
Հաղթողներն արժանի չեն այդպիսի վերաբերմունքի
«Բնակիչները բնիկ են, հողն ու բերքն արքունի, առատ են այգիները: Ծխերի թիվը՝ 160, արական բնակիչ՝ 614, իգական 461»: Այսպես է գրել Բերդավանի մասին եպիսկոպոս Մակար Բարխուդարյանցը 1895 թ. Բաքվում լույս տեսած «Արցախ» գրքում: 116 տարի անց Բերդավանի բնակչության քանակը եռապատիկ է՝ 3300: Անցած 20 տարում հարյուրավոր բերդավանցիներ են գաղթել՝ հիմնականում Ռուսաստան: Նրանք այնտեղ հարմարվել են եւ հազիվ թե ծննդավայր վերադառնան: Սակայն կապված են հայրենի գյուղի հետ: Օրերս ռուսաստանաբնակ Գեւորգ Թանդիլյանն ու Արթուր Ղազարյանը հարազատ գյուղի գերեզմանատանը եւ Բերդավանի գեղատեսիլ մի բարձունքում երկու խաչքար կանգնեցրին: Մոսկվաբնակ Հմայակ Չիլինգարյանը «Բերդ-96» ֆուտբոլային թիմին 2 հավաքածու համազգեստ եւ բազում գնդակներ է նվիրել: Կրասնոդարի երկրամասում բնակվող 11 բերդավանցիներ գումար են հանգանակել գյուղի երաժշտական դպրոցի շենքը նորոգելու համար:
Բերդավանի «առատ այգիներից» այժմ մնացել է 126 հա, որից 90 հա-ն՝ խաղողի այգի: Այս տարի ՄԱԿ-ի պարենային ծրագրով վարձակալական հողերում 2 հա դեղձի այգի է հիմնվել: Բերդավանն ունի 1217 հա վարելահող, ցանվել է ընդհանուր առմամբ 350 հա աշնանացան ցորեն եւ գարնանացան գարի: 510 հա տարածք ոռոգվում է Այրումի քառաստիճանի պոմպակայանի եւ Կողբ գետի ջրերը մղող պոմպակայանի շնորհիվ: 2008 թ. դեկտեմբերից Բերդավան համայնքը ղեկավարող 36-ամյա Արարատ Գաբրիելյանն ասում է, որ Այրումի քառաստիճան պոմպակայանի միջոցով ոռոգվող հողերը կարելի էր ավելացնել 115 հեկտարով, եթե քառաստիճանը լիարժեք գործեր: Կողբ գետում ջուրը չի հերիքում, ամռան տապին գետակը գրեթե չորանում է: Ի տարբերություն ոռոգման ջրի` Բերդավանը ապահովված է խմելու ջրով: Անցյալ տարի Ասիական բանկի ֆինանսավորմամբ «Հայջրմուղկոյուղու» կողմից սահմանամերձ շենի ջրագծի ներքին հին, մաշված ցանցը գրեթե ամբողջությամբ փոխարինվեց նոր խողովակաշարերով:
Արարված գործեր
Սահմանամերձ համայնքի այս տարվա բյուջեն 58 միլիոն դրամ է: Պետական բյուջեից լրավճարը կազմում է 37 միլիոն 631 հազար դրամ: 58 միլիոնից 10 միլիոն դրամը նախորդ տարվա մնացորդ է: Այդ գումարից 4 միլիոնը նախատեսված է գյուղնախարարության աջակցությամբ համայնքի համար «Բելառուս» մակնիշի տրակտոր գնելու համար: Գյուղապետ Ա. Գաբրիելյանը կատարած գործերի մեջ նշում է անցյալ տարի «Սի-Էյչ-ԷՖ» կազմակերպության եւ «Շեն» ԲՀԿ-ի աջակցությամբ եւ համայնքի 1 միլիոն 372 հազար դրամ ներդրումով հիմնական փողոցների գիշերային լուսավորության անցկացումը: Գյուղի գերեզմանատան հենապատը քանդվում էր եւ վտանգ կար, որ հողի զանգվածը՝ շիրմաքարերի հետ կլցվեր ներքեւ, գյուղի ֆուտբոլի մարզադաշտ: Անցյալ տարի ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի 750 հազար դրամ աջակցության եւ համայնքի բնակիչների հասարակական աշխատանքի շնորհիվ հենապատն ամրացվեց: Սակայն խնդիր է մարզադաշտի հանդերձարան ունենալը:
Սա կարեւոր է, քանզի «Բերդ-96»-ը հանդես է գալիս Հայաստանի մանկապատանեկան առաջնության «Ա» խմբում: Գյուղապետն, ով նախկին ֆուտբոլիստ է, հպարտությամբ ասում է. «Մեր թիմում խաղում են ոչ միայն Բերդավանի, այլ նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի տարբեր բնակավայրերից խաղացողներ: Նրանց ծնողները 20-30 կմ հեռավորությունից զավակներին մարզումների են բերում»:
