HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

News.am-ի գործով դատը հետաձգվեց

Այսօր Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ, կայացավ news.am լրատվական-վերլուծական գործակալության («Մեդիա Կոնսալտ» ՍՊԸ) դեմ Մուրադ Ասրյանի՝ պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության հայցով նախնական դատական նիստը:

Քանի որ նախորդ դատական նիստին հայցվոր Մուրադ Ասրյանը ցանկություն էր հայտնել փոխել հայցի առարկան, սակայն չուներ գրավոր միջնորդություն, այսօրվա նիստին ներկայացրեց այն: Մ. Ասրյանը վիճարկում է 2011թ.-ի փետրվարի 4-ին news.am կայքում հրապարակված Գագիկ Շամշյանի հեղինակած «Հերթական դատական հայցը անկախ լրատվամիջոցի դեմ. անգրագիտության կատարյալ օրինակ» հոդվածը և պահանջում է սույն գործով վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք օրվա ընթացքում կայքում հրապարակել հայցվորի պատասխանը, ինչպես նաև պահանջում է հոդվածում առկա ինչպես վիրավորանքի, այնպես էլ զրպարտության համար 1 ական միլիոն ՀՀ դրամ:

Մ. Ասրյանը դատարանին հայտնեց, որ հոդվածում տեղ գտած հետևյալ արտահայտությունները՝ «Ընդ որում, դատարանը վարույթ է ընդունել մի հայց, որն ապշեցնում է իր անգրագիտությամբ եւ օրենքի խախտումներով», «Դատավոր Էդիկ Ավետիսյանը ստիպված էր ժամանակ տրամադրել հայցվորի՝ Հայաստանի արիթմոլոգիական սրտաբանական կենտրոնի ներկայացուցիչ Մուրադ Ասրյանին՝ շտկելու հայցի ակնհայտ անգրագիտությունը», «Դիտարկումն, ի դեպ, անսպասելի էր Մուրադ Ասրյանի համար եւ վերջինս ողջամիտ որեւէ բացատրություն չկարողացավ գտնել: Դատավոր Էդիկ Ավետիսյանը մի կերպ «հուշեց-բացատրեց» փաստաբանին, որ նա միջնորդություն ներկայացնի եւ դատարանից ժամանակ խնդրի՝ հայցում պատշաճ պատասխանողի անունը նշելու համար» դիտում է որպես զրպարտություն, քանի որ դրանք չեն համապատասխանում իրականությանը և ներկայացնում են ոչ փաստացի տվյալներ:

Որպես վիրավորանք Մ.Ասրյանը դիտում է այն արտահայտությունը, որ լրագրողն իրեն անվանել է «անգրագետ»:

Հայցվորն նաև անդրադարձավ հոդվածում առկա լուսանկարին՝ մեկնաբանելով, որ պատասխանողների նկարները, մեղմ ասած՝ տարբերվում են իր նկարից: Նա դա նույնպես համարում է լրագրողի կողմից դիտավորություն, քանի որ վերջինս հայցվորին մի քանի անգամ նկարել է, սակայն տեղադրել է հայցվորի համար զրպարտիչ բնույթ կրող նկար:

Պատասխանողի ներկայացուցիչ Դ. Գրիգորյանը, անդրադառնալով Մ. Ասրյանի կողմից նշված զրպարտությանը և վիրավորանքին, դատարանին հայտնեց պատասխանողի դիրքորոշումն առ այն, որ լրագրողն անդրադարձել է հայցի անգրագիտությանը, քանի որ Մ. Ասրյանը որպես պատասխանող է ընդգրկել news.am-ին, սակայն վերջինս որպես քաղաքացիաիրավական հարաբերությունների սուբյեկտ չէր կարող հանդիսանալ, այն որպես իրավաբանական անձ չի գրանցված:

Այնուհետև ներկայացուցիչը հայտնեց, որ հայցվորը դատարան դիմելիս պահանջել է դրամական փոխհատուցում, սակայն պետական տուրք վճարել է ընդամենը 8 հազար ՀՀ դրամ, այն դեպքում, որ պետք է վճարեր առնվազն 48 հազար ՀՀ դրամ: Ըստ ներկայացուցչի՝ ակնհայտ կոպիտ սխալներով է հայցը դատարան մուտք արվել:

Դ. Գրիգորյանը դատարանին ներկայացրեց նիստի արձանագրությունից հատված, որտեղ դատավոր Է. Ավետիսյանը հուշումներ է անում Մ. Ասրյանին՝ նիստը հետաձգելու և պատշաճ պատասխանող ներկայացնելու վերաբերյալ միջնորդություն անելու: Նիստի ընթացքում դատավորի կողմից հաճախակի կրկնվում են արտահայտություններ, ինչպիսիք են «լսում եմ ձեզ», «ի՞նչ անենք հիմա»… : Այսքանով Դ. Գրիգորյանը դատարանին ներկայացրեց իրենց առարկությունները՝ նշելով, որ լրագրողն իր կարծիքն է հայտնել հայցի վերաբերյալ, այլ ոչ թե հայցվորի անձի վերաբերյալ:

Պատասխանողի ներկայացուցիչները խոսեցին ապացույցների բաշխում կատարելու մասին, սակայն Մ. Ասրյանը առարկեց՝ պարզաբանելով, որ պետք է ծանոթանա պատասխանողի գրավոր առարկությանը, այնուհետև անցնեն ապացույցների բաշխմանը:

Այսքանով նիստը հետաձգվեց մինչև հուլիսի 13-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter