ԱՄՆ դեսպանատան 50 մետրանոց նվերը Հայաստանի իրավապահներին
Հունիսի 22-ին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնապես բացեցին ՀՀ իրավապահ համակարգին ԱՄՆ կառավարության նվիրաբերած նորակառույց հրաձգարանը:
Ժամանակակից կահավորանքով հրաձագարանի երկարությունը 50 մետր է, ունի շարժական թիրախների համակարգ, նաև վարչական գրասենյակներ և ծառայողական տարածք:
Ոստիկանությունը հայտնում է, որ այս նվիրաբերությունը ԱՄՆ կառավարության կողմից իրականացվող օժանդակության ծրագրի շրջանակում է, որի նպատակը հանցավորության դեմ պայքարում և արդարադատության ոլորտում Հայաստանի իրավապահ կառույցների կարողությունների հզորացմանն աջակցելն է:
Վլադիմիր Գասպարյանն ու Ջոն Հեֆերնը ծանոթացան տեխնիկապես հագեցած հրաձգարանի հնարավորություններին, նաև փորձեցին իրենց հմտությունները: Իր շնորհավորական խոսքում ԱՄՆ դեսպանը մասնավորապես ասաց. «Ձեր ոստիկանները լավ պատրաստված են: ԱՄՆ կառավարությունը ուրախ է օժանդակել Հայաստանի կառավարությանը և իրավապահ մարմիններին՝ իրենց կարողությունները հզորացնելու և հմտությունները զարգացնելու գործում»:
Դեսպանի խոսքերով՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն իր նշանակումից հետո կառուցում է «մի համակարգ, որը նպաստում է կարևոր գործի՝ վստահություն ստեղծել ժողովրդի և ոստիկանության միջև»:
Իր հերթին Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Ես շնորհակալ եմ, որ ի սկզբանե ընդունել եք մեր գաղափարները և աջակցել: Մենք ուղղակի մտածում ենք միանման: Մենք ուղղակի ուզում ենք ստեղծել նորմալ, արդար, ազնիվ ոստիկանություն»:
Հրաձգարանում կարող են մարզվել նաև Հայաստանի իրավապահ համակարգի այլ գերատեսչությունների աշխատակիցներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել