HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանից. Ալիև

Բաքուն տարածքային պահանջներ չունի Հայաստանից։ Այդ մասին Euronews-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ Երևանը ևս չպետք է տարածքային պահանջներ ունենա, «եթե հայկական իշխանությունները ցանկանում են հասնել խաղաղության»։

«Հիմա օրակարգում դրված է խաղաղության մասին հարցը։ Եթե Հայաստանը խաղաղություն է ցանկանում, մենք դրան կհասնենք։ Որովհետև մենք չունենք Հայաստանի նկատմամբ որևէ տարածքային պահանջ։ Եվ մենք չենք ցանկանում, որ նրանք էլ ունենան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ»,- հայտարարել է Ալիևը։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ «այդ տարածաշրջանը պատկանում է Ադրբեջանին և մարդիկ, որոնք բնակվում են այնտեղ, ունեն պարզ ընտրություն` ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի կամ հեռանալ»։

«Նրանք ապրում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրեն` ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, ինչպես ցանկացած այլ ազգային փոքրամասնություն, որոնցով հարուստ է Ադրբեջանը, կամ էլ այստեղից հեռանալ։ Դա նրանց ընտրությունն է։ Ոչ թե, որ մենք ենք ուզում, որ նրանք հեռանան, և ոչ էլ, որ Հայաստանը մեզ մեղադրում է էթնիկ զտումների մեջ, ո՛չ։ Մենք նրանց ընտրության հնարավորություն ենք տալիս»,- հայտարարել է Ալիևը։

Ալիևը պնդել է, որ Ադրբեջանի կազմում ապրող հայերը «կունենան մշակութային, կրթական, մունիցիպալ ազատություններ, ինչպես նաև կապահովվի նրանց անվտանգությունը»։ «Ինչ վերաբերում է Ղարաբաղի հայերին, ապա նրանք չպետք է հետևեն իրենց, այսպես կոչված, առաջնորդներին։ Նրանք անընդհատ ստել են նրանց։ Ղարաբաղի հայերը պետք է հասկանան, որ լինելով ադրբեջանական հասարակության մաս՝ անվտանգության երաշխիքներով և իրավունքներով, այդ թվում՝ կրթական, մշակութային, կրոնական, մունիցիպալ, նրանք կկարողանան նորմալ կյանքով ապրել, նրանց այլևս չեն ենթարկի մանիպուլյացիայի։ Մենք նրանց նորմալ կյանք ենք առաջարկում»,- պնդում է Ադրբեջանի առաջնորդը։

Անդրադառնալով նաև Լաչինի միջանցքի փակ լինելու հարցին, Ալիևը հայտարարել է, որ «տեղաշարժի ազատությունն արգելափակված չէ»։ Հարցազրույցի ընթացքում Ալիևը նաև նշել է, որ պատերազմում հաղթելն իր կյանքի առաքելությունն է եղել։ «Պատերազմում հաղթելն իմ կյանքի կամ գոնե քաղաքական կյանքի առաքելությունն էր, և ես այն հաջողությամբ իրագործեցի։ Մենք վերականգնել ենք արդարությունն ու մեր տարածքային ամբողջականությունը ու հիմա խոսում ենք խաղաղությունից»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ «Ադրբեջանը այլ պատերազմ չի ուզում, ո՛չ հիմա և ո՛չ էլ ապագայում»։

Ի դեպ, նույն Euronews-ին հարցազրույց է տվել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պնդել է, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթները պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից և խախտված են։

«Ցավոք, օրինակ, շատ դրույթներ պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից և խախտված են: Դուք Ձեր հարցը նշեցիք՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, և դա հասկանալի է բոլորին: Բայց, օրինակ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սահմանված է «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտի գոյությունը, և Ադրբեջանի նախագահն էլ ստորագրել է այդ հայտարարության ներքո: Ավելին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք, որը սահմանված է եռակողմ հայտարարության 7-րդ կետով: Ավելին՝ նույն հայտարարության 7-րդ կետով սահմանված է, որ փախստականները և ներքին տեղահանված անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո: Ադրբեջանը, ցավոք, մինչև օրս այդ պարտավորությունը և այդ իրավունքը չի ապահովել: Ավելին՝ պատերազմի ընթացքում հայաթափված մի շարք գյուղերում իրականացնում են շինարարական աշխատանքներ, և Ադրբեջանը հայտարարում է, որ այդ տարածքները վերաբնակեցնելու է ադրբեջանցիներով»,- հայտարարել է Փաշինյանը։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter