HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». «Խաղաղության ենթատեքստում տարածքներ վերադարձնելն է, ինչը մեզ ձեռնտու չէ»

«Հայացք»-ի հյուրն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

- Պարոն Շիրինյան, օրերս Մեքսիկայում տեղի ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որի ժամանակ նրանք հանդես եկան ԼՂՀ հակամարտության վերաբերյալ հայտարարությամբ: Կարո՞ղ ենք դրական փոփոխություններ ակնկալել այս հանդիպումից:

- 1994-ից մինչ օրս, ինչ կնքվել է հրադադարը, խոշոր տերությունները վերահսկում են հակամարտությունը, կառավարում այն, որը ստացել է հակամարտության կարգավորում անվանումը, ինչը միշտ չէ, որ ենթադրում է դրա լուծում: Մեծ տերություններն առայժմ չեն ցանկանում լուծել հակամարտությունը, որովհետև եթե ցանկանային, ՀՀ-ի, Արցախի և Ադրբեջանի նկատմամբ կսկսեին մեծացնել ճնշումները, ինչու չէ՝ նաև պատժամիջոցները, իսկ դրա նախանշաններ դեռ չկան: Դա նշանակում է, որ առաջացած ստատուս քվոն բավարարում է Մինսկի խմբի համանախագահող երկրներին: Ուրիշ հարց է՝ այս իրավիճակը մեզ ձեռնտո՞ւ է, թե՞ ոչ: Եթե մենք չենք կարողանում Ադրբեջանին խաղաղություն պարտադրել, ինչն ակնհայտ է, ուրեմն ճիշտ է այս վիճակը պահելը, որովհետև մեզ համար գլխավորը տարածքներ չտալն է:

- Հերթական հայտարարությունից հետո առաջընթացի սպասե՞նք:

- Ադրբեջանի համար առաջընթաց չկա. նա նպատակ է դրել Արցախը վերադարձնել իր տարածք, ինչը կնշանակի գաղութային պատերազմ: Բայց, քանի որ դա նրան չի հաջողվել, ճիշտ կլինի փորձել հասնել խաղաղության դաշնագրի: Հայկական կողմը պասիվ է, սպասելու դիքորոշումը չափազանց սխալ է, վտանգավոր և ոչ մի տեղ չի տանում: Ես առհասարակ վնասակար եմ համարում խաղաղության մասին քարոզչությունը: Բոլոր դեպքերում, այս վիճակը մեզ համար առաջընթաց է, քանի որ տարածքներ չենք հանձնել: Մեր հաջորդ առաջընթացը խաղաղության պայմանագիրն է, որը, ցավոք, դեռ չունենք: Ամեն դեպքում, մենք պետք է պատրաստ լինենք ոչ թե խաղաղության, այլ պատերազմի, քանի որ խաղաղության ենթատեքստում տարածքներ վերադարձնելն է, ինչը մեզ ձեռնտու չէ:

- Ո՞ր դեպքում մեծ տերությունները Ադրբեջանին կստիպեն վայր դնել զենքերն ու ԼՂ հիմնախնդիրը ոչ թե հակամարտության, այլ խաղաղ ճանապարհով լուծել:

- Մեծ տերություններն ակնհայտորեն չեն ուզում միջամտել, սա նրանց ձեռնտու վիճակ է: Նրանք ինչո՞ւ պիտի Ադրբեջանին խաղաղություն պարտադրեն: Եթե ձեռնտու չլիներ, մեկնումեկը որևէ սադրիչ քայլ կաներ ու կսաստեր, ինչպես եղավ ռուս-վրացական հակամարտության դեպքում: Նախևառաջ այս վիճակը ձեռնտու է ՌԴ-ին: Եթե ՀՀ-ն, ԼՂՀ-ն և Ադրբեջանը շարունակում են անլուծելի խնդիր ունենալ, ՌԴ-ն էլ շարունակում է միջամտելու առիթ ունենալ՝ կողմերին խրատ տալով, սովորեցնելով, մեկ-մեկ էլ մունաթ գալով: Եթե ադրբեջանցիներն այնքան խելք ունենան, որ ՀՀ-ին և ԼՂՀ-ին առաջարկեն խաղաղության դաշնագիր ստորագրել, ՌԴ-ն ակնհայտորեն կթռչի Կովկասից, ինչը նրան ձեռնտու չէ: Մոտավորապես նույնն էլ կարող ենք ասել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեպքում: Նրանք կուզենան, որ այս վիճակը երկար տևի, հակառակ դեպքում՝ եթե կոնֆլիկտը լուծվի, նրանք էլ անելիք չեն ունենա Անդրկովկասում:

- Հայկական կողմը միանշանակ հասկանում է մեծ տերությունների այս քաղաքականության ենթատեքստը: Հասկանալով հանդերձ՝ ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի:

- Մենք գիշեր-ցերեկ պետք է մեծացնենք մեր երկրի ներքին ներուժը, հզորությունը, պետք է ինտենսիվ աշխատանք տանենք դիվանագիտության, քաղաքական վերլուծության, դաշնակիցների որոնման և քարոզչության ոլորտում ամբողջ աշխարհի մասշտաբով: Արտգործնախարարությունը «քափ ու քրտինք մտած» պետք է աշխատի այդ ուղղությամբ, իսկ նա աշխատո՞ւմ է այդ ուղղությամբ: Պետք է դադարեցնել խաղաղության ու բարեկամության մասին դատարկ խոսակցությունները, չպետք է դրանով քնեցնել ժողովրդին: Սա ոչ ինտենսիվ պատերազմի տարատեսակ է, որի մեջ ենք մենք, ուրեմն պետք է պատրաստ լինենք. պատրաստ լինելու դեպքում խաղաղություն միշտ կունենանք: Նույնիսկ պետք է պաշտոններից հեռացնել բոլոր նրանց, ովքեր պարտվողական քաղաքականությունն են առաջ տանում: Պետք է փորձել կոնֆլիկտը լուծել մեր օգտին, պետք է հասկանալ, որ մեզ այն կենսատարածքն է պետք, որը մեզ պետություն և հայրենիք կդարձնի:

Լիլիթ Վահանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter