HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չեմ կարող առաջարկել ոչինչ՝ բացի արյուն, ծանր աշխատանք, արցունք ու քրտինք»

«Մենք խոսում ենք ցեղասպանության՝ արդեն ոչ թե նախապատրաստության, այլ ընթացող պրոցեսի մասին, որովհետև ձեզ հայտնի ոչ մի ցեղասպանություն այնպես չի եղել, որ մի օր արթնացել են ու սկսել կոտորել»:

Աղետի մասշտաբը վարչապետը ձևակերպեց «Ֆրանսպրես»-ին տված հարցազրույցում` ցեղասպանության պրոցեսը ընթացքի մեջ է:

Ի՞նչ է անում Հայաստանի կառավարությունը՝ ի պատասխանան սողացող ցեղասպանության:

  1. Հիմնական քարոզչամեքենայով՝ Հանրային հեռուստաընկերությամբ, տարածում է հուսահատություն ու կենդանական վախ՝ Հայաստանը որևէ այլ լուծում չունի՝ բացի խաղաղության պայմանագիրը: Հակառակ դեպքում՝ պատերազմն անխուսափելի է, բայց խաղաղության պայմանագիրն էլ խաղաղության երաշխիք չէ:
  2. Նման մասշտաբի վտանգն արձանագրած վարչապետի ուղերձն այս ահազանգից հետո պետք է լիներ համաժողովրդական համախմբումը՝ Կառավարության կոնկրետ գործողությունների շուրջ: Սակայն օրվա լրահոսը ֆիքսում է վարչապետին մեկ՝ գոմում՝ կովերի կաթնատվության, բեղմնավորման, անասունների սեռի մասին անկեղծորեն հետաքրքրվելիս: Մեկ՝ Արտաշատի փողոցների ասֆալտապատումը՝ որպես մեծ իրադարձություն ներկայացնելիս ու փողոցում պատահական արտաշատցիներին այդ կապակցությամբ շնորհավորելիս. «Քանդած էր, չէ՞, որ սարքել են»:
  3. Հայաստանն ունի պետականությունը պահելու մեկ ճանապարհ՝ ժամանակի պահանջներին իր հմտություններով բավարարող զինված ուժեր՝ համապատասխան զինատեսակներով: Այսինքն՝ պետական բոլոր միջոցները պետք է բաշխվեն այս առաջնահերթության պրիզմայով:
    Կառավարությունը, սակայն, որոշել է, որ անվտանգությանն ուղղված հիմնական մարտահրավերը մինչ օրս Ակադեմիական քաղաք չունենալն էր, պետք է շտապ կառուցել, որտեղ «տեխնոլոգիական, արվեստների, կրթական և սպայական կլաստերների հետ մեկտեղ իրականացվելու են հետազոտություններ ու մշակումներ ագրոտեխնոլոգիական ուղղվածության գերակայությամբ, ինչի նպատակով տարածքում տեղակայվելու են նաև անասնաֆերմա, փորձարարական վարելահողեր, ջերմոցներ, ինտենսիվ այգի, գինեգործական փորձարարական կայան, մեքենատրակտորային պարկ-անգարներ, կաթնամթերքի փորձարարական գործարան, կերային արտադրություն, ջրային ավազան, փորձարարական նպատակներով գործարկվող այլ հողատարածքներ»: Գումարած՝ ազգային ստադիոն: Ակադեմիական քաղաքով է անցնելու Երևան-ակադեմիական քաղաք երկաթգիծը, քաղաքի ներսում գործելու է տրամվայը…  Հանրայնացված հայեցակարգից երևում է, որ սա միլիարդավոր դոլարներ խժռող և մինչև 2030 թվականը ձգվող սև խոռոչ է:
  4. Գործողության մեջ է սողացող ցեղասպանությունը, պատերազմից հետո՝ այս քաղաքականությամբ, հարյուրավոր զոհեր ունենք, ռազմավարական դիրքերի կորուստ, այսքանից հետո ինքնապահպանման բնազդը զիջում է թշնամուն հնազանդությամբ գոհացնելուն. հնազանդությունը հաղթում է ինքնապահպանման բնազդին: 

Իսկ Ադրբեջանը մինչ այս պահը Ջերմուկից չորս կմ-ի վրա է, օկուպացված են Հայաստանի սուվերեն տարածքի հարյուրավոր կիլոմետրեր, Սյունիքի, Գեղարքունիքի ռազմավարական բարձունքները:

Եթե պատերազմն անխուսափելի է, միևնույն է, ինքնապաշտպանությունը չէ, որ դիտարկվում է որպես դրանից խուսափելու հնարավորություն. պիտի խաղաղության պայմանագիր մուրանք՝ հակառակ դեպքում նույն երգն է՝ պատերա՞զմ եք ուզում:

Պատմական տարբեր ժամանակներում շատ պետություններ կանգնած են եղել լինել-չլինելու խնդրի առաջ:

Հայաստանն էլ  այսօր նման վտանգի մեջ է: Այդպես էր նաև 1918-ի մայիսին: Մայիսի 21-ին Արամ Մանուկյանը տիրող հուսահատական մթնոլորտը ցրելու, կազմակերպվելու և դիմադրության պատրաստվելու կոչով դիմեց ժողովրդին.

«Ես եկել եմ հայտնելու ձեզ, որ թշնամին գրավել է Սարդարապատը և շարժվում է դեպի Էջմիածին: Մեզ մնում է մի բան, կամ զենք վերցնել ու դուրս գալ թշնամու առաջ, կամ կոտորվել ոչխարի պես... Ով ուզում է ապրել, առանց րոպե կորցնելու, թող վերցնի զենքը, վերցնի նաև երեք օրվա պաշար ու իսկույն ևեթ դիմի ուսուցչական սեմինարիայի շենքը՝ ցուցակագրվելու և այնտեղից էլ ճակատ ուղարկվելու համար: Ես իմ ասելիքս վերջացրի, այժմ ձեզ է մնում անելիքը»: Մեծ Բրիտանիայի պես պետությունն է անգամ եղել լինել-չլինելու առաջ:

«Ես չեմ կարող առաջարկել ոչինչ՝ բացի արյուն, ծանր աշխատանք, արցունք ու քրտինք,- սա Չերչիլի  խոսքն է՝ ուղղված ազգին, երբ Մեծ Բրիտանիան պետականությունը կորցնելու վտանգի առաջ էր՝  Գերմանիայի դեմ պայքարում:- Եթե մեր կղզու երկար պատմությանը վիճակված է ընդհատվել, ուրեմն դա տեղի կունենա միայն այն ժամանակ, երբ մեզնից յուրաքանչյուրը պառկած կլինի հողին՝ իր արյան մեջ խեղդվելով»:

Վարչապետը  այս տարվա մայիսի 28-ի իր ուղերձում ազդարարում է. «Բազմաթիվ դասերից այսօր ուզում եմ ընդգծել միայն մեկը. Հայաստանի Հանրապետությունում ապրելը քաղաքացու համար պիտի լինի հարմարավետ եւ շահավետ, բարեկեցությունն ու երջանկությունն այսօ՜ր պիտի լինեն եւ ոչ թե հեռավոր մի ապագայում եւ պատմական հանգույցները հանգուցալուծելու պահը հիմա է եւ ոչ թե հետո»:

Մտածողության այս տեսակը պատկերված է Ֆազիլ Իսկանդերի «Ճագարներ և վիշապներ» գործում. «Յուրաքանչյուր վիշապի հոգին ինչ-որ տեղ, ստամոքսի խորքում է, իսկ հայրենիքը վիշապի համար այն տեղն է, որտեղ նա հրաշալի սնունդ ունի»:

Իր ասուլիսում վարչապետը նշում է, որ 29 800 քկմ-ի մասին առաջին հայտարարությունից հետո տասնյակ հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան, հիմա արդեն այդ թիվը գիտեն: Սովորական է դարձել: Այդպես սովորական դարձավ, որ Ադրբեջանը կարող է Ջերմուկից 4 կմ հեռու գտնվել ու պահանջել Երասխում գործարանի կառուցումը համաձայնեցնել իր հետ և գնդակահարել աշխատողներին:

Այդպես սովորական դարձան, ինչպես Փաշինյանի ասուլիսում ձևակերպեց «Infocom.am»-ի լրագրողը՝
«Անջատում հանուն փրկության սկզբունքը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը դարձան Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման երաշխիքներ՝ Ադրբեջանի կազմում,

ՄԽ համանախագահության ներքո Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիան և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը վերափոխվեցին Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հրատապության,

սահմանազատման հարցով բանակցություններ սկսելու՝ զորքերի հետքաշման նախապայմանն ի չիք դարձավ, և ինչպես մեր սուվերեն տարածքում ադրբեջանական զորքերի ներկայությամբ այդ գործընթացի անընդունելիությունը փոխվեց՝ դառնալով իրադրությունը փակուղի մտցնելու քաղաքականություն դիտվելու վտանգ,

իրավական հիմքով անկլավների հարցի չգոյությունից հասանք քաղաքական մակարդակով անկլավների գոյության ընդունմանը,

Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման առաջնահերթությունը դարձավ Ադրբեջանի կողմից օրակարգ բերված աղդամյան հումանիտար միջանցք,

Զանգելանի և Կուբաթլուի՝ մեր վերահսկողության տակ եղած հատվածների հանձնումով չապահովվեց Սյունիքի անվտանգությունը, և ինչպես դրանից հետո շարունակվեց այս տրամաբանությունը, երբ իբր էսկալացիա թույլ չտալու համար հնարավորություն տրվեց ադրբեջանական կողմին տեղակայվել մեր սահմանից ներս»։

Ասուլիսում Փաշինյանը նորից փորձեց խորացնել հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը՝ Հայաստանն այսքան գումար է ուղարկում, ի՞նչ չի արել Հայաստանն Արցախի համար, ուզում եք Հայաստանը մատա՞ղ անել: «Մենք հասկանում ե՞նք, որ աշխարհում, եթե պարզվի, որ մեր մեկնաբանությունն է ճիշտ (ԼՂ անկախացումը ), պետություն չի մնա: Որովհետև բոլորը կինքնորոշվեն: Ռուսաստանի բոլոր բաները, Միացյալ Նահանգների, տենց ...Կատալոնիայի պատմությունը բոլորդ գիտեք …»:

Մենք հիմա չունենք Արամ Մանուկյան, Չերչիլ․ մենք հիմա չունենք համախմբող, որ կազմակերպի լինել-չլինելու պայքարը:

Ունենք խումբ, որը նախաձեռնել է «Հայաքվե» (ինքս էլ ստորագրել եմ, որ ձևակերպված հարցը՝ «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեորեն հետապնդվի», չտապալվի): Նախաձեռնողները՝ նախ՝ 50 000, ապա ԱԺ-ում մերժում ստանալուց հետո ակնկալում են հարցը հանրաքվեի դնելու համար հավաքել 300 000 ստորագրություն:

Կա նաև Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուն հավակնող ուժ, որն ակնկալում է գոնե 150 հազար ընտրողի ձայն, բայց այս երկու ուժերն էլ չեն համարձակվում համախմբող հանրահավաքներ կազմակերպել և դիմադրության շարժում սկսել՝ Նիկոլ Փաշինյանին պարտադրելով հրաժարվել նման օրակարգով բանակցություններից ու հասնել նրա՝ պաշտոնից ազատմանը, քանի որ վստահ չեն, որ գոնե մի քանի հազար քաղաքացի կմասնակցի:

Հուլիսի 25-ին, Արցախի իշխանությունների նախաձեռնությամբ տեղի ունեցավ համաժամանակյա բազմամարդ հանրահավաք Ստեփանակերտում և Երևանում: Մարդիկ քաղաքացիական մոտիվացիայով էին մասնակցում՝ առանց կուսակցական առաջնորդության: Քանի որ ժողովրդի դիմադրությունը կազմակերպող ուժ չկա, իսկ եղած կուսակցությունների վարկանիշը 0-ից առավելուգույնը՝ 2 % է, ամենակարևոր պայմանն է, որ այս գործընթացի առաջնորդությանն այդ կուսակցությունները չհավակնեն:

Քանի որ նախաձեռնության օջախը Ստեփանակերտից է, իսկ այն վիճակը, որում Արցախն է, շարժումը տաք է պահելու Ստեփանակերտում, դա կպարտադրի, որ Երևանում սկսվող դիմադրության գործընթացը չմարի: Դիմադրության առաջնային նպատակը պետք է լինի Փաշինյանին պարտադրել հրաժարվել Հայաստանն ու Արցախը մաս-մաս զիջելու օրակարգով բանակցելուց և հասնել նրա պաշտոնանկությանը:

Վահե Վարսանյան, «Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter