HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական ծրագիրը կփորձարկվի 16 ուսհաստատությունում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են «ԱԲ (արհեստական բանականություն) սերունդ» դպրոցական փորձարարական ծրագիրը և այն 16 ուսհաստատությունների ցանկը, որոնցում ծրագիրը կփորձարկվի 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2026 թվականի օգոստոս:

ԿԳՄՍ նախարարության հաղորդագրության համաձայն՝ նախագիծը և փորձարարական ծրագիրը մշակել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը: Դրանք իրականացվում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և ոլորտի կառույցների ու մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ։

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը «ԱԲ սերունդ» նախագծի առաջին բաղադրիչն է, որը փորձարարական ձևաչափով կներդրվի միջնակարգ կրթության երրորդ աստիճան (10-12-րդ դասարաններ) ունեցող ուսումնական հաստատություններում: Այն նպատակ ունի սովորողների շրջանում ձևավորելու մաթեմատիկայի և համակարգչային գիտության հիմքային կարողունակությունները, որոնք անհրաժեշտ են արհեստական բանականության ոլորտում մասնագիտանալու համար: Ծրագրի նպատակն է նաև բարձրացնելու աշակերտների գրագիտությունն ու մոտիվացիան ԱԲ և մաթեմատիկահեն մասնագիտություններում հետազոտական և նորարար ուղով շարունակելու համար, ձևավորել արհեստական բանականության վերաբերյալ բազային կարողունակություններ և գործնական գիտելիքներ:

Փորձարարական ծրագրով սովորողներն ուսումնասիրում են հետևյալ դասընթացները՝ համաձայն ծրագրի օրինակելի ուսումնական պլանի. 

  • խորացված մաթեմատիկա` համաձայն «Հանրահաշիվ և մաթանալիզի տարրեր» առարկայի նոր չափորոշչի և ծրագրի պահանջների և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի մշակած մեթոդաբանության,
  • մասնագիտական առարկաները (համակարգչային գիտություն (Python ծրագրավորում) և արհեստական բանականություն)՝ որպես ընտրովի առարկաներ՝ համաձայն հիմնադրամի մշակած և նախարարության կողմից երաշխավորված ծրագրերի և մեթոդաբանության, 
  • ԱԲ նախագծային ուսուցում։

Փորձարարական ծրագրի ուսումնական պլանով սահմանված մասնագիտական առարկաները նոր ներդրված դասընթացներ են և չեն փոխարինում հանրակրթական հիմնական ծրագրի ուսպլանով հաստատված առարկաներին։

10-րդ դասարանի ավարտին անցկացվում են մաթեմատիկայի և համակարգչային գիտության (Python ծրագրավորման), 11-րդ և 12-րդ դասարանների ավարտին՝ մաթեմատիկայի և արհեստական բանականության նախագծային ուսուցման ամփոփիչ ստուգողական աշխատանքներ և շնորհվում համապատասխան կրեդիտներ։ 12-րդ դասարանում սովորողներն իրականացնում են նախագծային ուսումնառություն՝ ձևավորելով 3-5-հոգանոց խմբեր։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter