HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ընձի ու մարդուս պահողը լավաշն է». ջաջուռցի Շուշան Շեկոյան

«Շուշանը չեղնի` մենք անհաց կմնանք»,- բարեհոգաբար կատակում են ջաջուռցիները՝ չմոռանալով ավելացնել` «մե Ջաջուռ, մե՝ Շուշանըմ»: Կատակի մեջ ճշմարտության հատիկ կա: Ջաջուռցի բազմաթիվ ընտանիքներում լավաշ վայելում են Շուշանի շնորհիվ: «Պատվեր կուդան, մե լավաշը 15 դրամով կթխեմ, ազիզ ջան,- պարզ անկեղծությամբ հացթուխի իր գործունեությունն է ներկայացնում 59-ամյա Շուշանը,- իրանք խմորը կշաղվեն, կգնդեն, իմ գործը մենակ թխելն է, գունդ բացողն էլ է պատվեր տվողի տնից: Ես էդ ամեն ինչի հետ գործ չունիմ, չնայած կեղնի, որ խմորը շաղվել են, բայց չեն գդել՝ էդ էլ ես կօգնեմ, բայց հիմնականում թնդրի շուրթն է իմ տեղս: 100 հատ լավաշ կհանեմ, որ 1.500 դրամ փող աշխատիմ: Քիչ է, բայց դե իմ արդար քրտինքս է: Էդ է… էդ էլ չենենք, ո՞վ մեզի հաց կուդա: Ոչ ես եմ թոշակի տարիքի, ոչ մարդս, ոչ էլ մեր տարիքի մարդիկ գյուղն ուրիշ գործ ունին»:

Շուշան Շեկոյանը ծնունդով Շիրակի մարզի Հացիկ գյուղից է: Ջաջուռ հարս է եկել 22 տարեկանում: Ամուսնուն՝ Գևորգին, նախկինում չի ճանաչել, սիրահարված չի եղել, ամուսնացել են հայկական ավանդական եղանակով: «Էնքան Հացիկի սուրբը գնացի-եկա, մինչև կնկաս առա»,- ծիծաղում է զրույցին ներկա ամուսինը՝ Գևորգ Շեկոյանը: Կինը բարեհոգաբար ժպտում է: «Իրանց եզդի հարևանը պատճառ եղավ, բայց ես մինչև պսակվելս Գևորին տեսել էի: Շուտ-շուտ գուկար Հացիկ: Մեր տունը «Ծակ քար» գնացող ճամփի մոտն է: Ես հորթերը կտանեի ըդտեղ ջրելու: Օր եկան ընձի ուզելու, ըսի՝ քա, վա՜յ, ես էս տղուն գիդեմ, դեմքը ծանոթ է, վառավ ավտոյով մեր գյուղ էրթալ-գալով»:

Երեք աղջիկ ունեն Շեկոյանները: Շուշանը հասցրել է բոլորին էլ ամուսնացնել և արդեն 8 թոռ ունի: Ամուսիններով մենակ են ապրում Ջաջուռում՝ երկրաշարժից վթարված տանը: Գյուղերում աղետից անօթևան դարձած ընտանիքների համար նախատեսված բնակարանների գնման ծրագրին մասնակցել են, սակայն նախատեսված գումարով չեն կարողացել տուն գնել ու վկայականը վերադարձրել են: «Տների գները բարձրցել էր, մեզի 5 մլն 500 հազար դրամի վաուչեր էին տվել, թե գնացեք, տուն առեք: Գյուղում ծախու տուն չկար, ես էլ քաղաք չէի էրթա կվարտիրա առնեի, հո չէի տանի կովը շենքի 3-րդ հարկը կապեի,- նեղսրտում է Գևորգը,- իրանք էլ տեսան, օր մարդկանց մեծ մասը չի կռնա առնի, գոնե փողը տային էս տունը կարգի բերեինք, ապրեինք: Բայց իրանք պայման էլ ունեին, հենց նոր տուն առնեինք, հինը բդի քանդեինք: Տունը չեղավ, մենք էլ մարդ ու կնիկ մնացինք էս կիսաքանդ տան մեջ»:

Տունը զուրկ է ներքին հարդարանքից: Խիստ կարիք է զգացվում նորոգելու տանիքն ու հատակը: Շուշանի աշխատանքը հերիքում է միայն հանապազօրյա հացին ու կենցաղային որոշ հոգսեր թեթևացնելուն: Մեկ կով, մեկ հորթ և երկու հնդուհավ ունեն: Տան դիմացի հողամասում կարտոֆիլ ու լոբի է ցանում Շուշանը: Ասում է, որ հողագործությամբ չի սիրում զբաղվել, իրենը հաց թխելն է: 