Բերդավանում, ֆուտբոլից զատ, աշխույժ է նաեւ մշակույթը: Սակայն մշակույթի տունը արդեն շուրջ 20 տարի սպասում է նորոգման: Շենքը տուժել է ադրբեջանական հրետակոծությունից: Գյուղապետարանը իր սուղ հնարավորություններով որոշ նորոգում է կատարել, ռմբակոծությունից փշրված ապակիների փոխարեն պատուհաններին ցելոֆան է փակցրել: Սակայն տանիքը վնասված է, անձեւաջրերը ներս են թափանցում: Մեծ շենքը չկորցնելու համր ծածկի նորոգումը առաջնահերթ խնդիր է:
Տուժածները
Բերդավանցիները քաջության ցուցաբերեցին չհայտարարված պատերազմում, ակտիվորեն մասնակցեցին ոչ միայն հարազատ շենի, այլ նաեւ Նոյեմբերյանի ողջ տարածաշրջանի պաշտպանությանը: Նրանցից շատերը որպես կադրային զինվորականներ եւ պայմանագրային զինծառայողներ ներկայումս էլ պաշտպանում են սահմանը: Հրադադարի հաստատումից հետո «տակտիկական նկատառումններով», Նոյեմբերյանի զորամասի հրամանատարության կողմից նահանջ կատարվեց հաստատված դիրքերից: Բերդավանի Ղաղրմա, Սարհատ եւ այլ տեղանքներում 431 հա հող այժմ գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո կամ սահմանային վտանգավոր տարածքում: Այդ տարածքները կառավարության որոշմամբ ազատված են հողի հարկից:
Պատերազմը դեռ չի ավարտվել, միայն փխրուն հրադադար է: Սակայն զինվորական թոշակառու, բերդավանցի կապիտան Սերյոժա Ղուշչյանը այժմ դատվում է, որովհետեւ ոստիկանները ինսուլին սրսկվող ազատամարտիկի տանը ինքնաձիգի եւ «ՏԻՐ» հրացանի շուրջ 3 տասնյակ փամփուշտ են գտել:
Բերդավանը խիստ տուժեց 1997 թ. հուլիսի 18-ի երկրաշարժից, որի էպիկենտրոնը գյուղից քիչ հեռու է: 2010 թ. մայիսին ՀՀ Վերահսկիչ պալատը ստուգումներ կատարեց Տավուշի մարզում: Դրանց արդյունքում 2010 թ. հունիսից դադարեցվել է նաեւ Բերդավանի 5 ընտանիքին ընտանեկան նպաստի վճարումը: Վերահսկիչի ստուգող մասնագետները պատճառաբանել էին, որ Բերդավանի համայնքապետարանի կողմից 5 ընտանիքին տրված, տների վթարայնության վերաբերյալ տեղեկանքներն անօրինական են: 2003 թ. «Հայսեյսմշին» կազմակերպութան կատարած ուսումնասիրությամբ այդ 5 ընտանիքների տները ճանաչվել էին 3-րդ կարգի վթարային: Վերահսկիչի մասնագետները հայտարարել էին, որ համայնքապետարանն իրավունք չուներ այդ ընտանիքների տների վթարայնության տեղեկանք տալու, քանզի «Հայսեյսմշինի» կատարած ուսումնասիրության արդյունքները ժամկետանց են, հարկ է նոր մասնագիտական ուսումնասիրություն կատարել: Սակայն Բերդավանի համայնքապետարանը պարզել էր, որ ըստ օրենքի մասնագիտացված կազմակերպության տրամադրած եզրակացությունն ուժի մեջ է 10 տարի:
Դրանից հետո Վերահսկիչ պալատի ստուգողները Բերդավանի նշված 5 ընտանիքի վերաբերյալ փաստաթուղթը հանել էին Տավուշի մարզում կատարած ստուգումների իրենց եզրակացությունից՝ այդպիսով ընդունելով իրենց սխալը: 2011 թ. փետրվարին բերդավանցի 5 ընտանիքներին ընտանեկան նպաստի վճարումը վերականգնվել է: Սակայն հիշյալ ընտանիքները, որոնք սոցիալապես անապահով են, չեն ստացել 2010 թ. երկրորդ կիսամյակի նպաստը, որը դադարեցվել էր Նոյեմբերյանի տարածքային սոցիալական ծառայության կողմից: Նրանք 6 ամսվա ընտանեկան նպաստը ստանալու համար պատրաստ են դիմել դատարան: Պատերազմում հաղթած, հիմա էլ բազում զրկանքներ կրող բերդավանցիները պաշտոնյանների ավելի լավ վերաբերմունքի են արժանի:
Մեկնաբանել