HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների առաքումը համաձայնեցված չէր ադրբեջանական իշխանությունների հետ». Զախարովա

Չնայած Լեռնային Ղարաբաղ հումանիտար բեռների առաքումը համաձայնեցված չէր ադրբեջանական իշխանությունների հետ, ռուսական խաղաղապահ զորակազմը ակտիվորեն միացել է լուծման որոնումներին ու մշտական կապեր հաստատել երկու կողմերի հետ։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 

«Այս համատեքստում համարում ենք, որ ցանկացած մեղադրանք ռուս խաղաղապահների հասցեին հակաարդյունավետ է և չի արտացոլում նրանց իրական ավանդը երկրի իրավիճակի կայունացման ջանքերում։ Ուստի, շփումներ են հաստատվել, և ես կարծում եմ, դրանք կտան իրենց արդյունքները»,- հայտարարել է Մարիա Զախարովան։

Ըստ նրա՝ Մոսկվան շահագրգռված է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմամբ, այդ ուղղությամբ ռուսական կողմի ակտիվության նվազում չկա։

«Մենք լիովին շահագրգռված ենք եղել և մնում ենք շահագրգռված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջմղմամբ։ Մենք ամեն ինչ անում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և համաձայնության հասնելու համար, և մեր մնացած պարտավորությունները լիովին վերաբերում են Հարավային Կովկասին, դրանք մենք նույնպես կատարում ենք։ Ակտիվության ինչ նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին մի քանի ամիսների ընթացքում Ռուսաստանի մասնակցությամբ ամենաբարձր և բարձր մակարդակներով շփումների մի ամբողջ շարք է տեղի ունեցել»,- ասել է ռուսաստանցի պաշտոնյան։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նշել է, որ «բացարձակ անհասկանալի են» Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման մասին հնարավոր որոշման վերաբերյալ դատողությունները՝ «հատկապես այնտեղ առկա ծայրահեղ բարդ հումանիտար իրավիճակի ֆոնին»: 

«Մեր խաղաղապահները կարևոր գործառույթ են իրականացնում․ դա գերիների փոխանակումն է, ականազերծումը, հումանիտար օգնության տրամադրումը, միջադեպերի լուծումը։ Հայաստանի կառավարության տեսակետից այս գործողություններն օգտակար չեն։ Առաջին անգամ չէ, որ երկիմաստություններ կան։ Այն բանից հետո, երբ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղը ճանաչել են ադրբեջանական, ՌԴ-ի հասցեին ջանքերի անբավարարության մասով որևէ պահանջ տեղին չէ»,- հայտարարել է Զախարովան՝ հավելելով, որ առաջին անգամը չէ, որ ռուսական կողմը տեսնում է, որ «Հայաստանի իշխանության ներկայացուցիչները մի շարք հարցերի շուրջ ունեն երկակի դիրքորոշում»։

«Այդ իսկ պատճառով, կցանկանայինք, որ այդ կետով երկիմաստություններ չլինեն, որովհետև բառերով ձեռնածություն անելը լավ բանի չի հանգեցնի»,- հավելել է նա։

Խոսելով Լաչինի միջանցքի մասին՝ Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմն աշխատում է կողմերի հետ և վերահաստատում, որ Լաչինի միջանցքը շտապ ապաշրջափակելու և տեղի բնակիչների կյանքի համար նորմալ պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը կարևոր է։ «Իհարկե, շատ բան կախված է նաև քաղաքական կամքից և փոխզիջումային քայլերի պատրաստակամությունից։ Եվ այս դեպքում լարվածությունը կարելի է հանել, և դրա համար մենք աշխատում ենք կողմերի հետ»,- նշել է նա։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter