
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակով
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը խիստ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների լուրջ իրավիճակով։ Այդ մասին նշվում է նրա անունից տարածված հաղորդագրության մեջ։ Եվրոպացի պաշտոնյան նշում է, որ իր մտքերն ուղղված են այն բնակիչներին, որոնք կրում են ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունը:
«Ես վճռականորեն կրկնում եմ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու իմ նախորդ կոչերը։ Ուշադրություն եմ հրավիրում Լաչինի միջանցքի վերաբերյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից յոթ ամիս առաջ սահմանված միջանկյալ միջոցների վրա»,- հայտարարել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։
Նա երկու կողմերին կոչ է արել մտնել իրական երկխոսության մեջ, ինչը կարող է նպաստել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժի ապահովմանը։ «Այս երկխոսությունը պետք է հանգեցնի լարվածության թուլացմանը և խաղաղության վերականգնմանը՝ նաև համապատասխան այն պարտավորությունների, որոնք Հայաստանը և Ադրբեջանը ստանձնել են ավելի քան 23 տարի առաջ Եվրոպայի խորհրդին անդամակցելիս», - եզրափակել է խորվաթ քաղաքական գործիչը։
Լուսանկարը՝ Եվրոպայի խորհրդի մամուլի ծառայության
Մեկնաբանել