HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ աշխատակազմը և Շվեյցարիայի դեսպանությունը ծրագիր կիրականացնեն՝ ընդդեմ ընտանեկան բռնության

Այսօր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Կոնստանտին Օբոլենսկին ստորագրեցին համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է վերականգնել Հայաստանում ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց և երեխաների իրավունքները, իրազեկել կանանց և երեխաներին ընտանեկան բռնության վերաբերյալ իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունների, այդ թվում՝ ոստիկանության, դատախազության ու այլ պետական մարմինների պարտականությունների մասին։ Վեց ամիս շարունակվող այս ծրագիրն իրականացվելու է Երևանում ու մարզերում և ներառելու է ընտանեկան բռնությունից տուժած բազմաթիվ շահառուների։

«Կանանց և երեխաների ընտանեկան բռնության հետ կապված ամենամեծ խնդիրը դրա լատենտային, այսինքն՝ թաքնված բնույթն է։ Կա նաև մեկ այլ խնդիր, երբ ոստիկանության առանձին աշխատակիցներ որոշ դեպքերում փորձում են ոչ թե պաշտպանել իրենց դիմած բռնության զոհին՝ կնոջը, այլ մեղադրել նրան բողոքելու կամ բռնությունը հրահրելու մեջ»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

Կոնստանտին Օբոլենսկին նշեց, ընտանեկան բռնությունը մի երևույթ է, որը հանդիպում է ամբողջ աշխարհում։

Ծրագրի բյուջեն կազմում է 8 349 000 դրամ, որից 6 300 000 դրամը տրամադրում է Շվեյցարիայի դեսպանությունը Հայաստանում, իսկ 3 049 000 դրամը կազմում է պաշտպանի գրասենյակի ներդրումը։ Այն բաղկացած է մի քանի բաղադրիչներից՝ հեռուստա- և ռադիո հայտարարություններ և գովազդներ, իրազեկող նյութերի հրատարակություն և տարածում, ինչպես նաև իրավական և հոգեբանական օժանդակության ու խորհրդատվության տրամադրում: Ընտանեկան բռնության զոհերը կարող են պաշտպանին դիմել ինչպես 116 թեժ գծի միջոցով, այնպես էլ այցելելով պաշտպանի երևանյան և վեց մարզային գրասենյակներ։

«Աշխատելու ենք ոստիկանության համապատասխան բաժինների հետ և փորձելու ենք իրենց հետ հավաքել խնդրի հետ կապված ամբողջական ինֆորմացիան։ Հետևելու ենք, թե ինչպիսին է պետության արձագանքը նման դեպքերին և ծրագրի արդյունքում կկարողանանք ներկայացնել այնպիսի վիճակագրական տվյալներ, թե քանի կին, քանի երեխա ինչ տեսակի բռնության է ենթարկվել և, ամենակարևորը, ինչպիսին է եղել համապատասխան մարմինների արձագանքը։ Աշխարհում չկա մի վայր, որտեղ բռնություն չլինի, խնդիրն այն է, թե այն պետական մարմինները, որոնք պատասխանատու են կանխելու կամ պատժելու մեղավորներին, ինչպես են արձագանքում»,- ասաց Կարեն Անդրեասյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter