
Ռուսաստանը հրթիռակոծել է Օդեսան. մասամբ ավերվել է քաղաքի գլխավոր տաճարը
Հուլիսի 23-ի գիշերը ռուսական զորքերը հրթիռակոծել են Օդեսան։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության տվյալներով՝ հարձակման ընթացքում ռուսական կողմը կիրառել է 5 տեսակի հրթիռ։ Ուկրաինական ՀՕՊ ուժերին հաջողվել է խոցել 9 հրթիռ, այդ թվում` «Калибр» տեսակի 4 և «Искандер-К» տեսակի 5 հրթիռներ։
Օդեսայի հրթիռակոծության հետևանքով վնասվել է Օդեսայի նավահանգստի մի քանի օբյեկտ, վնասվել առնվազն 6 բնակելի շենք, այդ թվում` բազմահարկ, ինչպես նաև տասնյակ ավտոմեքենաներ։
Օդեսայի շրջանային զինվորական վարչակազմի ղեկավար Յուրի Կրուկը Օդեսայի հրթիռակոծությունն անվանել է լայնամասշտաբ պատերազմի մեկնարկից ի վեր քաղաքի պատմական կենտրոնին հասցված ռուսական ամենախոշոր հարվածը։
Հրթիռներից մեկն ընկել է քաղաքի կենտրոնում գտնվող Փրկչի Պայծառակերպության տաճարի վրա, որն Օդեսայի ուղղափառ խոշորագույն տաճարն է։ Տաճարը հիմնադրվել է 1795 թվականին։ Խորհրդային իշխանության տարիներին Փրկչի Պայծառակերպության տաճարը չէր գործում, իսկ 1936 թվականին այն ավերվել էր։ 2000-ական թվականների սկզբին տաճարը վերականգնվել էր իր նախկին տեղում։ 2010 թվականին այն օծել էր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ տաճարը մեծապես վնասվել է, կառույցում հրդեհ է առաջացել։ «Վնասվել են ուղղափառ սրբավայրերը։ Փլատակների տակից դուրս է բերվել Տիրամոր սրբապատկերը, որը համարվում է Օդեսայի հովանավորը»,- ասված է քաղաքային վարչակազմի հաղորդագրության մեջ։
Օդեսայի մարզային զինվորական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը հայտնել է, որ գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 1 մարդ, ևս 19-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, այդ թվում` 4 երեխա։ 14 մարդ հոսպիտալացվել է։
Տաճարից զատ, քաղաքում վնասվել է ևս 2 հուշարձան։ Նշվում է Գիտնականների տանը և Միխայիլ Ժվանեցկու զբոսայգում ավերածությունների մասին։
«Հրթիռներ` խաղաղ քաղաքների, խաղաղ շենքերի, տաճարի դեմ…։ Ռուսական չարիքին որևէ արդարացում չի կարող լինել։ Ինչպես միշտ, այդ չարիքը կպարտվի։ Եվ Օդեսայում անպայման պատասխան կլինի ռուսաստանցի ահաբեկիչներին։ Նրանք կզգան այդ պատասխանը»,- այսպես է գիշերային հարձակումը մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե խոցված բոլոր թիրախներում եղել են օտաերկրյա վարձկաններ։
Լուսանկարը՝ Վլադիմիր Զելենսկիի տելեգրամյան ալիքից
Մեկնաբանել