Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Կոնգոյի և Շրի Լանկայի ԱԳ նախարարների հետ
Հունիսի 21-ին «Ռիո+20» գագաթնաժողովի աշխատանքներին մասնակցող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արտգործնախարար Ռայմոնդ Տշիբանդայի հետ հանդիպմանը պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ: Նախարարները քննարկեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հնարավորությունները, Կինշասայում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շրի Լանկայի արտգործնախարար Գամինի Լակշման Պեյրիսի հետ էր: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ քաղաքական երկխոսության խթանմանը, իրավապայմանագրային դաշտի ձևավորման ուղիներին, տնտեսական համագործակցությանը, մշակութային կապերի զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: Շրի Լանկայի ԱԳ նախարարը ներկայացրեց իր երկրում ընթացող ներազգային համերաշխության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և բարեփոխումները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու երկրների ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման մասին: Գամինի Լակշման Պեյրիսը Էդվարդ Նալբանդյանին հարվիրեց այցելել Շրի Լանկա:
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության հաղորդմամբ՝ գագաթնաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարների հանդիպմանը, որը նվիրված էր կազմակերպության օրակարգային հարցերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել