HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախ հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները դեռևս Կոռնիձորում են

Հայաստանից Արցախի Հանրապետություն հումանիտար օգնություն տեղափոխող բեռնատարները դեռևս Կոռնիձորում են։ Այս մասին «Հետք»-ին ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

Այսօր առավոտյան Հայաստանի կառավարությունը 361 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Բեռնատարներում շաքարավազ է՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք: 

Արդեն մոտ 3 ժամ է, ինչ ավտոշարասյունը Կոռնիձորում կանգնած է։

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանի խոսքով՝ Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը հումանիտար բեռները բնակչությանն օր առաջ հասցնելն է։

«Հայկական կողմը սահմանված կարգով դիմել է ռուսական խաղաղապահ ուժերին՝ բեռները ԼՂ բնակչությանը հասցնելու նպատակով։ Համապատասխան խողովակներով նույն տեղեկատվությունը փոխանցվել է նաև ադրբեջանական կողմին։

Բեռների խմբաքանակում ներառված ապրանքատեսակների և այլ համապարփակ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ սահմանապահ ուժերին և վերջինիս միջոցով՝ նաև ադրեբջանական կողմին։

Ակնկալում ենք Ադրբեջանի կառուցողական մոտեցումը հումանիտար աջակցությումը ԼՂ բնակչությանը հասցնելու ուղղությամբ՝ համաձայն իր ստանձնած, իրավական ուժ ունեցող պարտավորությունների»,-  «Լուրերի» հետ զրույցում նշել է Սարգսյանը։

Ավելի վաղ, Վարդան Սարգսյանը հայտնել էր, որ բեռնատարները Կոռնիձորի սահմանային հատվածում կմնան այնքան, մինչև կոնկրետ պատասխան ստանան ՌԴ խաղաղապահ ուժերից։

Լուսանկարը՝ «Արմենպրես»-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter