
Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը մեկնաբանել է Արցախում առկա հումանիտար ճգնաժամը
Մոսկվան համոզված է, որ Բաքուն ու Երևանը կկարողանան կարգավորել հարաբերությունները։ Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը։
«Մենք բացարձակապես վստահ ենք, որ Հայաստանում և Ադրբեջանում առողջ մտածող քաղաքական գործիչները հենց այդպես ողջամտորեն և պատասխանատվությամբ են մոտենում այն դիրքորոշմանը, որը Ռուսաստանն է առաջ մղում բոլոր փուլերում։ Ես կարծում եմ, որ մեր ջանքերը կբերեն ցանկալի արդյունքի և կարգավորումը ձեռք կբերվի»,- ասել է նա։
Ռուսաստանցի պաշտոնյան նաև ընդգծել է, որ ռուսական կողմը «ի տարբերություն Արևմուտքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում փնտրում է միայն կարգավորման կայուն բանաձև և աշխատում է երկու կողմերի համար հասկանալի օրակարգով»։ «Մենք չէինք ցանկանա, որ ինչ-որ մեկը մեր առաջարկություններում տեսներ, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի հետ աշխարհաքաղաքական մրցակցության տարր»,- հավելել է նա՝ նշելով, որ ռուսական կողմը պատրաստ է օգնել կողմերին գտնելու այն կետը, որտեղ կհատվեն շահերը։
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը, խոսելով Արցախում առկա հումանիտար ճգնաժամի մասին, նշել է, որ Ռուսաստանը արել և անում է ամեն հնարավորը «ցանկացած ճգնաժամերի հումանիտար հետևանքների նվազեցման համար»։ «Հնարավորություններն անսահման չեն, ռեսուրսներն էլ պետք է բաշխել առաջնահերթությունների միջև, բայց այս թեման տեսադաշտում է, և մենք դրանով զբաղվելու ենք»,- եզրափակել է Ռյաբկովը։
Լուսանկարը՝ Эмин Джафаров / Коммерсантъ
Մեկնաբանել