
Կերչի նեղուցում ծովային անօդաչուի հարձակման հետևանքով ռուսական հեղուկանավ է վնասվել
Կերչի նեղուցին մոտենալու պահին ծովային անօդաչուի հարձակման հետևանքով վնասվել է ռուսական «Սիգ» հեղուկանավը։ Այդ մասին նշվում է Ռուսաստանի ծովային ու գետային տրանսպորտի դաշնային գործակալության տարածված հաղորդագրության մեջ։
Ծառայության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ տեղի ժամանակով 23:20-ին (Երևանի ժամանակով՝ 00:20-ին)։ Ռուսական գերատեսչությունում նշել են, որ նավի անձնակազմը բաղկացած է 11 անձից, իսկ հարձակման հետևանքով տուժածներ չկան․ նավը մնացել է ջրի վրա։ Դեպքի վայր են ուղարկվել «Меркурий» և «Импульс» նավերը։
Հեղուկանավի վնասման մասին TACC գործակալությանը հայտնել են նաև Նովորոսիյսկ ծովային փրկարարական-կորդինացիոն կենտրոնից։ «Կարելի է ասել, որ հեղուկանավը վնասվել է նեղուցի տարածքում, միայն հարավից։ Անձնակազմն անվտանգության մեջ է, տուժածներ չկան։ Ծովային փրկարարական ծառայությունը զբաղվում է, դեպքի վայր են ժամանել նավաքարշ երկու շոգենավ»,- ասել են կենտրոնից։
Կրեմլամետ «Рыбарь» տելեգրամյան ալիքը պնդում է, որ հեղուկանավի անձնակազմը ողջ է։ Ռուսաստանցի ռազմական բլոգեր Յուրի Կոտենոկը իր ալիքում գրել է, որ հեղուկանավը վնասվել է ուկրաինական ծովային անօդաչուի հարձակման հետևանքով։
Ավելի ուշ, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հաստատել է, որ տեղի ունեցածն ուկրաինական հատուկ ծառայությունների գործողությունն է։
Օգոստոսի 4-ի երեկոյան ռուսական և ուկրաինական տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Ղրիմի կամրջի շրջանում, որը ՌԴ Կրանսոդարի երկրամասը կապում էր Ղրիմի հետ, պայթյուն է եղել։ Կամրջի վրա երթևեկությունը կանգնեցվել էր։ Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը հայտարարել է, որ ուժեղ ձայները, որոնք լսել էին տեղացիները, «Ղրիմի կամրջի հետ կապ չեն ունեցել», սակայն «հայտարարվել է հարձակման սպառնալիք»։
Լուսանկարը՝ Yoruk Isik / Reuters
Մեկնաբանել