«Հերանցս տունը մերս կթխեր, ես կօգնեի: Հետո օր հարս եկա, սկեսրոջս կօգնեի, իրանից հետո էլ հիմնականում ես եմ թխել: Թնդրի շուրթը նստել եմ ժաժքից հետո, էղավ արդեն երեսուն տարի: Իմ տանս ամսվա եկամուտը լավաշից է: Ոչ թոշակ կստանանք, ոչ նպաստ: Մեկ-մեկ խնդալով Գևորին կըսեմ՝ աշես ըդքան բդի ապրի՞մ, օր թոշակդ ուտեմ,- Շուշանը ծիծաղում է,- էն էլ հույս կուդա, թե մնաց երկու տարի, 64 տարիս լրանա, կստանամ: Իրա առողջությունը լավ չէ, հիմնական վազողը ես եմ, ինչ ձեռիցս գուկա, կենեմ, մեռնիմ ջանիդ, չենենք` ո՞վ մեզի բերե կուդա»:

- Իսկ լսե՞լ եք, որ ջաջուռցիները կատակով ասում են՝ Շուշանը չլինի` մենք անհաց կմնանք,- հարցնում եմ ժպտալով:

-Իրոք, տներ կան, որ ես չեղնիմ՝ անհաց կմնան,- Շուշանը եռանդով գլխով է անում,- հաշվել եմ, քչից 30 տան հաց ես կթխեմ: Առաջ ավելի շատ կենեի՝ 100-200 հատով:  Նոր տարուց առաջ ոչ քուն ունիմ, ոչ տուն գալ, եսիմ մինչև որ ժամը կմնամ, որ հաց թխեմ: Դեկտեմբերի 10-ից սկսած` կցուցակագրեմ, էդ քսան օրը կֆռամ տներով, որ հասցնեմ: Դեկտեմբերի 31-ին մե պատվերըմ կվերցնեմ: Վերջը, ես էլ եմ մարդ, ես էլ հանգստանալ գուզեմ:

-Էդ օրերին կնիկս խոպանչի է,- ծիծաղում է Գևորգը:

-Ես հաց թխելով կապրիմ, մեռնիմ ջանիդ: Մեզի պահողը լավաշն է: Կարևորն օր հեչ մարդուց պարտք չեմ ուզե: Հլը հակառակը՝ գուկան ընձնից գուզեն: Ընբես կուրխնամ, օր ըձնից պարտք գուզեն,- նկատում է Շուշանը,- շատ չէ՝ երկու հազար, հինգ հազար, երբ կունենամ՝ կուդամ, հետո կբերեն: Ես ընձի լավ կզգամ, օր մարդուն կօգնեմ: 

-Այսինքն, Ջաջուռում կան ընտանիքններ, որտեղ ամիսը գոնե երկու անգամ հաց ես թխում:

-Անպայման, հանկարծ օր կուշացնեն, 15 օրը կանցնի՝ կզանգեմ, կըսեմ՝ էս դուք չեք ուզե խմոր էնե՞, քելեք, ուշացրել եք, հացը թխեմ դուք հաց ունենաք, ես էլ՝ փող:

Նայում եմ Շուշանի տան գորշ պատերին, խորհրդային տարիներից հուշ մնացած կահույքին և հասկանում, որ ամուսիններին պահողն իրենց կենսախինդ բնավորությունն է: Շեկոյաններն արդեն հույս չունեն, թե նոր բնակարան կունենան, պետությունն այս պահին որևէ ծրագիր չի առաջարկում որպես փոխհատուցում, իրենք էլ գումար չունեն եղածը վերանորոգելու: «Տանիքը կկաթա, հատակը պիտի փոխվի, էն պատերը ներկելը հեչ՝ ներկը կառնիմ, փեսեքս գուկան կենեն,-ասում է Շուշանը,- բայց էն կարևոր բաները սարքելու համար մենք գումար չունինք: Ես տունը բաղնիք էլ չունիմ: Դուրսը բիսետկա կա, ամառը ադյալը կկապեմ, ջուրը արևով կտաքնա, կլողնանք, ձմեռն էլ կերթանք Գևորի քրոջ, աղջիկներիս տները, ընդեղ կլողնանք»:

-Փաստորեն, ոնց հասկանում եմ, ձեր ամենամեծ երազանքը նոր տուն ունենալն է,-դիմում եմ ամուսիններին:

-Տունն իրա հերթին, բայց ամենաառաջին երազանքս մարդուս ավտո առնելն է,- Շուշանը կրկին ծիծաղում է,- ցուլիկըմ ունինք, մինչև փետրվար ծախեմ, լավ ավտոմ առնիմ: Գևորը կսե՝ սովետական «06»-ից լավը չկա, էդ ավտոյից գուզենք առնինք: Գոնե հարազատներիս տները էրթալուց շատ չնեղվինք: Ըսքան ապրել ենք, խոմ ըսքան էլ չե՞նք ապրի: Կարող է լավ տուն ըդպես էլ չունենանք, բայց գուզեմ, որ մեր ավտոն ունենանք՝ հարազատությունից, էրթալ-գալուց չկտրվինք: Մեզի պահողն էլ էդ է:

Մեկնաբանություններ (1)

Սարգիս
Կոնտակտ կարող ե՞ք տալ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter