
Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հարցով բանակցությունների մասնակիցները 2 հարց են համաձայնեցրել
Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում Ուկրաինայի հարցով բանակցությունների մասնակիցները, խորհրդակցությունների առաջին օրվա արդյունքներով, համաձայնության են եկել երկու հարցի շուրջ։ Այդ մասին հայտնում է DW-ն՝ հղում անելով Corriere della Sera-ի աղբյուրներին: Իտալական թերթի տվյալներով՝ մասնակիցներն այն կարծիքին են, որ խաղաղության ցանկացած համաձայնագրի հիմքում պետք է լինի «հարգանքը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ» ու ՄԱԿ-ի կանոնադրության գերակայության սկզբունքի պահպանումը:
Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խմբեր՝ քննարկելու հակամարտության կարգավորման Կիևի առաջարկած ծրագիրը: Այդ ծրագիրը նաև ենթադրում է 1991 թվականի սահմաններով Ուկրաինայի տարածքից ռուսական բոլոր զորքերի դուրսբերում, ինչպես նաև՝ «արդարության վերադարձ»:
Ջիդդայում քննարկվում են նաև քննարկման մասնակից պետությունների ղեկավարների հանդիպման հնարավոր ժամկետները: Թերթի աղբյուրների տվյալներով՝ նման գագաթնաժողով կարող է կայանալ մինչև տարեվերջ։
Ուկրաինայի հարցով երկօրյա խորհրդակցությունները Ջիդդայում ընթանում են օգոստոսի 5-6-ը։ Դրանց մասնակցում են ավելի քան 30 երկրների անվտանգության հարցերով խորհրդականներ։ Ռուսաստանը հանդիպմանը չի հրավիրվել։
Խորհրդակցության ժամանակ Բրազիլիան կոչ է արել բանակցություններին մասնակից դարձնել նաև ՌԴ-ին: «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության բանակցությունները պետք է տեղի ունենան հակամարտության բոլոր կողմերի մասնակցությամբ»,- ընդգծել է Բրազիլիայի նախագահի խորհրդական Սելսու Ամորիմը:
«Ցանկացած իրական բանակցություն պետք է ներառի բոլոր կողմերին։ Թեև Ուկրաինան ամենամեծ զոհն է, եթե մենք իսկապես խաղաղություն ենք ուզում, մենք այդ գործընթացին պետք է ինչ-որ կերպ ներգրավենք Մոսկվային», - ասված էր Ամորիմի հայտարարության մեջ։
Լուսանկարը՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալման ալ Սաուդը/ Getty Images
Մեկնաբանել