HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Հրանուշ Հակոբյանի եղբորորդին Գյուլագարակում հյուրանոցային համալիր և քոթեջային թաղամաս է կառուցում

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքից Դենդրոպարկ տանող ճանապարհի աջ մասում՝ Գարգառ բնակավայրի վաչական տարածքում շինարարական եռուզեռ է։ Եղևնիներով անտառապատ տարածքին կից հարթավայրում մի քանի նոր շինության պատեր արդեն կանգնած են, նորերի հիմքերն են փորվում։ Դենդրոպարկ տանող ճանապարհին տեղադրված ցուցանակն ազդարարում է քոթեջային թաղամասի կառուցման մասին։

Կառուցապատողը Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի եղբորորդին է՝ Հրայր Հակոբյանը։ Կառուցապատողի հայրը՝ Կորյուն Հակոբյանը, նույնպես երկար տարիներ պետական պաշտոնյա է եղել։

Կառուցապատողը 2021 թ.-ին տարբեր անձանցից ընդհանուր առմամբ 4.3 հա գյուղատնտեսական հողամաս է գնել, զբաղվել դրա նպատակային նշանակության փոփոխմամբ։ Նախորդ տարի ստացել է քոթեջային թաղամասի կառուցման թույլտվություն։

Ըստ Շրջակա միջավայրի նախարարություն ներկայացրած շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի, համալիրը բաղկացած է լինելու 74 հատ 1 և 2-հարկանի առանձնատներից և 5-հարկանի հյուրանոցից։ Նախատեսվում է ֆուտբոլի փոքր դաշտ, թենիսի դաշտ, առևտրի սրահ և զվարճանքի կենտրոն։

«Քոթեջներն ունենալու են 7200 քմ մակերես, իսկ հյուրանոցը՝ 5000 քմ մակերես, ներքին ճանապարհներն ու այլ կառույցները՝ 4800 քմ։ Առանձնատները կառուցվելու են համակցված՝ քար-փայտ եղանակով, հյուրանոցը՝ քարից, յուրաքանչյուր առանձնատուն ունենալու է իր փոքրիկ հողամասը, որի սահմանազատումը նախատեսված է բուսականության միջոցով»,- նշված է նախնական գնահատման հայտում, որն արդեն ստացել է դրական եզրակացություն։

Շինարարական աշխատանքների ավարտից հետո կառուցապատումից ազատ տարածքը նախատեսվում է բարեկարգել և կանաչապատել։ Կանաչապատման մակերեսը պետք է կազմի ընդհանուր հողամասի 61%-ը (մոտ 2․6 հա)։

Հրայր Հակոբյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ կառուցապատումը սկսել է վարկային միջոցներով։ Նա դժգոհեց ՇՄԱԳ թույլտվության համար երկար սպասելուց։ «Գյուլագարակի ծրագիրը մեկնարկել էինք 2020 թ.-ին։ Պատերազմը երբ սկսվեց, իմ ռուս և բելառուս գործընկերները հրաժարվեցին մասնակցել նախագծին։ Մենակ մնացի, շինարարությունը սկսել եմ վարկային ռեսուրսներով։ Բուն շինարարությունը մեկ-երկու ամիս առաջ ենք սկսել»,- ասաց Հրայր Հակոբյանը։ Նա մտադիր է նաև դրամ հայթայթել Գյուլագարակի կենտրոնում գտնվող կիսաքանդ եկեղեցին վերակառուցելու համար։ Ըստ Հակոբյանի՝ վերականգնման համար անհրաժեշտ է մոտ 170 մլն դրամ։

Մեկնաբանություններ (1)

Հրայր Հակոբյան
Հարգելի Տիրան նախևառաջ տեղանքը սխալ է ցուցադրված հոտվածում, խնդրում է այն տեղափոխել քիչ ներքև; 2. Իսկ ինչո՞ւ իմ նկարը չես տեղադրել հոդվածում; 3. Մի քանի տող իմ աշխատանքային կենսագրության և իրականացված բիզնես ծրագրերի մասին կարծում եմ կարելի էր նշել ևս, քանի որ մարդկանց մոտ կորող է այլ կարծիք ձևավորվել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter