HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Էդուարդ Հովհաննիսյան. «Ես հաճույք եմ ստանում Գյումրու բացիկային դեմքը հավերժացնելուց»

Սերը լուսանկարչության հանդեպ ի հայտ եկավ ուսանողական տարիներին: Դա նաև սեր էր բնության հանդեպ: Ծառ, ծաղիկ ու թուփ նկարող երիտասարդի համար մարդու ներկայությունն այդ համապատկերում անցանկալի ու անհասկանալի էր՝ համարժեք կատարյալն աղավաղող ինչ-որ բանի: Մտքով երբևէ անցնո՞ւմ էր, որ տարիներ անց կսիրահարվի հենց հոմո սափիենսին պահի ակնթարթում հավերժացնելուն, ասում է՝ ո՛չ: Գյումրեցի սթրիթ լուսանկարիչ Էդուրադ Հովհաննիսյանին քչերն են դեմքով ճանաչում: Սովորաբար ձգտում է «անտեսանելի» լինել նկարվողի համար: «Այլապես չեմ ստանա էն բնական վիճակները, որ կան իմ լուսանկարներում,-բացատրում է Էդուարդը,-երբ մարդը պատրաստվում է լուսանկարվել՝ արհեստական դիրքեր է ընդունում կամ էն դիրքը, որ իր կարծիքով ավելի սիրուն է իրեն դարձնում: Իսկ սթրիթ լուսանկարչության մեջ գրավականը հենց պատահականությունն է»:

Էդուրադը մասնագիտությամբ մանկավարժ է: Ավարտել է Գյուրու մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության բաժինը, սակայն երբեք մասնագիտությամբ չի աշխատել, կյանքը նրան աշխատանքային այլ ոլորտ էր վերապահել՝ զինվորականություն: Իսկ, որպես լուսանկարիչ, ճանաչելի դարձավ մեկ տարի առաջ, երբ ամեն շաբաթ սկսեց ֆեյսբուքում  հրապարակել լուսանկարներ՝ «Գյումրու դեմքերը» խորագրով: «Ես 2010-11թթ-ին էլ եմ լուսանկարել, բայց քանի որ այն ժամանակ մի 10-15 հետևորդ ունեի ֆեյսբուքում, դրանք լայն տարածում չունեցան,-նկատում է զրուցակիցս,-մի փոքր ալբոմ ունեմ էջումս այդ տարիների լուսանկարներից և հիմա, որ համեմատում եմ, պարզ երևում է, թե 10 տարվա կտրվածքով ինչ տիպի փոփոխություններ են եղել քաղաքում»:

45-ամյա լուսանկարիչը Գյումրիում ամեն շաբաթ-կիրակի փնտրում է հետաքրքիր դեմքեր: Զբոսաշրջիկների մեծ թվով պայմանավորված, հատկապես քաղաքի կենտրոնի դիմագիծը ոչ աշխատաքային օրերին կտրուկ փոխվում է, հնաբնակների համար անգամ օտարանում: 

«Չէ, ես օտարության զգացողություն չունեմ, ընդհակառակը ինձ համար այդ օրերին Գյումրին ավելի գրավիչ է, գունեղ, ավելի աշխույժ ու կենդանի օրգանիզմ է դարձել, քանի տարիներ առաջ էր,-շեշտում է Էդուրադը,-տուրիստներն իրենց հետ ահագին աշխուժություն բերեցին: Իրենք մեծ ազդեցություն ունեցան նաև տեղացիների վրա, թեկուզ հագուստի առումով: Ես չեմ ասում, թե լեննագանցիք վատ էին հագնվում, պիտի տուրիստը գար, որ լավ հագնվեին: Չէ, ասածս էն է, որ մի քանի տարի առաջ, քաղաքում տեղացի կինը դժվար թե շորթ՝ շատ կարճ շալվար հագներ, հիմա հագնում է, որովհետև մարդկանց աչքերին դարձել է սովորական: Որ ճիշտն ասեմ, ես հիմա նկարելուց շատ ժամանակ չեմ էլ կարողանում տարբերել գյումրեցուն օտարերկրացուց: Ամեն դեպքում հագուստով ու սանրվածքով շատ չեն տարբերվում, ինչպես նախկինում էր»:

Երկու հազարից ավելի լուսանկար՝ արված մեկ տարվա ընթացքում: Հրապարակել է ամենահետաքրքիրներն ու հաջողվածները: Դեռևս բողոքներ չի ստացել, որևէ մեկը չի պահանջել հեռացնել իր լուսանկարը համացանցից, թեպետ եղել է դեպք, երբ անկախ իրենից դարձել է մարդկային հարաբերությունների բացահայտման պատճառ: «Փողոցում լուսանկարելիս, դու չգիտես, թե գրկախառնված քայլող զույգերն ինչ առնչություն ունեն միմյանց նկատմամբ: Մտածում ես, որ եթե գրկախառնված, բացահայտ, բոլորի աչք առաջ շրջում են, ուրեմն թաքցնելու բան էլ չունեն, բայց...էս ընթացքում մի դեպք եղել է և ոչ թե բողոքել են, այլ շնորհակալություն են հայտնել, որ լուսանկարով տվյալ մարդու սուտն է բացահայտվել»:

Էդուրադը մտադիր է ապագայում հիմնել իր լուսանկարչական ստուդիան, սակայն կշարունակի նկարել Գյումրու փողոցներում: «Ես հաճույք եմ ստանում Գյումրու բացիկային դեմքը հավերժացնելուց,-ասում է Էդուրադը,-ամեն անգամ փնտրել ու գտնել հետաքրքիր դեմքեր՝ դա նաև քաղաքի պատմությունն է»:

Գլխավոր լուսանկարը՝ Արմինե Եգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter