ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացել է ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը
Հունիսի 21-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը՝ ՀՀ-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի 2011թ. զեկույցը քննարկելու համար:
Հայաստանի պատվիրակությունը գլխավորում էին արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: ՆԱՏՕ+Հայաստան հանդիպումը նախագահում էր Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Աշոտ Հովակիմյանն իր ելույթում անդրադարձավ ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ գործողությունների Հայաստանի կողմից հաջող կատարմանը, մայիսի 6-ին տեղի ունեցած Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններին և այդ ընտրություններին միջազգային դիտորդական առաքելությունների տված դրական գնահատականներին, Հայաստանում իրականացվող ժողովրդավարական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ համագործակցության ընթացիկ վիճակին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և հատկապես հունիսին Հայաստանի սահմաններին, ինչպես նաև շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի իրականացրած սադրանքներին ու զինադադարի խախտումներին:
Դավիթ Տոնոյանը ներկայացրեց ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ փաստաթղթով սահմանված Հայաստանի պաշտպանական և անվտանգության համակարգերում կատարվող բարեփոխումները: Անդրադարձ եղավ ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին, մասնավորապես Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցման ուժերի առաքելությանը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների մասնակցությանը և առաջիկայում Կոսովո հայ խաղաղապահների վերատեղակայմանը, ՀՀ ԶՈւ ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ռազմական համագործակցության ծրագրերին ու միջոցառումներին:
Այնուհետև ՀՀ պատվիրակության ղեկավարները պատասխանեցին ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ներկայացուցիչների հարցերին: Դաշինքի ներկայացուցիչներն իրենց ելույթներում կարևորեցին Հայաստանին որպես ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկեր, երախտագիտություն հայտնեցին ՆԱՏՕ-ի խաղաղապահ գործողություններին Հայաստանի մասկացության համար, դրական գնահատեցին պաշտպանական, նաև քաղաքական բարեփոխումները, մայիսի 6-ին Հայաստանում կայացած ԱԺ ընտրությունները:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի պատվիրակները վերահաստատեցին իրենց պետությունների հավատարմությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման երեք հիմնական՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Հունիսի 22-ին ՀՀ արտգործնախարարի տեղակալի և պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Ա.Վերշբոուի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային խնդիրներին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել