Կհաջողվի՞ իսպանացիներին առաջին անգամ պաշտոնական խաղում հաղթել ֆրանսիացիներին
Այսօր՝ Երեւանի ժամականով 22:45-ին Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտ դուրս կգան Իսպանիան եւ Ֆրանսիան: Սա, թերեւս, 1/4 եզրափակչի ամենասպասված հանդիպումն է. մրցելու են երկու հակառակորդներ, որոնց պայքարը բավականին հին ու անհաշտ պատմություն ունի: Բացի այդ՝ նրանցից մեկը Եվրոպայի ու աշխարհի գործող չեմպիոնն է, իսկ մյուսը՝ նախկին:
Գործող չեմպիոնները դեռ ոչ մի անգամ պաշտոնական խաղում չեն հաղթել ֆրանսիացիներին: 1984-ին «Եվրո»-ի եզրափակչում տանտեր Ֆրանսիան ՈւԵՖԱ-ի ներկայիս նախագահ Պլատինիի ու Բելոնի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց իսպանացիներին ու առաջին անգամ դարձավ աշխարհամասի չեմպիոն: «Եվրո-2000»-ի 1/4-ում էլ Զիդանի ու Ջորկաեֆի գոլերի շնորհիվ կրկին հաղթեցին ֆրանսիացիները եւ ճանապարհ հարթեցին դեպի չեմպիոնական բարձունք: Այդ խաղում Մենդիետան դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածը, սակայն խաղավերջում մրցավարը նշանակեց եւս մեկը, այնինչ Ռաուլը մի փոքր շեղ հարվածեց, եւ պիրենեյցիները դուրս մնացին պայքարից: 2006-ի աշխարհի առաջնությունում էլ 3-1 հաշվով հաղթեց Ֆրանսիան: Գոլերը խփեցին Ռիբերին, Վիեյրան, Զիդանը, իսկ հաշիվը բացել էր Վիլյան: Այդ ժամանակ էլ Դոմենեկի սաները հասան մինչեւ եզրափակիչ, սակայն պարտվեցին իտալացիներին: Ստացվում է՝ երբ ֆրանսիացիները խոշոր մրցաշարի որեւէ փուլում հաղթում են իսպանացիներին, արդյունքում հասնում են հաջողության:
Նշենք, սակայն, որ 2010-ին՝ աշխարհի չեմպիոն դառնալուց առաջ, ընկերական խաղում իսպանացիները 2-0 հաշվով հաղթել են ֆրանսիացիներին այն էլ Փարիզում:
Ընդհանուր առմամբ, թիմերը հանդիպել են 30 անգամ. 13 անգամ հաղթել է Իսպանիան, 11՝ Ֆրանսիան, 6 խաղ էլ ավարտվել է ոչ-ոքի: Հետաքրքիր է, որ 2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում այս թիմերն ընդգրկված են նույն խմբում:
Իսպանիա-Ֆրանսիա զույգի հաղթողը կիսաեզրափակչում հանդիպելու է պորտուգալացիներին:
Գրավառուները բարձր են գնահատում դել Բոսկեի սաների հաղթանակը: Այսպես՝ Իսպանիա՝ 1,77, ոչ-ոքի՝ 3,45, Ֆրանսիա՝ 5,1 («Տոտո»), Իսպանիա՝ 1,75, ոչ-ոքի՝ 3,4, Ֆրանսիա՝ 5,2 («Վիվառո»):
Լուս.՝ իսպանացիները՝ մարզման ժամանակ (AFP/Getty Images)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել