
Երկու անօդաչու հարձակվել է Մոսկվայի վրա. դրանցից մեկն ընկել է ՌԴ ՊՆ շենքի մոտակայքում
Անօդաչու երկու թռչող սարք հուլիսի 24-ի առավոտյան հարձակվել է Մոսկվայի վրա։ Այդ մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«Այսօր առավոտյան` մոտ ժամը 04:00-ին, գրանցվել է ոչ բնակելի երկու շենքերի ուղղությամբ անօդաչուների հարվածներ»,- տելեգրամյան իր ալիքում գրել է նա՝ հավելելով, որ լուրջ ավերածություններ և տուժածներ չկան։
ՌԴ պաշտպանության նախարարությունը պնդում է, որ խոցել է ուկրաինական երկու անօդաչու։
«Հուլիսի 24-ի առավոտյան կանխվել է Կիևի վարչակարգի կողմից երկու անօդաչուներով Մոսկվա քաղաքի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը: Ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով ուկրաինական երկու անօդաչու է խոցվել և կործանվել»,- ասված է ռուսական պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։
TACC-ի տվյալներով՝ առաջին անօդաչուի բեկորները հայտնաբերվել են Կոմսոմոլսկայա պողոտայի թիվ 17 հասցեի մոտ։ Դա հեռու չէ ՌԴ պաշտպանության նախարարության շենքից։
Երկրորդ անօդաչուն հարվածել է Լիխաչյովի պողոտայում կառուցվող բիզնես կենտրոնին։ Դրա հետևանքով կոտրվել են 17-րդ և 18-րդ հարկերի ապակիները:
Դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները։ Մոսկվայի քաղաքապետարանում հայտարարել են, որ երկու պողոտաներում երթևեկությունը դադարեցվել է։
Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ի վեր Մոսկվան մի քանի անգամ ենթարկվել է անօդաչուների հարձակման։ Մայիսի 3-ի գիշերը երկու անօդաչու հարձակվել էր Կրեմլի վրա։ ՌԴ իշխանությունները տեղի ունեցածն անվանել էին ահաբեկչություն և Վլադիմիր Պուտինի վրա հարձակման փորձ, որը, ինչպես նշվում է, այդ պահին եղել է մեկ այլ նստավայրում։ Մայիսի 30-ին էլ անօդաչուները դարձյալ հարձակվել էին Մոսկվայի և Մերձմոսկվայի մի քանի շրջանների վրա։
Լուսանկարը՝ moscowtimes.ru-ից
Մեկնաբանել