HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դավիթ Տոնոյանը կմասնակցի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը հայտնում է, որ Հակակոռուպցիոն դատարանը թույլատրել է Տոնոյանին օգոստոսի 1-ին եւ 2-ին մասնակցել Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին։ Պաշտպանական խմբի հայտարարությունը՝ ստորեւ։

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի կողմից ներկայացված միջնորդությունը իրեն ՀՀ ԱԺ «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված 44-օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով» ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուն թույլատրելու վերաբերյալ։

Դատարանը թույլատրել է Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով 2 օր՝ առավոտյան ժամը 9:30-ից մինչև հանձնաժողովի աշխատանքի ավարտը Դավիթ Տոնոյանի մեկնումը մինչև ԱԺ հսկիչ-անցագրային կետ, ապա ԱԺ հսկիչ-անցագրային կետից մինչև ՔԿՀ իրականացնել ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ վարչակազմի 1 ներկայացուցչի ուղեկցությամբ`առանց ձեռնաշղթաների:

Քննիչ հանձնաժողովին Դավիթ Տոնոյանի մասնակցությունը նախատեսված է սույն թվականի օգոստոսի 1-ին և 2-ին։

Ավելի վաղ՝ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթից հետո, Դավիթ Տոնոյանը հանդես էր եկել հայտարարությամբ՝ հայտնելով  քննիչ հանձնաժողով ներկայանալու և նույն՝ բաց ու հրապարակային եղանակով բացատրություններ տալու, ինչպես նաև անհրաժեշտությունն առաջանալու դեպքում պատերազմի ընթացքի վերաբերյալ քաղաքական զգայություն ունեցող և դասակարգված տեղեկատվության վերաբերյալ Քննիչ հանձնաժողովի անդամների հարցադրումներին փակ նիստում պատասխանելու պատրաստակամության մասին:

Դավիթ Տոնոյանի կողմից իր մասնակցությամբ Քննիչ հանձնաժողովի նիստը բաց և հրապարակային անցկացնելու պահանջը պայմանավորված է արդեն հայտնի դարձած հանգամանքների վերաբերյալ հասարակությանը ճշմարտացի տեղեկություններ հաղորդելու, ինչպես նաև հետագայում նրա կողմից հաղորդված փաստերը այլոց կողմից խեղաթյուրելու հնարավորությունը բացառելու անհրաժեշտությամբ։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին անհիմն, առանց որևէ ապացույցի մեղսագրվում է 01․08․2003թ․ ուժի մեջ մտած Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի կատարում, որը Դավիթ Տոնոյանը չի ընդունում։ Նշված քրեական գործով Դավիթ Տոնոյանն արդեն 1 տարի 10 ամիս կրում է ապօրինի կալանք, որը զուրկ է իրավական հիմքից և ունի բացառապես պատժիչ բնույթ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter