
Հարավային Կորեայում ձերբակալվել է գործող նախագահի զոքանչը. նա մեղադրվում է փաստաթղթի կեղծման մեջ
Կորեայի Հանրապետության իրավապահ մարմինները ձերբակալել են այդ երկրի գործող նախագահ Յուն Սոկ Յոլի զոքանչին` Չհվե Ըն Սունին՝ հաշվի մնացորդի վերաբերյալ բանկային փաստաթուղթը կեղծելու համար։ Այդ մասին հայտնել է Yonhap գործակալությունը։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դատարանը մերժել է նրա բողոքը՝ 2021 թվականին կայացված դատավճռի մասով, որով Սունը, օրենքը խախտելու համար, դատապարտվել էր 1 տարի ազատազրկման։ Այդ ժամանակ նա չէր ձերբակալվել։
Գործակալությունը հայտնում է, որ 76-ամյա Չհվե Ըն Սունը դատարանում հայտարարել է իր անմեղության մասին և ուշագնաց եղել՝ բողոքարկման մերժումից հետո։
Կնոջը մեղադրում են, որ կեղծել է իր հաշվին 34,7 միլիարդ վոն (մոտ 27 միլիոն դոլար) մուտքագրելու մասին տեղեկանքը, որը 2013 թվականին օգտագործել է Սեուլից հարավ գտնվող Սոննամ քաղաքում հողակտոր ձեռք բերելու նպատակով։ Վերաքննիչ դատարանը դա ծանր հանցագործություն է համարել։
Հարավային Կորեայի նախագահի զոքանչն ավելի վաղ արդեն անցել էր խարդախության գործով, երբ 2015 թվականին պետական բժշկական ապահովագրությունից մոտ 1,7 միլիոն դոլարի նպաստ էր ստացել այն բանից հետո, երբ բացել էր տարեցների խնամքի հաստատություն՝ առանց դրա համար անհրաժեշտ բժշկական լիցենզիայի: Ի սկզբանե նա դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, սակայն ի վերջո Սեուլի դատարանը 2022 թվականին կնոջն անմեղ էր ճանաչել։
Լուսանկարը՝ Yonhap գործակալության
Մեկնաբանել