HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աղդամով ապրանքների մատակարարումը պետք չէ դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացմանն այլընտրանք. Ժոզեպ Բորել

Եվրոպական միությունը խորապես մտահոգված է նախկին ԼՂԻՄ-ի բնակչության վրա ազդող լուրջ հումանիտար իրավիճակով։ Այդ մասին նշվում է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարության մեջ, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը։ Եվրոպացի պաշտոնյան փաստում է, որ Լաչինի միջանցքով երթևեկությունը արդեն ավելի քան յոթ ամիս խոչընդոտվում է՝ չնայած այն վերաբացելու մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին:

Հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում կա դեղամիջոցների ու առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս կամ էլ դրանք արդեն սպառվել են, ինչը սարսափելի հետևանքներ ունի տեղի բնակչության համար։ «Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են երաշխավորել Լաչինի միջանցքով տեղաշարժի անվտանգությունն ու ազատությունը և թույլ չտալ ճգնաժամի հետագա սրում»,- հայտարարել է եվրոպացի պաշտոնյան։

Բորելը հավելում է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունել նաև Աղդամով ապրանքների մատակարարման՝ Ադրբեջանի իշխանությունների հայտնած պատրաստակամությունը։ «Սակայն սա չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացմանն այլընտրանք»,- ընդգծել է Բորելը։

Եվրոպացի պաշտոնյան շեշտում է, որ տարածաշրջանում լրջորեն տուժել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունը և կոչ անում վերսկսել այն՝ ներառյալ բժշկական նպատակներով տարհանումը և մարդասիրական օգնության առաքումը։

«ԵՄ-ն ընդգծում է, որ մարդասիրական հասանելիությունը կողմերից որևէ մեկի կողմից չպետք է քաղաքականացվի»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավարը՝ հավելելով, որ Եվրամիությունը և, մասնավորապես, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ակտիվորեն ներգրավված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի աջակցման, ինչպես նաև Բաքվի ու Ստեփանակերտի միջև երկխոսության խթանման գործում։

«Դա նաև պահանջում է բոլոր կողմերի անկեղծ հավատարմությունը բանակցությունների արդյունքներին և ապագային՝ հիմնված ընդհանուր շահերի ու փոխադարձ վստահության վրա»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ Xinhua / Alamy Stock Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter