HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Թբիլիսիում գործող հայապահպան կենտրոնը՝ «Հայարտուն»

«Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության ու էության ամենախոշոր փաստը, ինքնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը»:

Հովհ. Թումանյան

 

«Դրսում ապրող հայերը լեզվապահպանության հետ կապված միշտ էլ խնդիրներ են ունեցել ու կունենան: Հատկապես բազմազգ պետություններում կամ քաղաքներում մերոնք հեշտ են ձուլվում: Չէ, ուղիղ պարտադրանք չկա, քեզ չեն հարկադրում, պարզապես դու՝ լինելով փոքրամասնություն, սկսում ես հարմարավետության համար գործածել այն պետության լեզուն, որտեղ ապրում ես: Թբիլիսին բազմազգ քաղաք է: Այստեղ ապրող հայը, բացի իր մայրենիից, հավասարապես գործածում է վրացերենն ու ռուսերենը: Հիմա մենք ունենք երիտասարդության մեջ մի հատված, որ ավելի շատ վրացի են, քան թե հայ՝ իրենք խոսում, մտածում, գրում ու կարդում են վրացերեն: Թբիլիսում գործող «Հայարտուն» կենտրոնը միտված է այս խնդիրը լուծելուն, հնարավորինս հային հայ պահելուն»,- ասում է Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոնի տնօրեն Եվգենյա Մարկոսյանը:

Եվգենյան կրթությամբ մանկավարժ է: Մինչև «Հայարտուն» տեղափոխվելը, հայոց լեզու և գրականություն էր դասավանդում Թբիլիսիի թիվ 95 հայկական դպրոցում: 2010թ․-ին, Վրաստանի կառավարության որոշումով, դպրոցը լուծարվում է: Միաժամանակ փակվում են նաև Թբիլիսիի թիվ 131 և 146 հանրակրթական դպրոցներում գործող հայկական բաժինները: Խնդրի առնչությամբ Վրաստանի հայ համայնքը նամակով դիմում է Վրաստանի ԿԳՆ նախկին նախարար Դմիտրի Շաշկինին: Համայնքն իր մտահոգություններն էր հայտնում հայկական դպրոցի ու բաժինների լուծարման-վերակազմավորման վերաբերյալ՝ հուսալով, որ նախարարությունը չի ոտնահարի ազգային փոքրամասնությունների իրավունքները, խնդրին կտա այլ լուծում: Սակայն հայ համայնքի ակնկալած լուծումն այդպես էլ մնում է թղթի վրա:

«Մեր դպրոցի լուծարման գործընթացը սկսվեց մեզ հարևանությամբ գործող թիվ 81 ռուսական դպրոց տեղափոխելով: Պատճառաբանեցին, թե մեր շենքը վերանորոգվելու է: Բայց մենք այդպես էլ հետ չվերադարձանք: 2005թ․-ին Վրաստանի կառավարությունը որոշում էր ընդունել, որ այսուհետ դպրոցները պիտի ֆինանսավորվեն աշակերտների թվով: Մեր փակվելու պատճառներից մեկն էլ դա էր, քանի որ նոր տնօրինությունը չէր ցանկանում քիչ աշակերտներ ունեցող հայկական մասնաճյուղի մանկավարժական կազմին պահել,- բացատրում է Եվգենյան,-եթե աշակերտության թիվը բարձր լիներ, հայկական դպրոցները չէին փակվի: Ցավոք, շատ հայ ծնողներ գերադասում են իրենց զավակներին տանել վրացական կամ ռուսական դպրոցներ՝ մտածելով, որ դա կհեշտացնի երեխաների կյանքը աշխատանք գտնելու, առաջ գնալու առումով: Ներկայում Թբիլիսում գործում է մեկ հայկական դպրոց՝ թիվ 104-ը և հայկական բաժնով մեկ հայ-վրացական դպրոց՝ թիվ 103-ը»:

Երբ Թբիլիսիում իրար հետևից սկսում են փակվել հայկական դպրոցները, Վիրահայոց թեմի նախկին առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախաձեռնությամբ, 2010թ․-ին ստեղծվում է «Հայարտուն» կենտրոնը: Շենքը, որտեղ պետք է գործեր կենտրոնը, կառուցվել է սուրբ Էջմիածին եկեղեցու հարևանությամբ՝ ծնունդով թիֆլիսեցի, ռուսաստաբնակ գործարար Բորիս Սաակովի և վրացահայ մի շարք գործարարների հովանավորությամբ: Կենտրոնի պաշտոնական բացումը 2011թ․-ին էր: Առաջնահերթությունը տրվում է նախակրթարանի և մշակութային խմբերի ձևավորման ծրագրերին:

Եվգենյա Մարկոսյանը թեմի առաջնորդից առաջարկ է ստանում ներկայացնելու կրթական ծրագիր, որով պիտի առաջնորդվեր նորաստեղծ նախակրթարանը: «Ես կազմեցի մի ծրագիր, որը նման չէր ոչ Հայաստանում, ոչ էլ Վրաստանում գործող նախադպրոցական հաստատությունների ծրագրերին: Այն հավանության արժանացավ և հենց ինձ էլ առաջարկվեց իրագործել: Ճիշտն ասած՝ գրելը մի բան էր, կատարելն՝ այլ,- Եվգենյան ծիծաղում է,- ես դպրոցում բարձր դասարանցիների էի դասավանդել, փոքրերի հետ չէի աշխատել, բայց համաձայնեցի և ինձ նշանակեցին կենտրոնի կրթական և մշակութային մասի պատասխանատու: Այն ժամանակ կենտրոնի տնօրենը Լևոն Չիդիլյանն էր: Հետո, երբ 2018թ․-ին ինքը գնաց, տնօրեն նշանակվեցի ես»:

Եվգենյան պատմում է, որ նախակրթարանի ծրագիրը սկսել են 8 փոքրիկով, մինչև տարեվերջ երեխաների թիվն ավելացել է՝ հասնելով 25-ի: Ներկայում նախակրթարան է հաճախում 60 երեխա՝ երկու խմբով: Տարիների ընթացքում փոխվել է նաև նախակրթարան ընդունվող փոքրիկների տարիքային սահմանը՝ հիմա արդեն հնարավորություն ունեն հաճախելու 3,5 տարեկանից: Նախակրթարանը երկամյա է: «Մենք, կարելի է ասել, այն դարբնոցն ենք, որտեղ մեր սաները կրթվում և պատրաստվում են հայկական դպրոց հաճախելու: Չէի ասի, թե նախակրթարանն ավարտած երեխաների 100 տոկոսը, բայց 70 տոկոսն հաստատ գնում են հայկական դպրոց»,-նկատում է Եվգենյան: «Հայարտուն» կենտրոնի նախակրթարան հաճախում են նաև խառը ամուսնություններից ծնված երեխաներ:

«Հայարտանը» գործում են Վիրահայոց թեմի կրթության բաժնի իրավասության ներքո գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանը, «Սուրբ Գրիգոր Նարեկացի» շաբաթօրյա դպրոցը և «Սուրբ Եղիա մարգարե» կիրակնօրյա դպրոցը, ինչպես նաև մշակութային մի շարք խմբակներ՝ երգի, պարի, ազգային նվագարանների, վոկալ-գործիքային և այլն:

Սուրենը Աբրամյանը թեմի մշակույթի բաժնի պատասխանատուն է: 30-ամյա երիտասարդը մասնագիտությամբ երկրաբան-ինժեներ է: Կենտրոնում ղեկավարում է «Տարոն» ազգագրական պարերի համույթը: «Փաստորեն իմ կյանքում այնպես եղավ, որ ազգայինը ավելի վեր դասվեց, քան մասնագիտական կրթությունը,- Սուրենը ծիծաղում է,- պարել սկսել եմ 4 տարեկանից: Առաջին պարուսույցս Լիանա Կաշավանիձեն էր, բավական երկար եմ պարել իր մոտ: Հետո որոշեցի, որ պետք է դաշնամուր նվագել սովորեմ, նաև ձյուդոյի էի գնում: 2012թ․-ին իմացա, որ կենտրոնում հայկական ազգագրական պարեր են սովորեցնում: Եկա, սովորեցի, այստեղ ինձ շատ հավանեցին և որոշվեց, որ պետք է վերապատրաստվեմ ու ինձ ուղարկեցին Հայաստան»:

«Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանի մոտ է Սուրենը առավել խորությամբ տիրապետել ազգագրական պարերի այբուբենին: Կենտրոնում որոշել էին, որ երիտասարդը վերապատրաստումից հետո պիտի վերադառնա և հիմնի կանոնավոր պարի համույթ: Վիրահայոց թեմում սա շատ էին կարևորում, քանզի պարը նաև փոխանցում է սեփական ազգի պատմությունը: Առաջին վերապատրաստումը 2015թ․-ին էր, հետո արդեն յուրաքանչյուր տարի, երկու-երեք անգամ Սուրենը մեկնում է Հայաստան նոր պարեր ուսումնասիրելու և վերադառնում՝ փորձառությունը փոխանցելով սաներին: Երկու պարի խումբ ունի կենտրոնը՝ ավագ և կրտսեր տարիքի, ամեն խմբում՝ 25-ական հոգի:

«Կարող եմ ասել, «Հայարտունն» իմ արմատներին մոտենալու տունը դարձավ, որտեղ ես ավելի խորությամբ հասկացա, թե որտեղից եմ գալիս,- ասում է Սուրենը,- ինքս մշեցու սերունդ եմ թե՛ հորական, թե՛ մորական կողմից: Ես սա գիտեի, բայց «Հայարտունն» ինձ ավելի մոտեցրեց ու բացահայտեց իմ ինքնությունը»: Դուդուկի խմբի ղեկավար Իվանե-Վանո Մկրտչյանն, ինչպես Սուրենը, բոլորովին այլ մասնագիտություն ունի՝ ատամնաբույժ է:

-Ատամնաբու՞յժ,- զարմացած կրկնում եմ՝ չհավատալով լսածիս:

-Հա, ինչի՞ կզարմանաս, էդ պարող երկրաբան կլինի, դուդուկ նվագող ատամնաբույժ չի լինի՞,-ծիծաղում է Վանոն:

Վանոն դուդուկ նվագել սովորել է 16 տարեկանում: «1995թ․-ին հայկական «Հայք» անունով մի հատ երգի-պարի համույթ ունեինք: Ես գնացի այնտեղ երգելու, հետո տեսա, որ պարի խմբում տղեքի պակասություն կա՝ սկսեցի պարել: Խմբին հրավիրել էին փառատոնի, բայց պարզվեց, որ չունենք դուդուկ նվագող: Պարի խմբի ղեկավարն ինձ տվեց իր դուդուկը և ասաց, որ եթե սովորեմ, գնալու ենք Բուլղարիա: Մեկ շաբաթում երեք պարեղանակ սովորեցի, ու որպես խմբի դուդուկահար, մասնակցեցի փառատոնին: Դրանից հետո սկսվեց իմ տանջանքը,- Վանոն կրկին ծիծաղում է,- համերգներ, փառատոններ ու ես խմբին միանում էի արդեն որպես երաժիշտ»: 

43-ամյա ատամնաբույժ-դուդուկահար Իվանե Մկրտչյանը «Հայարտուն» կենտրոն եկել է բացված օրվանից, որպես անհատ երաժիշտ: Պատմում է, որ սկզբնական շրջանում մասնակցում էր տարբեր միջոցառումների, որ կազմակերպում էր թեմը, հետո կենտրոնի նախկին տնօրեն Լևոն Չիդիլյանը 2013թ․-ին որոշում է բացել դուդուկահարների և դհոլահարների խումբ՝ ղեկավար նշանակելով Վանոյին: «Պատկերացրեք, որ թիֆլիսահայ երեխեքը լավ էլ մեծ սիրով գալիս են դուդուկի էլ, դհոլի էլ: Կան, որ իրենց կամքով են գալիս՝ սիրելով, կան էլ, որ ծնողներն են բերում՝ համարելով, որ երեխան գոնե մի գործիքի պիտի տիրապետի, իրենք էլ պարծենալու բան ունենան,- նկատում է զրուցակիցս,- մենք մի տղա ունենք՝ համ պարում է, համ դուդուկ է նվագում, համ դհոլ է խփում: Որ միջոցառում ենք ունենում, մաման զանգում է, թե՝ իմ երեխեն պիտի երեք տեղն էլ երևա»:

Վիրահայոց թեմի ներկայիս առաջնորդ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանը նույն հոգածությամբ է վերաբերվում կենտրոնին, ինչ նրա հիմնադիրը՝ թեմի նախկին առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Բացի Թբիլիսիից, «Հայարտունը» մասնաճյուղեր ունի Բաթումիում, Ռուսթավիում և Օզուրգեթիում: «Մեր մոտ բոլոր խմբակները, ինչպես նաև նախակրթարաններն ու մեկօրյա դպրոցներն անվճար են,- ասում է Եվգենյան,- մենք ունենք բարերարներ, որ մեզ օգնում են, սակայն ֆինանսական հիմնական բեռը կրում է թեմը: Բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ կարևոր գործով ենք զբաղված և ամեն ինչ անում ենք մեր առաջ դրված խնդիրներն ամբողջությամբ լուծելու՝ հայոց լեզվի պահպանություն, հայկական մշակույթի փոխանցում սերնդեսերունդ և այլն: Գիտե՞ք, մեր կենտրոնի համար դրական ցուցիչ է նաև այն հանգամանքը, որ մեզ մոտ են գալիս օտարազգիներ՝ ցանկանալով հայերեն սովորել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter