Ալիևը ոչ իրատեսական է համարում Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը
ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերականգնումը բացարձակ ոչ իրատեսական է։ Նման հայտարարությամբ ուրբաթ օրը՝ հուլիսի 21-ին Շուշիում հանդես է եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այժմ Մինսկի խմբի ցանկացած ձևով վերականգնումը բացարձակապես անիրատեսական է և մեզ համար անընդունելի։ Մեզ ինչ-որ լուրեր են հասնում, երբեմն ինչ-որ տեղեկություններ, որ ինչ-որ մտքեր կան այդ «կոտրված ծաղկամանը» նորից հավաքելու մասին։ Բայց դա հնարավոր չէ գործնականում և Ադրբեջանի անհամաձայնության տեսանկյունից, որովհետև, ինչպես հասկանում եք, մենք այնքան էլ լավ հիշողություններ չունենք Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ նշել է Ալիևը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններում երկու միջնորդ կա՝ ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Անդրադառնալով բանակցությունների բրյուսելյան ձևաչափին՝ Ալիևն ընդգծել է, որ Բաքուն դա դիտարկում է որպես «Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների մակարդակով ուղիղ փոխգործակցությանը ինչ-որ լրացուցիչ կամ օգնող մեխանիզմ»։ «Եվ կարծում եմ, որ դա դեռ քիչ թե շատ հաջող աշխատում է»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ տարիներ շարունակ արցախյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հիմնական ձևաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն էր, որը համանախագահում էին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ռուսաստանը։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո այս ձևաչափը դադարեց գործել, քանի որ համանախագահների միջև դադարեցին շփումները։ Վաշինգտոնն ու Փարիզն աջակցում են Կիևին, իսկ Մոսկվան մեղադրում է նրանց Ուկրաինային զինելու մեջ։ Ներկայումս, համանախագահ երկրները առանձին-առանձին պարբերաբար ընդունում են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների բանակցությունները։ Բրյուսելյան հանդիպումից զատ, երկու երկրների արտաքին գործերի նախարարները հանդիպել էին Վաշինգտոնում։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել