HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Լաչինի միջանցքի մոտ հետևում է հումանիտար բեռներով շարասյան շուրջ ստեղծված իրավիճակին

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը գտնվում է Սյունիքի մարզում՝ դեպի Լաչինի միջանցք տանող ճանապարհին, որտեղ Հակարիի կամրջի մոտ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարները սպասում են, որպեսզի ադրբեջանական կողմը թույլ տա անցնել ճանապարհին տեղադրված հսկիչ-անցագրային կետով։ Այդ մասին նշվում է ԵՄ դիտորդական առաքելության թվիթերյան միկրոբլոգում։

«Այսօր Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ԵՄ մեր դիտորդների հետ միասին, հայկական կողմից ուշադիր հետևում է Լաչինի միջանցք տանող ճանապարհի տեղաշարժին, որպեսզի առաջին ձեռքից ստույգ տեղեկատվություն ստանա ընթացիկ զարգացումների մասին»,- նշվում է թվիթերյան գրառման մեջ։

🆕 Today, Head of #EUMA Markus Ritter together with our 🇪🇺 monitors closely follows the ongoing movement on the road leading to the entrance of the Lachin corridor from the 🇦🇲 side to get first-hand and verified information on current developments. pic.twitter.com/AhJsCmC94O

— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) July 26, 2023

Լրագրողների հետ զրույցում Ռիտերը նշել է, որ անձամբ Կոռնիձորում է, որպեսզի հանրության համար տեսանելի լինի այն, ինչ կատարվում է: «Մեր առաքելության մեկնարկից ի վեր մենք պարեկություն ենք անում Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով, շփման գծի երկայնքով, մշտադիտարկում ենք իրավիճակը սահմանին: Մենք այցելում ենք հակամարտությունից տուժած բնակավայրեր և զեկուցում ենք Բրյուսելին, թե ինչ է կատարվում այստեղ, և դրանով աջակցում ենք խաղաղության բանակցություններին և Եվրամիության խաղաղարար ջանքերին: Լաչինի միջանցք մտնող ճանապարհը մեր պատասխանատվության գոտում է, և մենք դիտարկում ենք, թե ինչ տեղի կունենա այստեղ այսօր՝ տեղյակ չլինելով, թե ինչ է կատարվում»,- News.am-ի փոխանցմամբ ասել է նա։

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը «Լուրերի» հետ զրույցում էլ հայտնել է, որ բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: Ըստ նրա, ընդհանուր առմամբ, 19 բեռնատարներում 1-2 օրվա սպառման սնունդ է:

Հիշեցնենք, որ այսօր 400 տոննա հումանիտար օգնությամբ բեռնված մեքենաները Երևանից շարժվել էին դեպի Արցախ։ Հակարիի կամրջի մոտ բեռնատարներն արդեն շուրջ 2 ժամ է կանգնած են, քանի որ ադրբեջանական կողմը դեռևս թույլ չի տալիս անցնել անցակետը։ Հայկական կողմը նշում է, որ հումանիտար օգնության տեղափոխումն իրականացվում է ռուսական խաղաղապահ ուժերի հետ փոխգործակցությամբ։ Ընդ որում, հրապարակված կադրերից երևում է, որ ադրբեջանական կողմը նաև լրացուցիչ ուժեր է տեղակայել անցակետից ոչ շատ հեռու։ Ներկայումս, ըստ առկա տվյալների, ռուսական խաղաղապահ անձնակազմի հրամանատարությունը բանակցություններ է վարում ադրբեջանական կողմի հետ։

Լուսանկարը՝ Եվրամիության դիտորդական առաքելության թվիթերյան միկրոբլոգից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter