HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մայթը դարձել է ոստիկանության հատուկ պահպանվող տարածք

Ոստիկանության Վաղարշապատի բաժինը հեռվից հիշեցնում է մետաղի ջարդոնի ընդունման կետի: Վթարված ավտոմեքենաները, որոնք պետք է պահվեն ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում, կայանած են բաժնի դիմացի մայթի ամբողջ երկայնքով՝ ընդգրկելով նաև այլ օբյեկտների մերձակա տարածքները:

Նույն տարածքում են գտնվում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, անձնագրային բաժինը, մի քանի փաստաբանական գրասենյակներ, որոնց այցելուները կանգնելու տեղ չունեն: Ամբողջ տարածքը «զավթված» է վթարված ավտոմեքենաներով:

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ հատուկ տարածքն արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների պահպանման համար նախատեսված ոստիկանության կամ այլ իրավասու մարմնի կողմից պահպանվող տարածք է:

«Հատուկ պահպանվող տարածք» եզրույթն արդեն հուշում է, որ տարածքը պետք է պահպանվի և այլ անձիք չեն կարող ելումուտ ունենալ: Նույնիսկ այդ տարածքում պահվող ավտոմեքենայի վարորդին, սեփականատիրոջը թույլատրվում է մոտենալ հատուկ տարածքում պահպանվող տրանսպորտային միջոցին միայն ոստիկանության ներկայացուցչի ներկայությամբ: Այն ինչ տարածքը բաց է բոլոր այցելուների համար:

Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից «Հետք»-ին հայտնում են, որ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածքում հիմնականում կայանում են քննիչի որոշմամբ կայանման ենթակա վթարված ավտոմեքենաները:

Մարզային վարչության պետ Արթուր Բդոյանի փոխանցմամբ՝  հատուկ պահպանվող տարածքի սահմանափակ լինելն ու նախաքննության երկար ժամկետների պատճառով այն գրեթե միշտ ծանրաբեռնված է, ինչի արդյունքում վթարված ավտոմեքենաների մի մասը երբեմն կայանվում են ճանապարհի եզրին՝ ոստիկանության բաժնի դիմաց: 

Հետաքրքրվել էինք, թե նման պայմաններում, երբ ավտոմեքենաները կայանում են մայթեզրերին, ինչպե՞ս է իրականացվում հատուկ պահպանությունը։

«Դրանց նկատմամբ բաժնի օրվա հերթափոխի կողմից իրականացվում է հսկողություն»,- հայտնել է Ա. Բդոյանը:

Տեսականորեն դժվար է պատկերացնելը, թե ինչպես է իրականացվում այդ պահպանությունը. ոստիկանության ներկայացուցիչը կանգնում է մայթին ու հետևու՞մ ավտոմեքենաներին: Նշենք, որ տարածքում տեղադրված տեսախցիկներ չկան, որոննց օգնությամբ հնարավոր կլիներ ուշադրության կենտրոնում պահել մայթի ամբողջ երկայնքը:

«Վթարված ավտոմեքենաները կայանելու և պահպանություն իրականացնելու նպատակով ոստիկանության Վաղարշապատի բաժինը համագործակցում է Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի հետ, ինչի արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն առանձին հողատարածք հատկացնելու վերաբերյալ: Գործընթացը գտնվում է ընթացքի մեջ»,- ավելացնում է մարզային վարչության պետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter