HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հումանիտար աղետի սահմանն անցել է, այժմ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք». Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստատեսությանը եւ ասել, որ իրավիճակն Արցախում վաղուց արդեն անցել է հումանիտար աղետ հասկացողության սահմանը, և «այսօր Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության ականատեսն ենք։»։ 

«Եթե ձևակերպելու լինենք՝ Արցախը մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է»,- նշել է Արայիկ Հարությունյանը։ 

Անդրադառնալով ներկայում առկա ծանր իրավիճակին, նախագահը նախ ընդգծել է առողջապահության համակարգում դեղորայքի լուրջ պակասը` մանրամասնելով, որ դեղատներում արդեն կյանքը փրկող դեղատեսակների սղություն կա և շուտով ընդհանրապես չեն լինի։

«Տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է։ Օրինակ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը առաջին կիսամյակում աճել են մոտ երկու անգամ։ Խոցելի են հատկապես հղիները, երեխաները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,որոնց առողջական վիճակը վատթարանում է թերսնուցման, սթրեսների և այլ պատճառներով»,- ներկայացրել է Արցախի հանրապետության ղեկավարը։

Խոսելով սննդի և մնացած այլ ապրանքների խնդրից, Ա. Հարությունյանը հիշեցրել է, որ օրեր առաջ Արցախի Հանրապետությունը հայտարարել է աղետի գոտի՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը հումանիտար աջակցություն կցուցաբերի, ինչպես աղետի պայմաններում իրականացնում է բոլորի համար։ Հայաստանը առաջինն է արձագանքել այդ հայտարարությանը և հումանիտար բեռով մեքենաների շարասյունը օրեր շարունակ կանգնած է Հակարի կամրջի մոտակայքում, իսկ Ադրբեջանն արգելում է այդ ապրանքների, առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրումը Արցախի Հանրապետություն։

Նախագահ Հարությունյանի խոսքով` տասնյակ հազար մարդկանց, որոնք զրկվել են եկամտի աղբյուրից, պետք է փոխհատուցում տրամադրվի։ Բացի այդ, շրջափակման հետեւանքով քայքայված տնտեսությունը հետագայում վերականգնելու համար տասնամյակներ են պահանջվելու։ «Այսինքն՝ մենք, իրոք, ականատեսն ենք ցեղասպանության և այդ առումով քայլեր պլանավորում ենք»,- ընդհանրացրել է Նախագահը։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter