
ԱՄՆ-ն պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ղրղզստանի դեմ՝ սահմանափակումները շրջանցելու հարցում Ռուսաստանին օգնելու համար
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում է պատժամիջոցներ սահմանել Ղրղզստանի նկատմամբ, որի միջոցով Ռուսաստան են արտահանվում պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, օրինակ՝ անօդաչուներ Չինաստանից։ Այս մասին գրում է The Washington Post-ը։
Ինչպես պարբերականին պատմել են ԱՄՆ նախագահի աշխատակազմից, Ղրղզստանի նկատմամբ պատժամիջոցներ Միացյալ Նահանգները կարող է սահմանել հուլիսի վերջին։ Թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է խոսքը, չեն նշել, սակայն հիշեցրել են, որ նախկինում նման դեպքերում կիրառվել են ինչպես պատժամիջոցներ, այնպես էլ սև ցուցակում ընկերությունների ներառում։
The Washington Post-ը հիշեցնում է, որ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից հետո և դրան հաջորդած ժամանակաշրջանում Ռուսաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների միջև առևտրաշրջանառությունն էականորեն աճել է։ Ենթադրվում է, որ այդ երկրների, ներառյալ Ղրղզստանի տարածքով Ռուսաստան է արտահանվում արտադրանք, որի ուղիղ արտահանումը ՌԴ արգելված է։
ԱՄՆ-ում Ղրղզստանի դեսպանությունը The Washington Post-ին ասել է, որ Ղրղզստանը խստորեն հավատարիմ է անօրինական առևտրի դեմ պայքարին։ Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության կտրուկ աճը դեսպանությունը կապել է սահմանը հատող ապրանքների վերահսկման համակարգերի կատարելագործման հետ։ Դեսպանությունում նաև հիշեցրել են, որ Ռուսաստանը Ղրղզստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է, իսկ ՌԴ տարածքում բնակվում է Ղրղզստանի մոտ մեկ միլիոն քաղաքացի։
Լուսանկարը՝ Alamy-ից
Մեկնաբանել