HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շրջակա միջավայրի նախարարն ու Գերմանիայի դեսպանը այցելել են «Սևան» ազգային պարկ

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը և նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ աշխատանքային այցով եղել են «Սևան» ազգային պարկում` «SEVAMOD2. Սևանա լճի համար գիտության վրա հիմնված կառավարման գործիքների ստեղծում. Հայաստան» ծրագրի ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու և  լճից ջրի նմուշառման գործընթացին մասնակցելու նպատակով: Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Այցը մեկնարկել է Սևանա լճում նավով շրջայցով, որի ընթացքում «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, տնօրենի տեղակալ Գայանե Շահնազարյանը, ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության պետ Ամալյա Միսակյանը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Սարգիս Աղայանը և կենտրոնի Կիրառական հիդրոէկոլոգիայի լաբորատորիայի վարիչ Գոռ Գևորգյանը զեկույցներ են ներկայացրել ծրագրի ընթացքի վերաբերյալ: 

Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է SEVAMOD2 հայ-գերմանական գիտահետազոտական ծրագիրը, որը ֆինանսավորվել է Գերմանիայի Կրթության և գիտության դաշնային նախարարության կողմից (Funding ID 01DK20038), և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ -ի 60 % համաֆինանսավորվել է քիմիական անալիզների համար անհրաժեշտ գումարը:

Ծրագիրն ունեցել է երեք տարի տևողություն` 2020-23թթ.։

Ըստ հաղորդագրության՝ ծրագրի բոլոր նպատակներն իրականացվել են, այն հնարավորություն է տվել մոդելավորման միջոցով գնահատել Սևան լճի հիդրոդինամիկ պայմանները, սնուցիչների տեղաշարժման առանձնահատկությունները։ Բացի նախատեսված 1D մոդելից իրականացվել է նաև լճի 2D մոդելավորում (CE-QUAL-W2 լճային երկչափ մոդելի հիման վրա)՝ հիդրոդինամիկ և էկոլոգիական բաղադրիչներով։

Գնահատվել է կլիմայի փոփոխության պայմաններում Սևանա լճի հիդրոդինամիկ պայմանների փոփոխությունները և դրա ազդեցությամբ լճում ընթացող պրոցեսների փոփոխությունները։

Ծրագրի կարևոր բաղադրիչն էր նաև հեռահար զոնդավորման կիրառման հնարավորությունները, գնահատումը և վերլուծությունները։

Ծրագրի իրականացմամբ հնարավոր դարձավ Սևանա լճում սկսել կանոնավոր գիտահետազոտական և մոնիթորինգային աշխատանքներ:

Զեկույցներից հետո «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները լճից ջրի նմուշսռում են իրականացրել` պարզելու ջրի թափանցիկության աստիճանը և դրանում թթվածնի պարունակությունը:

Այցը շարունակվել է «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Հիդրոլոգիայի ծառայության Սևանի հիդրոօդերևութաբանական դիտարան (Սևան ՀՕԴ) այցով, որի ընթացքում նախարարին և դեսպանին ուղեկցել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

Այցի ընթացքում քննարկվել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, կլիմայի, կենսաբազմազանության, շրջակա միջավայրի մոնիթորինգի և այլ հարցերի լայն շրջանակ: Դեսպանն հետաքրքվել է իրականացվող ծրագրերով և միջոցառումներով: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման հանդիպումները և դաշտային այցերը հաճախակի դարձնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter