HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի առջև տեղի է ունեցել բազմամարդ հավաք

Այսօր՝ հուլիսի 29-ին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի առջև տեղի է ունեցել բողոքի ակցիա` ԿԽՄԿ առաքելության ուղեկցությամբ Արցախից Հայաստան բուժման նպատակով տեղափոխվելիս ադրբեջանցիների կողմից առևանգված 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին վերադարձնելու պահանջով:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ` ԿԽՄԿ Արցախի գրասենյակի ղեկավարի հետ հանդիպել են Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, Ներքին Գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ քննարկելու և պարզաբանելու կատարվածը:

ԿԽՄԿ Արցախի գրասենյակի ղեկավար Կառլոս Մորացանին հավաքվածներին և առևանգված արցախցու հարազատներին տեղեկացրել է, որ իր հերթին հասկանում է ստեղծված իրավիճակը: Աշխատանքներ են տարվում՝ փորձելով գտնել լուծումներ:

Վագիֆ Խաչատրյանի դուստրը, ով  ուղեկցում էր նրան, հետ է վերադարձել Ստեփանակերտ և պահանջում է ԿԽՄԿ-ից ջանքեր գործադրել և անհապաղ վերադարձնել իր հորը։ «Հորս իմ ձեռքից վերցրել ու տարել են: Ամենածանր վիճակում գտնվում եմ ես և իմ ընտանիքը: Ժամանակ ենք տվել ԿԽՄԿ-ին վերադարձնել նրան: Սա միայն իրենց հեղինակության վրա է ազդում, և ամբողջ պատասխանատվությունը նրանց ուսերին ու խղճին է: Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հանդիպել ռուս խաղաղապահ զորակազմի ղեկավարի հետ, լսել նաև նրա կարծիքը այս իրավիճակի շուրջ։ Տեսնենք, թե նրանք ինչ լուծումներ են առաջարկում»,-նշել է Վագիֆ Խաչատրյանի դուստրը: Վագիֆ Խաչատրյանի եղբայրը՝ Գուրգեն Խաչատրյանը, մեզ հետ զրույցում ասել է, որ այսօր առավոտյան` ժամը՝ 06:00-ին, եղբորը բերել է Ստեփանակերտ՝ ԿԽՄԿ առաքելության միջնորդությամբ և նրանց մեքենայով ճանապարհելու Հայաստանի Հանրապետություն` բուժման նպատակով: Ճանապարհվել են 07:30-ին։
 

«Պահանջում եմ ԿԽՄԿ առաքելությունից, որպեսզի եղբորս տուն վերադարձնի այնպես, ինչպես այսօր առավոտյան վստահելով նրանց եմ տվել, որ տանեն բուժման»,-հավելել է Գ. Խաչատրյանը:

ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքով` ստեղծված իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ ոչ մի միջազգային կառույց ի վիճակի չէ ապահովելու արցախցիների անվտանգությունը։ «Մեր ժողովուրդը ո՛չ անգրագետ և ո՛չ էլ հիմար է, լավ է հասկանում իրավիճակը: Մենք ուզում ենք արձանագրել, որ կառույցներն անկարող են և բարձրաձայնել դրա մասին: Մենք պետք է բարձրաձայնենք եվրոպական բոլոր հարթակներին, որ ահա այսպես են երաշխավորում, երբ աշխարհի բոլոր երկրների կողմից վստահություն ունեցող կառույցը ի վիճակի չէ անգամ իր տարբերանշանը կրող մեքենայով մեր քաղաքացուն անվտանգ տեղ հասցնել»,-նշել է Գ. Ներսիսյանը: Հավաքի մասնակիցներն այնուհետև ոտքով շարժվել են դեպի ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնակայան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter