HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայում զոհվել է РИА Новости-ի լրագրող Ռոստիսլավ Ժուրավլյովը

Ուկրաինայում զոհվել է РИА Новости-ի ռազմական թղթակից Ռոստիսլավ Ժուրավլյովը։ Այդ մասին հայտնում է ռուսական լրատվական գործակալությունը։

РИА Новости-ի տվյալներով՝ ռուսական լրատվամիջոցների աշխատակիցների խումբը Զապորոժիեի մարզի Պյատիխատկի բնակավայրի շրջանում ընկել է ռմբակոծության տակ։ Վիրավորվել են РИА Новости-ի ֆոտոթղթակից Կոնստանտին Միխալչևսկին, Известия-ի թղթակից Ռոման Պոլշակովն ու օպերատոր Դմիտրի Շիկովը։ Ռմբակոծության տակ են հայտնվել նաև ТАСС-ի և ВГТРК-ի լրագրողներ։

Известия-ն նշել է, որ Պոլշակովն ունի բեկորային չորս վնասվածք, իսկ Շիկովը՝ փափուկ հյուսվածքներում բեկորներ ու ազդրի ոսկորներում փոքր կոտրվածք։

ՌԴ ՊՆ-ն պնդում է, որ ռուսական լրատվամիջոցների աշխատակիցներն ընկել են կասետային ռումբերով հարվածների տակ։ «Լրագրողները օպերատիվ կարգով տարհանվել են Ռուսաստանի պաշտպանության նախարարության դաշտային բուժհաստատություններ, որտեղ նրանց ցուցաբերվում է որակավորված բուժօգնություն»,- ասված է ռուսական պաշտպանական գերատեսչության կայքէջում։

Հուլիսի սկզբին ԱՄՆ-ն հայտարարել էր Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որտեղ ներառվել էր նաև կասետային զինամթերք։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել էր, որ այդ ռումբերը կօգտագործվեն Ուկրաինայի բռնազավթված տարածքներում միայն ռազմական նպատակներով։ Նա նաև նշել էր, որ ռուսական զորքերը ուկրաինական տարածքներում մշտապես կիրառում են կասետային միջոցներ։

Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանն Ուկրաինայում դեռևս չի կիրառել կասետային միջոցներ, սակայն պատրաստ է անել դա, եթե դրանք կիրառեն ուկրաինական զորքերը։ Ավելի ուշ, համանման հայտարարությամբ հանդես եկավ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ Ուկրաինայում մարտական գործողությունների ժամանակ կասետային զինամթերք կիրառել են և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան։

Լուսանկարը՝ РИА Новости-ի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter