
Մարիի սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Թադեւոսյանն այդպես էլ չընդունեց իր մեղքը
21-ամյա գյումրեցի Մարի Դավթյանի սպանության մեջ մեղադրվող Գեւորգ Թադեւոսյանը դեռ առաջին նիստին հայտարարեց, որ մեղքն ընդունում է մասնակի եւ արագացված դատաքննություն չպահանջեց: Երկրորդ նիստին, երբ դատարանն անցավ ամբաստանյալի դատաքննությանը, Գեւորգ Թադեւոսյանը կտրականապես հրաժարվեց նախորդ նիստին արած հայտարարությունից` ասելով, որ ինքն ընդհանրապես անմեղ է, եւ սպանությունը կատարել է դատակոչված վկաներից Հովհաննես Սահակյանը: Նիստը նախագահող դատավոր Էդվարդ Մանուկյանը ստիպված էր հրապարակել ամբաստանյալի՝ նախաքննական մարմիններին տված 4 ցուցմունքները, ինչպես նաեւ լրացուցիչ հարցաքննության կանչել վկաներից երկուսին, իսկ ամբաստանյալի աղջկան ու քրոջը ներգրավել որպես վկաներ:
Հունիսի 15-ի նիստին՝ նախքան դատական վիճաբանության փուլին անցնելը, դատավոր Մանուկյանը որոշեց մեկ անգամ եւս լսել ամբաստանյալին: Գեւորգ Թադեւոսյանի պնդմամբ՝ թե ոստիկանություն մեղայականով ներկայանալը, թե սեփական ձեռքով ցուցմունք գրել իրեն ստիպել են ոստիկանները: «Լավ, ենթադրենք ոստիկանները ստիպել են, որ Դուք ամենայն մանրամասնությամբ պատմեք, թե ինչ եք արել, իսկ ո՞վ էր ձեզ ստիպում, որ նույն բանը պատմեք հոգեբույժին»,- հարցրեց դատավորը: «Ես հեչ մե հոգեբույժմ էլ չեմ տեսել»,- նկատեց ամբաստանյալը: Դատարանը հրապարակեց նաեւ դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները: Ըստ փորձագետների՝ ամբաստանյալը մեղսունակ է, հանցանքը կատարելու ժամանակ չի գտնվել աֆեկտի վիճակում: Խիստ լարված, հուզական վիճակն է գերակշռել, որն էլ թոթափվել է Մարիի սպանությամբ:
Դատավոր Մանուկյանը հրապարակեց նաեւ հոր եւ աղջկա տեսաձայնագրված առանձնազրույցը մեկուսարանում: Հայրը խոստովանում է աղջկան, որ շատ վատ բան է եղել, ու դա կատարվել է նրա մեղքով: Իսկ այդ ընթացքում Ալվարդը լացել է ու անընդհատ կրկնել, թե ինչ պատասխան պիտի տա Սաքոյին: Հիշեցնենք, որ նմանատիպ սցենարով կատարված սպանության համար ամբաստանյալի տղան` Սարգիս Թադեւոսյանը, 2009 թ.-ին դատապարտվել է 12 տարի ազատազրկման:
«Տես, էս հատվածում դու ասում ես, թե՝ «աղջիկ ջան, ինչ արել եմ, քո պատճառով եմ արել: Դու ընձի կքրֆեիր, ընձի չէիր ուզե լսել: Հմի մորդ տիրություն էրա, ես չեմ էղնի, հաշվե օր խոպան եմ գնացել 6-7 տարով», փաստորեն սեփական պատժիդ չափն էլ ես սահմանել, ամբաստանյալ, եւ հիմա հրաժարվում ես` ասելով, թե ոստիկաններն են քեզ ստիպել խոստովանել: Դու աղջկադ մոտ խոստովանել ես արարքդ, էդտեղ բացի ձեզանից որեւէ մեկը չի եղել, որ ստիպեր, սրան ի՞նչ կասես, ամբաստանյալ»,- նկատեց դատավորը` նշելով, թե շատ բան չի կարող հրապարակել, որովհետեւ հայր ու աղջիկ խոսել են հայհոյանքներով, դրանք պարզապես անհնար է ներկայացնել դահլիճում նստածներին:
Մեղադրող դատախազ Սալոյանն իր ճառում նշեց, որ նախկինում՝ 1981 թ.-ին, խուլիգանության համար դատապարտված ամբաստանյալ Գեւորգ Թադեւոսյանի մեղքն ամբողջությամբ ապացուցված է: Նախաքննական մարմիններին տված ցուցմունքներում ամբաստանյալն ամբողջությամբ ընդունել է մեղքը եւ զղջացել: Սա կարող էր դիտվել, որպես մեղմացուցիչ հանգամանք ամբաստանյալի նկատմամբ պատիժ սահմանելիս, սակայն արդեն դատարանում, սկսած երկրորդ նիստից, Գեւորգ Թադեւոսյանը որոշեց հրաժարվել իրեն մեղսագրված արարքից եւ հայտարարել, որ անմեղ է: Մեղադրողը միջնորդեց դատարանին հանցավոր ճանաչել Գեւորգ Թադեւոսյանին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել ազատազրկման 13 տարի ժամկետով:
![]() |
Ամբաստանյալի քույրը, եղբայրը, աղջիկը |
Ամբաստանյալի փաստաբան Ռազմիկ Շիրոյանն իր պաշտպանական ճառում նշեց, որ Գեւորգը տառապում է թեթեւ մտավոր հետամնացությամբ: Ըստ պաշտպանի՝ իր վստահորդի աղջիկը եւս ունի տարօրինակություններ, քանի որ ոստիկանությունում ցուցմունք էր տվել, որ Մարիի տնակն ինքն է այրել, թեպետ փորձաքննության արդյունքներն այլ բան էին ասում: Եվ հնարավոր է, որ Գեւորգ Թդեւոսյանն էլ սպանություն կատարողը չէ: Փաստաբան Շիրոյանի պնդմամբ՝ ամբաստանյալն ունի մտավոր խնդիրներ, եւ դատարանը դա պետք է հաշվի առնի:
Հունիսի 22-ի դատական նիստին դատարանը լսեց ամբաստանյալ Գեւորգ Թադեւոսյանի վերջին խոսքը, որն ինչպես նախորդ նիստերին արված հայտարարությունները, իրարամերժ էր: Նախ նա խնդրեց դատարանից մեղմ մոտենալ, ներողություն խնդրեց` ասելով, որ աստվածավախ անձնավորություն է: Հիշեց տղային, ով նմանատիպ արարքի համար արդեն իսկ պատիժ է կրում, եւ հիմա ինքն է դատապարտվում, ու երկու դատապարտյալի բանտ ուտելիք հասցնելը ծանր խնդիր է լինելու կնոջ համար: «Ես օր ըստեղ եմ հասել, իմ զավակիս համար է, օր ինքը կանգնի ճիշտ ճանապարհին»,- հայտարարեց ամբաստանյալը` վերջում նորից հավելելով, թե ինքը կապ չունի Մարիի սպանության հետ:
«Ես չեմ հասկանում ձեր լոգիկան, ամբաստանյալ,- նկատեց դատավորը,- Դուք մի կողմից պնդում եք, որ չեք սպանել, մյուս կողմից էլ խնդրում եք մեղմ մոտենալ: Քո մեջ պայքար է գնում, ես հասկանում եմ` ասել, թե չասել ճաշմարտությունը: Լավ կլիներ, որ ազնիվ գտնվեիր թե դատարանի, թե քո նկատմամբ, այդ դեպքում հոգիդ էլ հանգիստ կլիներ: Դատարանն էլ իր հերթին կկողմնորոշվեր համաչափ պատիժ նշանակելիս: Եթե դու ընդունում ես մեղքդ, ապա դա մեղմացնող հանգամանք է, եւ դատարանը կարող է մեղմ մոտենալ պատժաչափը որոշելիս»:
Ամբաստանյալ Գեւորգ Թադեւոսյանն այդպես էլ չընդունեց իր մեղքը ասելով` վարվեք ինչպես կուզեք: Սույն գործով վճիռը Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանը կհրապարակի հունիսի 26-ին:
Մեկնաբանել