HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի մշակույթի նախարարը հրաժարական է տվել. նա համաձայն չէ պատերազմի ժամանակ մշակույթի ֆինանսավորման կրճատման հետ

Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հայտարարել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել՝ լայնամասշտաբ պատերազմի ժամանակ մշակույթի պետական ֆինանսավորման հետ կապված տարաձայնությունների պատճառով։

«Պատերազմի ժամանակ մշակույթի վրա և՛ մասնավոր, և՛ բյուջետային գումարների հատկացումը պակաս կարևոր չէ, քան անօդաչուները, որովհետև մշակույթը մեր անհատականության և մեր սահմանների վահանն է։ Եվ դա իմ սկզբունքային դիրքորոշումն է»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Տկաչենկոն։

Ավելի վաղ, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան ուղերձում հայտնել էր, որ վարչապետ Դենիս Շմիգալի հետ քննարկել է մշակույթի ոլորտում նախագծերի պետական ֆինանսավորման կրճատման հարցը։ 

«Այսպիսի պատերազմի ժամանակ պետության առավելագույն ուշադրությունը և, հետևաբար, պետության ռեսուրսները պետք է գնան պաշտպանության վրա։ Յուրաքանչյուր նախագիծ, որը կարող է իրականացվել արտաբյուջետային ռեսուրսների հաշվին, պետք է իրագործվի հենց արտաբյուջետային ռեսուրսների հաշվին։ Դա վերաբերում է նաև մշակույթի ոլորտին։ Թանգարանները, մշակութային կենտրոնները, խորհրդանիշները, սերիալները,  բոլորը կարևոր են, բայց հիմա այլ առաջնահերթություններ կան։ Գտեք արտաբյուջետային գումարներ, ո՛չ պետական»,- հայտարարել էր Զելենսկին՝ հավելելով, որ վարչապետին խնդրել է մշակույթի նախարարին փոխարինող գտնել։

Իր հերթին Տկաչենկոն գրել է, որ նախագահի հայտարարության մասին իմացել է միայն այն բանից հետո, երբ հրաժարականի դիմում է ներկայացրել։

Ալեքսանդր Տկաչենկոն Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար էր նշանակվել 2020 թվականին։ Ինչպես նշում է «Украинская правда»-ն, Տկաչենկոյի հրաժարականին նախորդել էին Մշակույթի նախարարության մի քանի որոշումներ, որոնք հանրության շրջանում մեծ դժգոհություններ էին առաջացրել։ Մասնավորապես, Տկաչենկոն աջակցել էր Հոլոդոմորի ազգային թանգարանի կառուցման ավարտի համար 500 միլիոն գրիվնայի հատկացմանը։ Եվս մոտ 450 միլիոն գրիվնա Մշակույթի նախարարությունը պատրաստվում էր հատկացնել ֆիլմերի և սերիալների արտադրությանը՝ դա անվանելով «պետական տեղեկատվական և մշակութային ավտանգության հարց»։

Լուսանկարը՝ Ալեքսանդր Տկաչենկոյի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter