
Ավելի քան 3 մլն դրամ տույժ՝ «Սյունիք» ՍՊԸ-ին Արմավիրի մարզպետարանի չվճարած 230 հազ. դրամի համար
Արմավիրի մարզպետարանը Թաիրով գյուղի դպրոցը վերանորոգած «Սյունիք» ՍՊԸ-ին պակաս է վճարել 230 հազ. դրամ: Ընկերությունը դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով ոչ միայն 230 հազ. դրամը, այլև տույժ՝ ամեն ուշացրած օրվա համար: 2023թ. հուլիսի 21-ին դատարանը հայցը բավարարել է և մարզպետարանին պարտավորեցրել ՍՊԸ-ին վճարել 3 մլն 749 հազար դրամ, որից 3 մլն 367 հազարը՝ միայն տույժ:
«Սյունիք» ՍՊԸ-ի և Արմավիրի մարզպետարանի միջև 2017թ. մայիսի 16-ին կնքվել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագիր՝ մարզի Թաիրով գյուղի միջնակարգ դպրոցի հիմնանորոգման համար:
Պայմանագիրը կնքվել է ընդհանուր 154 մլն 800 հազ․ դրամ արժեքով: Քանի որ պայմանագրի գնից ավելի քիչ միջոցներ են նախատեսվել, կողմերը պայմանավորվել են, միջոցներ նախատեսվելու դեպքում, աշխատանքը կատարել փուլ-փուլ՝ լրացուցիչ համաձայնագիր կնքելու միջոցով:
Այդ ընթացքում մի քանի անգամ համաձայնագրով երկարացրել են աշխատանքների ավարտման ժամկետը՝ հաշվի առնելով փուլային վճարումը և աշխատանքների ավարտը նախատեսել 2019թ. դեկտեմբերին:
Սակայն, Արմավիրի մարզպետարանը թույլ է տվել վճարման կետի խախտում՝ ընկերությանը 230 հազ. դրամ պակաս վճարելով։ Ըստ պայմանագրի, ուշացրած յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ՝ վճարման ենթակա, սակայն չվճարված գումարի 0,05%-ի չափով։
«Սյունիք» ՍՊԸ-ն դիմում-պահանջ և մի շարք այլ գրություններ է ուղարկել մարզպետարան վճարումները կատարելու վերաբերյալ, սակայն՝ ապարդյուն:
Մարզպետարանի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ «Սյունքի» ՍՊԸ-ն ժամանակին չի կատարել աշխատանքները և ստիպված են եղել նույնիսկ դիմել Կառավարություն՝ կատարման ժամկետը մինչև 2019թ. դեկտեմբեր երկարացնելու խնդրանքով: Կարծել են, թե աշխատանքների կիսատ թողնելը բացասաբար կարող է անդրադառնալ ուսումնական գործընթացի վրա՝ հաշվի առնելով, որ վերանորոգման աշխատանքներն իրականացվում են դպրոցում:
Քանի որ ընկերությունը ժամանակին չի ավարտել աշխատանքները, գումարի մնացած մասը, մարզպետարանի փոխանցմամբ, վերադարձրել են պետական բյուջե: Ուստի, մատնանշելով ընկերության խախտումները, համարել են, որ չեն ունեցել ընկերությանը գումար վճարելու պարտավորություն և դատարանին խնդրել են հայցը մերժել:
Սակայն, դատարանը հիմնավոր է համարել «Սյունիք» ՍՊԸ-ի ներկայացրած 230 հազ․ դրամ բռնագանձելու պահանջը։
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մարզպետարանին պարտավորեցրել է «Սյունիք» ՍՊԸ-ին վճարել մոտ 3 մլն 749 հազ դրամ, որից 230 հազ դրամը՝ պայմանագրով չկատարած պարտավորության գումար, 3 մլն 367 հազ. դրամը՝ չկատարած պարտավորության համար հաշվարկված տույժ, 80 հազ. դրամը՝ փաստաբանի վարձատրության գումար, 72 հազ. դրամն էլ՝ ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Եթե այս վճիռն օրինական ուժի մեջ մտնի, պետական բյուջեից ընկերությանը ստիպված պետք է վճարվի 3 մլն 749 հազ դրամ՝ մարզպետարանի 230 հազ. դրամ չկատարած պարտավորության համար:
Մեկնաբանել