է փոխանցում ցանցի հանգուցային ընկերությանը՝ հաճախ օգտագործելով ապրանքի կամ ծառայության գնման կամ վաճառքի կեղծ փաստաթղթեր: Այնտեղից գումարը փոխանցվում է մյուս հանգույցներին՝ ուղեկցվելով ավելի մեծաքանակ կեղծ փաստաթղթերով: Ի վերջո, գումարն ուղարկվում է օֆշորային ընկերություն կամ հաճախորդի ընտրած այլ ուղղություն (դրանից հանած լվացքատան օպերատորների միջնորդավճարը): Գումարների սեփականատիրոջ անունն ու դրանց ծագումը կորչում են գործարքների գլխապտույտ շարանում՝ անհետաքննելի դառնալով նույնիսկ իրավապահների համար: (Ավելի մանրամասն, թե ինչպես է սա աշխատում, կարելի է կարդալ OCCRP-ի՝ լվացքատների վերաբերյալ հաճախ տրվող հարցերի բաժնում:)

Թե ինչպես լվացքատները կարող են խուսափել աշխարհի որոշ խոշորագույն բանկերի ստուգումից, ակնհայտ երևում է Deutsche Bank-ից արտահոսած ներքին փաստաթղթի օրինակով։ Դրանում մանրամասն ներկայացվում է, թե ինչպես է բանկը ձախողել իր համաշխարհային ֆինանսական ենթակառուցվածքներում մեքենայնություններ անող «Ռուսական լվացքատան» հայտնաբերումը։

Deutsche Bank-ի ներքին ամփոփաթերթը, որը հայտնվել է OCCRP-ի ձեռքում. այն նկարագրում է, թե ինչպես է բանկը ակամայից գործընկեր դարձել ռուսական փողերի լվացման զանգվածային սխեմային:

Պրակտիկ օրինակներ

Կան բազմաթիվ օրինակներ, թե ինչպես է կազմակերպված հանցավորությունը մանիպուլացնում աշխարհի ֆինանսական համակարգերը: Թեև ստորև տարբեր աշխարհագրական տարածաշրջաններից երեք օրինակ է բերված, կրկնվում է նույն օրինաչափությունը՝ ներառելով վերոբերյալ «Ռուսական լվացքատան» բոլոր տարրերը կամ այդ տարրերի ավելի փոքր խումբը:

Ադրբեջանական լվացքատունը և Իրանի հակապատժամիջոցային «Տնտեսական ջիհադը»

Ադրբեջանական լվացքատունն առաջին հերթին թույլ է տվել Բաքվի էլիտաներին կաշառելու եվրոպացի քաղաքական գործիչներին և հարյուրավոր միլիոններ դուրս հանելու երկրից: Սակայն OCCRP-ն բացահայտել է, որ փողերի լվացման այս մեքենան օգտագործել է նաև Իրանը ԱՄՆ-ի և Եվրոպայի պատժամիջոցները շրջանցելու համար՝ շնորհիվ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ կապեր ունեցող իրանա-թուրքական հանցագործ Ռեզա Զարաբի գլխավորած կազմակերպված հանցավոր խմբի: Զարաբի իրականացրած փողերի լվացումն ընդգրկում էր վերը թվարկված բոլոր դասական տարրերը և հանգեցրեց Թուրքիայի, ԱՄՆ-ի ու Իրանի միջև աճող աշխարհաքաղաքական սկանդալի: Սա ցույց է տալիս, թե ինչպես է կազմակերպված հանցավորությունը ծաղկում անհանգիստ ժամանակներում՝ օգտվելով քաղաքական առճակատումներից:

Տրոյկա լվացքատուն

«Տրոյկա լվացքատուն»-ը համալիր ֆինանսական համակարգ էր, որը թույլ էր տալիս ռուս օլիգարխներին և իշխանության ամենաբարձր օղակներում գտնվող քաղաքական գործիչներին ապօրինի ձեռք բերած իրենց միլիոնները գաղտնի ներդնել, հարկերից խուսափել, պետական ընկերություններում բաժնետոմսեր ձեռք բերել, Ռուսաստանում և արտերկրում անշարժ գույք գնել և նմանատիպ այլ գործարքներ։ «Տրոյկա լվացքատունը»-ը ստեղծված էր՝ թաքցնելու այս գործարքների հետևում կանգնած մարդկանց, և բացահայտվել է OCCRP-ի և նրա գործընկերների կողմից՝ տվյալների մանրակրկիտ վերլուծության և մանրազնին հետաքննական աշխատանքի շնորհիվ: Հետաքննություն անողներն օգտվել են բանկային տեղեկությունների ամենախոշոր արտահոսքերից մեկից (238,000 ընկերությունների մոտ 1,3 միլիոն գործարքների արտահոսք): Սխեմայի վերաբերյալ բացատրական տեսանյութը՝ այստեղ:

«Տրոյկա լվացքատան» բացահայտումը հնարավոր է դարձել  շատ չոր բանկային գործարքների մեծ փաթեթի տվյալների վերլուծական աշխատանքի շնորհիվ: Մենք պետք է որոնեինք օրինաչափություններ՝ բացահայտելու և առանձնացնելու գործարքները, որոնք սկիզբ էին առնում մի երևույթից, որը հետագայում կոչեցինք «Տրոյկա լվացքատուն»: Մենք ստիպված եղանք փնտրել սխալները, կասկածելի կապերը, որպեսզի պարզեինք, թե ով է համակարգի կազմակերպիչը, և ովքեր են դրանից օգտվողները։ Տվյալների մանրամասն վերլուծությամբ մենք վերջապես պարզեցինք, որ սխեման ստեղծած բանկիրները թույլ են տվել փոքր, բայց ճակատագրական սխալ. նրանք շարունակաբար ընդամենը երեք դրածո ընկերություն են օգտագործել՝ գրանցումով զբաղվող գործակալներին վճարելու համար, որպեսզի վերջինները ստեղծեին տասնյակ այլ օֆշորային ընկերություններ, որոնք էլ հենց զբաղվում էին միլիարդավոր դոլարների գործարքներ անելով: Այս վճարումները, որոնցից յուրաքանչյուրը կազմում էր ընդամենը մի քանի հարյուր դոլար, իհարկե, կորել էին միլիոնավոր շատ ավելի մեծ գործարքների ծովում, ուստի մենք ստիպված էինք գտնել դրանք և հետևել՝ հասկանալու համար, որ դրանք ավելի մեծ համակարգի մաս են: Ողջ «Տրոյկա լվացքատունը» հայտնվեց ուշադրության կենտրոնում այս կապող թելի բացահայտումից հետո:

«Ռիվիերա Մայա» խմբավորում

«Ռիվիերա Մայա» խմբավորումը (անգլ.՝ Riviera Maya Gang) անխիղճ և դաժան անդրսահմանային կազմակերպություն էր, և այս դեպքը հստակորեն ցույց է տալիս, թե ինչպես է կազմակերպված հանցավորությունը թափ հավաքում և ներթափանցում տարբեր բիզնեսներ: Այս դեպքում հանցագործները Եվրոպայում սկսեցին մանր քայլերից՝ որպես սքիմերներ (անգլ.՝ skimmers. մարդիկ, որոնք գողանում են դեբետային և կրեդիտային քարտերի համարները՝ բանկոմատներում անօրինական սարքեր կամ ծրագրեր տեղադրելով): Հայտնվելով այլ մայրցամաքում՝ նրանք այնուհետև սկսեցին համագործակցել մի մեքսիկական բանկի հետ և կարողացան ավելի քան 100 բանկոմատ տեղադրել Ռիվիերա Մայայում՝ Մեքսիկայի հարավում, Կանկունի և Տուլումի միջև ընկած զբոսաշրջային հատվածում։ Դա տարեկան ավելի քան 200 միլիոն դոլարի անօրինական շահույթ էր ապահովում: «Ռիվիերա Մայա» խմբավորումն օգտագործում էր կեղծ փաստաթղթեր, կեղծ անձնագրեր և դրածո անձանց ոչ միայն իրենց բիզնեսը կառուցելու, այլ նաև արդարադատությունից թաքնվողներին ապաստան տալու՝ օգտագործելով նույն ենթակառուցվածքները՝ մարդկանց Մեքսիկայից Միացյալ Նահանգներ ապօրինի տեղափոխելու համար:

Հետաքննող լրագրողները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն գույքային փաստաթղթերին՝ կազմակերպված հանցավորության ներդրումները և փողերի լվացման մասշտաբները ջրի երես հանելու համար:

Մաս 2. Ինչպես քանդել կծիկը. խորհուրդներ և գործիքներ

Ինչպես ցույց են տալիս վերոբերյալ օրինակները, կազմակերպված հանցավոր խմբերը կարող են բավականին հնարամտորեն գործել գումարներ հափշտակելիս, թաքցնելիս և ներդնելիս: Բայց կա մի բան, որ նրանք չեն կարող վերահսկել. դա ժամանակն է: Եվ ամեն անցնող օր լրագրողները, ակտիվիստները և այլ հետաքննողներ անդրազգային լրագրողական համագործակցության ավելի մեծ փորձ են ձեռք բերում, իսկ ամբողջ աշխարհում կառավարությունները թափանցիկության, ընկերությունների սեփականության և գույքի վերաբերյալ ավելի շատ կանոններ են սահմանում:

Բանկային և դատական տվյալների ռեգիստր

Մուտքը դեպի բանկային տվյալներ կազմակերպված հանցավորության ֆինանսների հետաքննության «Սուրբ Գրաալն է», և այդ տվյալները դժվար է ձեռք բերել, քանի որ դրանք գաղտնի, մասնավոր փաստաթղթեր են: Միշտ չէ, որ լրագրողները կարող են հույս դնել արտահոսքերի և բանկերի ու ֆինանսական կարգավորող մարմինների ներսում ազդարարների փաստաթղթեր փոխանցելու վրա: Բայց բանկային տվյալներ ձեռք բերելու մեկ այլ տարբերակ կա: Այդպիսի փաստաթղթերը հաճախ կցվում են կազմակերպված հանցավորության դեմ քրեական գործերին կամ նույնիսկ առևտրային, քաղաքացիական դատավարություններին: Ամեն ինչ կախված է կոնկրետ երկրից, և ԱՄՆ-ն հարուստ աղբյուր է համաշխարհային բանկային տվյալների համար, որոնք հրապարակվում են Դատարանների էլեկտրոնային տվյալների հանրային հասանելիության (անգլ.՝ Public Access to Court Electronic Records, PACER) ծառայության կայքում:

Օրինակ, OCCRP-ն հարյուր հազարավոր բանկային տվյալներ է ձեռք բերել՝ ստուգելով PACER-ը և տեղեկատվության ազատության հարցումներ ուղարկելով ԱՄՆ դատարաններին՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում դատական գործ հարուցվեց «Ադրբեջանական լվացքատան» առանցքային դերակատար Ռեզա Զարաբի դեմ: Նախկինում մենք նմանատիպ տվյալներ ենք հայթայթել այլ երկրների դատարաններից: Իրավապահ մարմինները հաճախ զանգվածաբար առգրավում են այս բանկային տվյալները, ինչն իսկական գանձ է հետաքննող լրագրողների համար, որոնք կարող են ստանալ դրանք:

Ֆինանսական հաստատություններից արտահոսած կասկածելի գործունեության հաշվետվությունները (անգլ.՝ Suspicious activity reports, SAR), ինչպիսիք են FinCENFiles-ի հետաքննության ժամանակ ստացվածները, նույնպես կարող են պատկերացում տալ բանկային գաղտնիքների աշխարհի վերաբերյալ: Արտահոսքերը միայն կաճեն որակով և քանակով ու դատական փաստաթղթերի հետ օգտագործվելու դեպքում կարող են չափազանց արժեքավոր լինել հետաքննող լրագրողների և հանրության համար, որին ծառայում են:

Դատական փաստաթղթերը և հատկապես երկու հանցավոր կողմերի միջև առևտրային դատավարությունները նույնպես չափազանց օգտակար են հետաքննողների համար, քանզի հանցագործները, ամուսնալուծության դեպքերի հանգույն, կարող են իրենց «կեղտոտ սպիտակեղենը դուրս հանել»:

Անշարժ գույքի տվյալների ռեգիստր

Հանցագործները սիրում են իրեր, ու թեև շքեղ մեքենան, ժամացույցը կամ այլ թանկարժեք ունեցվածքը շատերի համար պարտադիր բաներ են՝ կազմակերպված հանցավորությամբ ապօրինի ձեռք բերված եկամուտները հաճախ ներդրվում են անշարժ գույքի, օրինակ՝ շքեղ առանձնատների կամ հսկայական գյուղատնտեսական և անտառային տարածքների մեջ: Հետաքննող լրագրողները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն գույքային փաստաթղթերին՝ կազմակերպված հանցավորության ներդրումները և փողերի լվացման մասշտաբները ջրի երես հանելու համար: Շատ երկրներում սեփականության փաստաթղթերը հանրային տվյալներ են, որոնք ցույց են տալիս ներկայիս սեփականատիրոջը, նախկին սեփականատերերին, ինչպես նաև՝ որոշ ֆինանսական մանրամասներ, ինչպիսիք են գնման արժեքը և հարկերը:

Նկարազարդումը՝ Էն Քիրնանի, GIJN-ի համար

Ընկերությունների տվյալների ռեգիստր

Ընկերությունների ազգային և միջազգային ռեեստրները կարող են ոչ միայն բաժնետերերի և վարչության անդամների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել, այլև շատ դեպքերում պարունակում են ընկերության ֆինանսական տվյալները: Այս ռեեստրները հազվադեպ կարող են նաև ներառել բանկային գործարքներ, գույքային տվյալներ և նույնիսկ հավանական բաժնետեր հանդիսացող օֆշորային տիպի ընկերությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կամ իրական սեփականատերերի մասին տվյալներ: Բավականին հաճախ մենք իրական սեփականատիրոջ մասին տեղեկությունները ստանում ենք ընկերությունների ռեգիստրների կամ գույքի միջոցով այն վայրերում, որտեղ այդ ընկերությունները ներդնում են իրենց ապօրինի միջոցները: Նաև, հարկ է նկատի ունենալ, որ տվյալների բազաներում ոչ բոլոր տեղեկություններն են թվայնացված և ինդեքսավորված, ուստի անձնական այցի կամ հեռախոսազանգի միջոցով կարող եք ավելի շատ տվյալներ ստանալ, քան այն, ինչ հասանելի է առցանց:

Բարձր մակարդակի փողերի լվացման մերկացման կարևոր փուլը բանկերի իրական սեփականատերերի բացահայտումն է: Բանկերին անհրաժեշտ է վերաբերվել ինչպես ցանկացած առևտրային ընկերության՝ փորձելով պարզել, թե ում են պատկանում դրանք: Սա հատկապես կարևոր է նորաստեղծ, փոքր և միջին բանկերի դեպքում։

Ներմուծման և արտահանման տվյալների բազաներ

Հաճախ ներմուծման և արտահանման գործողություններին հետևելու համար մենք օգտագործում ենք տվյալների այնպիսի բազաներ, ինչպիսիք են ImportGenius-ը կամ Panjiva-ն: Սրանք թանկարժեք բազաներ են. ImportGenius-ից մեկ ընկերության՝ մեկ տարվա կտրվածքով ԱՄՆ ներմուծման տվյալների ներբեռնումն արժե 199 դոլար, բայց դրանք կարող են օգտակար լինել առևտրի վրա հիմնված փողերի լվացման և դրանում ներգրավված ընկերություններին նույնականացնելիս: Մենք օգտագործել ենք այս տվյալների բազաները՝ ստուգելու` արդյոք լվացքատներում ներգրավված ընկերությունները թաթախված են եղել նաև այլ կեղծ առևտրային գործարքներում: Հատկանշական է, որ մի շարք երկրներում տարվա կտրվածքով ներմուծման և արտահանման գործարքների մասին տեղեկությունները հասանելի են տեղեկատվության ազատության մասին ազգային օրենքներով, իսկ ՄԱԿ-ի արտաքին առևտրի վիճակագրության Քոմթրեյդ (Comtrade) հարթակն առաջարկում է համաշխարհային առևտրի օգտակար տվյալներ, որտեղ կարելի է բացահայտել ներմուծման-արտահանման օրինաչափությունները: 

Ալեֆ

OCCRP-ում մենք ստեղծեցինք հետաքննական լրագրության համար հետազոտական նյութերի համաշխարհային արխիվ՝ «Ալեֆը» (Aleph): Այստեղ մենք ինդեքսավորում ենք տեղեկություններն ընկերությունների, գույքի, բանկային հաշիվների, դատական գործերի, արտահոսքերի և շատ այլ սուբյեկտների վերաբերյալ: Սակայն ինդեքսավորումն ընդամենը սկիզբն է, քանի որ «Ալեֆը» լրագրողներին թույլ է տալիս խորությամբ հասկանալու տվյալները և վերհանելու հանցավոր օրինաչափությունները, որոնք առանցքային նշանակություն ունեն հանրային շահերից բխող լուրջ հետաքննություն սկսելու համար: «Ալեֆ» համակարգում լրագրողները կարող են նաև իրենց հետաքրքրող անձանց դիտացանկեր վարել, և մեր համակարգն անընդհատ կհամեմատի դրանց անվանումները համակարգում առկա այլ տվյալների հետ: Դա ավտոմատացնում է մեր աշխատանքային գործընթացը՝ օգնելով թարմ, օգտակար հետաքննական ռեպորտաժներ պատրաստել:

Ի՞նչ է սպասվում ապագայում

Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում անդրազգային կազմակերպված հանցավորությունը զգալիորեն առաջ էր իրավապահներից, հետաքննող լրագրողներից և ակտիվիստներից: Իրավիճակը սկսեց դանդաղ փոխվել, երբ տարբեր երկրների լրագրողներ միավորեցին իրենց ուժերը: Սակայն հանցագործները դեռևս առավելություն ունեն, քանի որ տնօրինում են հսկայական ռեսուրսներ և արագորեն յուրացնում են նոր տեխնոլոգիաները, ինչի շնորհիվ նրանք մեկ քայլ առաջ են իրավապահ մարմիններից:

Հաճախ անտեսվող մի խումբ էլ, այսպես կոչված, հանցագործ հրեշտակ-գործարարներն են՝ մարդիկ, որոնք ֆինանսավորում են այլ հանցագործների, քանի որ շահութաբերությունը մեծ է, իսկ հանցագործությունն ավելի շատ հնարավորություններ է տալիս այդ ապրելակերպին սովոր մարդկանց: Հետաքննող լրագրողները պետք է ավելի լավ հասկանան հանցավորության շուրջ կառուցված ֆինանսական էկոհամակարգը, որտեղ ծաղկում է հանցավոր ծառայությունների ինդուստրիան, և զարգանում են փողերի լվացման ու գաղտնի ներդրումների նոր մեթոդներ: 

Կազմակերպված հանցավորության զարգացող մեթոդներից հետ չմնալու համար հետաքննական լրագրությամբ զբաղվող կազմակերպությունները պետք է ժամանակ և գումար ներդնեն կրիպտոարժույթների, բլոկչեյնի, ոչ փոխարկելի միավորների (անգլ.՝ non-fungible tokens, NFTs) և առևտրային հանցագործների՝ իրենց բիզնես մոդելների համար կիրառվող ցանկացած այլ նոր գործիքներ հասկանալու:

«Հետևիր փողին» դարձվածքը շուտով կփոխարինվի «հետևիր կոդին» (ինչպես ալգորիթմում) դարձվածքով, բայց, ի վերջո, այդ ամենն իր ֆիզիկական ձևն է ստանում սեփականության և շքեղ ապրելակերպի տեսքով, որը հանցավորության բաղկացուցիչ մասն է:

Նկարազարդումը՝ Էն Քիրնանի, GIJN-ի համար

Այս նյութը պատրաստվել եւ թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter