HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես խուսափել դատական հայցերից և այլ իրավական վտանգներից. ուղեցույց լրագրողների համար

Ծանուցում. այս փաստաթղթում  ներկայացված տեղեկությունները հրապարակվում են բացառապես ծանոթության նպատակով, իրավաբանական խորհրդատվություն չեն և չպետք է ընկալվեն իբրև այդպիսին: 

Վերջին տարիներին ԶԼՄ-ների ազատության սպառնալիքներն աշխարհի մի շարք հատվածներոււմ մեծ թափ են հավաքել: Ապատեղեկատվության և COVID-19-ի համավարակի դեմ պայքարի քողի տակ առցանց տեղեկատվությունը վերահսկելու և քննադատական լրագրությունը լռեցնելու էլ ավելի հնարամիտ մեթոդների կիրառմամբ, անբարեխիղճ ռեժիմներն սկսել են ճնշման իրավական միջոցներ կիրառել:

Լրագրողները շարունակում են ենթարկվել բռնության և կամայական ձերբակալումների, ինչպես նաև՝ դառնում են գաղտնի հսկողության թիրախ, ինչը հատկապես ակնհայտ երևում է կոնֆլիկտային իրավիճակներում և ընտրությունների ժամանակ։ Այս հարձակումների համար, երբ ուժային կառույցների անդամները կամ ոչ պետական խմբավորումները անպատիժ կերպով բռնության են ենթարկում լրագրողներին, հաճախ որևէ մեկը պատասխանատվություն չի կրում:

Լրագրողները նաև աննախադեպ հաճախությամբ անհիմն դատական հայցերի են բախվում: Այս դատական հայցերը կամ ինչպես դրանք ընդունված է անվանել՝ «SLAPP»-ները (անգլ.՝ Strategic Lawsuits Against Public Participation, հայ.՝ Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության), միտված են վախեցնելու լրագրողներին և այլ անձանց, որոնք քննադատական տեսակետներ են հայտնում ազդեցիկ անհատների կամ կորպորացիաների գործողությունների վերաբերյալ: Հայցերը հաճախ հենվում են անհիմն, մակերեսային կամ չափազանցված պահանջների վրա և ներկայացվում են լրագրողի կամ իրավապաշտպանի վրա ճնշում գործադրելու, այլ ոչ թե իրավունքը պաշտպանելու նպատակով:

Խոսքի ազատության և անկախ լրագրության դեմ ուղղված ևս մեկ մարտահրավեր է առցանց տեղեկատվությունը վերահսկելու` պետության ձգտումը: Հաշվի առնելով բազմաթիվ երկրներում ավանդական լրատվամիջոցների համար առանձնահատուկ կոշտ և ռեպրեսիվ միջավայրը՝ համացանցը հաճախ դառնում է վերջին հարթակը, որտեղ կարող է ազատ և անկախ խոսք հնչել: Այնուամենայնիվ, պետությունները զանազան միջոցներով ավելի ու ավելի են մեծացնում առցանց խոսքի նկատմամբ ճնշումը: Բազմաթիվ երկրների տարածքում համացանցը խիստ վերահսկվում է կա՛մ կայքերի պարբերական արգելափակման, կա՛մ մշտական զտման միջոցով:

Անկախ լրագրությունը բախվում է հսկայական մարտահրավերների՝ սկսած ավտորիտար ռեժիմների կողմից ազատ խոսքը սահմանափակող հետադիմական օրենքներ կիրառելուց մինչև լրագրողական աշխատանքով արժանապատիվ ապրուստ ապահովելու անհնարինությունը։ Որպեսզի լրագրողները կարողանան այդ խնդիրները հաղթահարել, օգտակար կլինի, որ հասու լինեն միջազգային իրավունքով նախատեսված պաշտպանության միջոցներին: 

Սույն ուղեցույցն ամփոփ ներկայացնում է միջազգային իրավական չափանիշները և լրագրողների առջև ծառացած ամենատարածված մարտահրավերները: Այն ներառում է խորհուրդներ, թե ինչպես կանխարգելել լրագրողի ամենօրյա աշխատանքի հետ կապված իրավական սպառնալիքները, մեղմել դրանք և պաշտպանվել դրանցից։

Զրպարտություն և վիրավորանք (դեֆամացիա)

Զրպարտությունը ընդհանուր իրավական եզրույթ է, որը լայնորեն ընկալվում է իբրև իրավաբանական կամ ֆիզիկական անձի հեղինակությանն անարդարացիորեն վնաս հասցնող կեղծ հայտարարություն: Համաձայն Մարդու իրավունքների միջազգային իրավունքի (Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի)՝ զրպարտության որակումը կարող է ընկալվել իբրև անձի «պատվի և հեղինակության» դեմ «ապօրինի հարձակում»:

Յուրաքանչյուր երկիր ունի զրպարտության (և վիրավորանքի) մասին սեփական օրենքները: Ուստի, զրպարտության վերաբերյալ ցանկացած հայցի դեպքում պաշտպանության առաջին քայլերը համապատասխան ենթադատության որոշումն ու տեղական իրավաբանների հետ խորհրդակցելն են։

Զրպարտության մեջ մեղադրվելու ռիսկերից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու խորհուրդներ

Թեև լրագրողները չեն կարող ամբողջությամբ նվազեցնել իրավական ռիսկը, ստորև բերված են գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն նվազագույնի հասցնելու զրպարտության համար պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը.

Ասեք միայն այն, ինչ կարող եք ապացուցել, պահպանեք ձեր գրառումները, ստացեք հրապարակելու համաձայնություն, ստուգեք ձեր փաստերը, օգտագործեք վստահելի աղբյուրներ:

  • Ուշադրություն դարձրեք ձեր ասելիքին. հրապարակեք միայն այն, ինչ կարող եք ապացուցել: Հետևեք ձևակերպումների ճշգրտությանը և խուսափեք երկիմաստությունից:
  • Պահպանեք ձեր հետազոտության վերաբերյալ գրառումները այլ փաստաթղթերի հետ միասին: Եթե դուք պատրաստվում եք հավանական աղմկահարույց հայտարարություն անել որևէ ընկերության կամ անհատի մասին, պետք է կարողանաք ապացուցել, որ ձեր հրապարակումը ճշմարիտ է և հիմնված է փաստերի վրա, ուստի հնարավորինս շատ փաստեր հավաքեք:
  • Եթե գրառումները ներառում են աուդիո կամ վիդեո ձայնագրություններ, ապա կարևոր է, որ դուք ստանաք նյութի հերոս(ներ)ի գրավոր համաձայնությունը:
  • Միշտ ստուգեք ձեր փաստերը և օգտագործեք վստահելի և հավաստի աղբյուրներ: Ինքնաբերաբար մի ենթադրեք, որ այլուր գրված որևէ բանը ճիշտ է:
  • Հիշեք, որ ձեզ կարող են պատասխանատվության կանչել նաև վարկաբեկիչ հայտարարության վերահրապարակման համար: Հետևաբար, զգույշ եղեք, երբ խոսքը վերաբերում է մեղադրանքներն արտատպելուն: Նույնիսկ հավանական զրպարտչական թվիթի անմեղ ռիթվիթը դատական հայցի վտանգ է պարունակում:
  • Ինչ-որ բանի վերաբերյալ ձեր կարծիքը հայտնելիս հստակորեն նշեք, որ դա ձեր՝ առանց հետին մտքի ներկայացված սուբյեկտիվ գնահատականն է:
  • Եթե գիտեք, որ ձեր նյութը վարկաբեկիչ է, ստուգեք՝ արդյո՞ք այն հրապարակելու իրավունք ունեք: Կան որոշ բաներ, որոնց մասին կարելի է հաղորդել՝ անկախ նրանից, դրանք զրպարտում են որևէ մեկին, թե ոչ: Բայց նկատի ունեցեք, որ զրպարտության և վիրավորանքի մասին օրենքները տարբեր երկրներում տարբեր են, օրինակ՝ Միացյալ Թագավորության իրավական համակարգը հատկապես բարեհաճ է մամուլի դեմ զրպարտությանն առնչվող հայցերի հանդեպ:
  • Զրպարտության վերաբերյալ դատական հայցերը ժամանակատար և ծախսատար են: Անգամ գործը շահելու պարագայում, պաշտպանության ծախսերը ձեզ վրա կարող են շատ թանկ նստել: Ստուգեք ձեր` մասնագիտական գործունեության հետևանքով պատասխանատվության կանչվելու համար նախատեսված ապահովագրությունը և մտածեք մասնագիտական պատասխանատվության ապահովագրության մասին՝ պաշտպանելու ձեր ապագան, հատկապես, եթե ֆրիլանսեր եք:

Աղբյուրների պաշտպանություն

Հետաքննական լրագրության շատ աշխատանքներ հնարավոր չէին լինի առանց գաղտնի աղբյուրների կամ ազդարարների: Հանրային շահից բխող տեղեկությունների տրամադրման պատճառով այդպիսի աղբյուրներին ֆիզիկական, տնտեսական կամ մասնագիտական վրեժխնդրությունից պաշտպանելու համար հնարավոր է՝ նրանք անանունության կարիք ունենան: Ողջ աշխարհով մեկ լրագրողները սահմանել են էթիկական պարտավորություններ՝ չբացահայտելու իրենց գաղտնի աղբյուրների ինքնությունը: Գոյություն ունի նաև աղբյուրների պաշտպանության միջազգային ամուր իրավական ավանդույթ՝ ի նշան այն կենսական գործառույթի, որն իրականացնում են գաղտնի աղբյուրները «պահապան շան» կամ «հաշվետու» լրագրության ապահովման գործում: Աղբյուրների բացահայտման պարտադրումը բացասաբար է անդրադառնում խոսքի և ԶԼՄ-ների ազատության վրա, ինչպես նաև խոչընդոտում է տեղեկությունների ազատ տարածմանը։

Ինչպես խուսափել գաղտնի աղբյուրների արատավորման ռիսկերից կամ նվազագույնի հասցնել դրանք

Թվային անվտանգությունը անկախ լրագրողների առանցքային մտահոգություններից է: Համաձայն Թվային դարաշրջանում ազդարարների հետ աշխատող լրագրողների համար նախատեսված Պերուջայի սկզբունքների (անգլ.՝ The Perugia Principles for Journalists Working with Whistleblowers in the Digital Age), որը միտված է թվային հսկողության միջավայրում գաղտնի աղբյուրների հետ համագործակցության լավագույն փորձի շարադրմանը, աղբյուրների պաշտպանության հարցում օգտակար են հետևյալ կանոնները.

  • Պաշտպանեք ձեր աղբյուրները: Պաշտպանեք անանունությունը, եթե կա այդպիսի պահանջ:
  • Աղբյուրներին տրամադրեք ձեզ հետ «առաջին կապը» հաստատելու անհրաժեշտ ապահով միջոցներ:
  • Օգնեք պոտենցիալ ազդարարներին՝ հրապարակելով այն միջոցները, որոնցով նրանք կարող են կապ հաստատել ձեզ հետ՝ օգտագործելով անանուն և գաղտնագրվող կապուղիներ, ինչպես նաև դրանցից յուրաքանչյուրի հետ կապված ռիսկերը:
  • Գիտակցեք այն վտանգները, որոնց կարող են բախվել ազդարարները։ Ձեր աղբյուրին կամ ազդարարին բացատրեք թվային խոցելիության հնարավոր ռիսկերը:
  • Պատասխանատվությամբ մոտեցեք ձեր թվային պաշտպանությանը և օգտվեք գաղտնագրումից:

Օգտագործեք գաղտնագրում, գիտակցեք ազդարարման վտանգները, պաշտպանեք ձեր աղբյուրները, որոշարկեք իրավական կարգավորման շրջանակը:

  • Որոշեք ձեզ և ձեր աղբյուրին սպառնացող ամենամեծ վտանգները, և թե կոնկրետ ինչ քայլեր պետք է ձեռնարկել ձեր երկուսի պաշտպանության համար:
  • Այն դեպքերում, երբ կա դա անելու հնարավորություն և ապահովություն, ամբողջությամբ հրապարակեք փաստաթղթերի ու տվյալների հավաքածուների բնօրինակները, այդպիսով ընդգծելով նյութերում դրանց կարևորությունը:
  • Եթե աղբյուրի կողմից կա նման խնդրանք, ապահով կերպով ջնջեք նրա տրամադրած տվյալները՝ պաշտպանելու աղբյուրի գաղտնիությունը. դա համահունչ է էթիկական, իրավական և գործատուի առջև ստանձնած պարտավորություններին:
  • Համոզվեք, որ գաղտնի աղբյուրների և ազդարարների համար նախատեսված ցանկացած թվային պահոց ապահովում է անվտանգության պատշաճ մակարդակ, իսկ ավելի բարձր ռիսկայնությամբ նյութերի համար՝ անանունություն:
  • Հասկացեք գաղտնի աղբյուրներին և ազդարարներին պաշտպանող ազգային, տարածաշրջանային և միջազգային նորմատիվ իրավական բազան:

Թվային մեդիաիրավունքի նախագիծը (անգլ.՝ Digital Media Law Project) տալիս է նաև հետևյալ խորհուրդները.

  • Խոհեմություն ցուցաբերեք գաղտնիություն խոստանալիս. գաղտնիության խոստումը կարող է շահեկան լինել և՛ ձեզ, և՛ ձեր աղբյուրների համար: Սակայն նման առաջարկ կարելի է անել միայն բոլոր առավելություններն ու թերությունները մանրակրկիտ ծանրութեթև անելուց հետո:
  • Ուսումնասիրեք, թե արդյոք կարող եք օգտվել «լրագրողական արտոնություններից»՝ պաշտպանելու ձեր աղբյուրներին և չհրապարակված տեղեկությունները. որոշ երկրներում օրենսդրությունը նախատեսում է պաշտպանություն այն «լրագրողների» համար, որոնք ստանում են դատարան ներկայանալու ծանուցագրեր կամ այդ տեղեկությունները հրապարակելու իրավական պահանջներ:
  • Մտածեք, թե որտեղ եք պատրաստվում հրապարակել ձեր աշխատանքը. ձեր նյութի հրապարակման հարթակը կարող է ազդել ձեր աղբյուրներին պաշտպանելու և տեղեկություններ հավաքելու ձեր կարողության վրա:

Կիբերհանցագործությունների և ոտնձգությունների զոհ դառնալու վտանգները

Լրագրողներին հանդիպող շատ մարտահրավերներ կապված են նոր տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև թվային միջավայրում տվյալների շահագործման և վերահսկողության հետ: Լրագրողները պարբերաբար բախվում են մի շարք թվային սպառնալիքների. դրանցից են առցանց հետապնդումները, զրպարտության համակարգված առցանց արշավները, ֆիշինգային հարձակումները, կեղծ դոմեյնի կիրառմամբ հարձակումները, «մարդը միջանկյալ օղակում» (անգլ.՝ man-in-the-middle, MitM) տեսակի հարձակումները և «սպասարկման բաշխված մերժման» (անգլ.՝ distributed denial-of-service, DDoS) տեսակի թիրախավորումը: Պետական կառույցներին քննադատող լրագրողներին լռեցնելու, վախեցնելու, սպառնալու և վարկաբեկելու համար գնալով ավելի շատ են օգտագործվում «թրոլների բանակները»։ Բազմաթիվ իրավական համակարգեր աչքի են ընկնում մամուլի դեմ բռնություն գործադրողներին դատական պատասխանատվության ենթարկելու դանդաղկոտությամբ կամ վատ պատրաստվածությամբ. սա պայմանավորված է թույլ դատական համակարգով կամ հզոր անհատների կամ հենց պետության դեմ գործելու քաղաքական կամքի բացակայությամբ: Դատական անկախության նմանօրինակ բացակայությունը էապես բարդացնում է դատարանների միջոցով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու գործը:

Ի՞նչ է կիբերհանցագործությունը

«Կիբերհանցագործության» ճշգրիտ, համընդհանուր սահմանում գոյություն չունի, թեև միջազգային կազմակերպություններն այդ եզրը սովորաբար օգտագործում են համակարգչային ցանցերի կամ համացանցի միջոցով կատարված հանցագործության առնչությամբ: Սա կարող է գործողությունների լայն շրջանակ ընդգրկել՝ ներառյալ համացանցի օգնությամբ իրականացվող ահաբեկչական գործունեությունը և լրտեսությունը, համակարգչային ներքին համակարգերի ապօրինի կոտրումը, բովանդակությանն առնչվող հանցագործությունները, տվյալների հափշտակությունն ու մանիպուլյացիան, ինչպես նաև կիբերհետապնդումը (cyberstalking):

Կիբերհանցագործության տեսակները

  • Տվյալների գաղտնիության խախտումներ

Տարեցտարի ավելանում է տվյալների օգտագործումը, ներառյալ՝ անդրսահմանային տվյալների հոսքերի ծավալը. սա վերաբերում է հատկապես անձնական տվյալներին։ Այնուամենայնիվ, անձնական տվյալների հավաքագրման և մշակման համար պատշաճ կարգավորումների պակաս կա, ինչը կարող է լուրջ հետևանքներ ունենալ՝ ավելի ընդգծելով տվյալների պաշտպանության կարգավորումների կարևորությունը: Համաձայն Եվրոպական միության Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (անգլ.՝ General Data Protection Regulation of the European Union, GDPR) ՝ անձնական տվյալների խախտումն «անվտանգության խախտում է, որը հանգեցնում է անձնական տվյալների փոխանցման, պահման կամ մշակման ընթացքում պատահական կամ ապօրինի ոչնչացման, կորստի, փոփոխման, չարտոնված բացահայտման կամ մուտքի»։

  • Համացանցում հնչած արտահայտությունների քրեականացում

Կիբերհանցագործությունների մասին օրենսդրության նպատակը, սովորաբար, համացանցում հրապարակված անօրինական կամ վնասակար բովանդակության լայն շրջանակի դեմ պայքարն է: Դրա մեջ կարող են մտնել ահաբեկչական քարոզչությունը, ռասիստական բովանդակությունը, ատելության խոսքը, բացահայտ սեռական բնույթի բովանդակությունը (օրինակ՝ մանկական պոռնոգրաֆիա), հավատացյալների զգացմունքները վիրավորող բովանդակությունը, պետությունների և նրանց հաստատությունների քննադատությունը, ինչպես նաև այն բովանդակությունը, որի տարածումն արգելված է մտավոր սեփականության իրավատերերի կողմից:

  • Առցանց բռնություն, կիբերհետապնդում, կիբերբուլինգ

Գոյություն ունեն առցանց ոտնձգությունների զանազան միջոցներ՝ սկսած կիբերհետապնդումից և DDoS հարձակումներից մինչև դոքսինգ (անգլ.՝ doxing` պատժելու կամ վրեժխնդիր լինելու նպատակով ինչ-որ մեկի մասին անձնական տեղեկությունների հանրայնացումն է) և առցանց սեռական ոտնձգություն: Կիբերհետապնդումը (cyberstalking) համացանցում տեքստային հաղորդագրությունների, հեռախոսազանգերի կամ սոցիալական ցանցերի միջոցով անհարկի ոտնձգությունն ու ահաբեկումն է, որը խստորեն սահմանափակում է այլոց, և հատկապես խոցելի ու մարգինալացված խմբերի իրավունքների իրացումը առցանց տիրույթում: Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, առցանց ոտնձգությունը հաճախ թիրախավորում է մարդու անձնական կամ ֆիզիկական հատկանիշները, հատկապես խոցելի և մարգինալացված խմբերի, այդ թվում՝ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների և կանանց շրջանում, որոնք շատ ավելի ինտենսիվ են բախվում առցանց ոտնձգության սեռական դրսևորումների, քան տղամարդիկ: Առցանց ոտնձգությունների մեկ այլ միտում է այսպես կոչված կիբերբուլինգը (cyberbullying)՝ ատելություն պարունակող, ահաբեկող կամ սպառնալից հաղորդագրություններ, որոնք հաճախ ուղարկվում են սոցիալական ցանցերով:

Խորհուրդներ կիբերհանցագործությունների ռիսկերից խուսափելու կամ դրանք նվազագույնի հասցնելու վերաբերյալ

Media Defence-ը կին լրագրողների համար համացանցում պաշտպանվելու գործնական խորհուրդներ է պատրաստել.

  • Սոցցանցերում զգուշությամբ կիրառեք հեշթեգներ՝ խուսափելու համար որոշակի թեմաների վերաբերյալ թրոլների համակարգված հարձակումների թիրախ դառնալուց:
  • Սոցցանցերում իրական ժամանակում ձեր գտնվելու վայրի մասին տեղեկությոուններ մի՛ տարածեք. նման տեղեկության բացահայտումն անվտանգ է, երբ արդեն հեռացել եք դեպքի վայրից կամ ավարտել եք ձեր ռեպորտաժը: 
  • Երբ սպառնալիքները բացահայտ են դառնում, դրանց մասին պատմեք ձեր գործընկերներին, խմբագրին կամ ղեկավարությանը և նրանց հետ համագործակցելով՝ ձեր անվտանգությունն ապահովելու ընթացակարգեր մշակեք:
  • Ձեզ համար հնարավորություն ստեղծեք մշակելու ձեր վերապրածի զգացմունքային հետևանքները. խոսեք ընկերների, գործընկերների կամ մասնագետի հետ, որը կարող է օգնել ձեզ:
  • Դիտարկեք սպառնալիքի կամ հարձակման մասին այն հարթակին հայտնելու տարբերակը, որով դրանք ուղարկվել են, հատկապես, եթե ակնհայտորեն խախտվում են ծառայության պայմանները կամ վարքականոնը:
  • Խրախուսեք ձեր մեդիա կազմակերպությանը ստեղծելու անձնակազմի անդամներին ոտնձգությունների մասին տեղեկացնելու և երևույթի դեմ պայքարելու կանոնակարգ:
  • Հավելյալ տեղեկությունների համար օգտվեք IWMF-ի և TrollBusters-ի ռեսուրսներից:

Առանց անձի համաձայնության ինտիմ պատկերների տարածման դեպքերի համար Media Defence-ը խորհուրդ է տալիս նաև հետևյալ քայլերը.

  • Ձայնագրեք (և պատճենեք) առցանց հրապարակված նյութերը ՝ հանցագործությունը մշտապես փաստագրված ունենալու համար: Ձայնագրություններում պետք է արտացոլվեն նյութի հրապարակման ամսաթիվը, հարթակը, որտեղ այն հրապարակվել է, և հեղինակը: Այս հարցում արդյունավետ միջոց է սքրինշոթը:
  • Դիմեք հոգեբանական-սոցիալական և իրավական աջակցության:
  • Հաղորդում ներկայացրեք ոստիկանություն: Նույնիսկ եթե ձեր երկրի օրենսդրությունը չունի ինտիմ պատկերների՝ առանց համաձայնության տարածման վերաբերյալ հատուկ իրավական դրույթ, իրավախախտումը կարող է համապատասխանել գործող քրեական օրենսդրության որևէ հոդվածի:
  • Բողոք ներկայացրեք այն հարթակին, որտեղ հրապարակվել է նյութը: Օգտակար կարող է լինել նաև հարթակին ներկայացվող բողոքում ոստիկանություն ներկայացրած հաղորդման պատճենը ներառելը:

Լրտեսական ծրագրեր և թվային հսկողություն

Գնալով շատանում են լրագրողների հսկողության և մշտադիտարկման դեպքերը, ինչը կարող է ներառել այնպիսի միջոցների նպատակային օգտագործում, ինչպիսիք են վնասակար ծրագրերը, լրտեսական ծրագրերը (ինչպես երևում է Pegasus-ի հետ կապված վերջին սկանդալից), դեմքի ճանաչման ծրագրային ապահովումները և այլ գործիքներ, ինչպիսին սոցիալական մեդիայի մոնիտորինգն է: Հսկողությունն ու մշտադիտարկումը հաճախ օգտագործվում են որպես ահաբեկման գործիքներ՝ նպատակ ունենալով լռեցնելու լրագրողներին: Նման գործելակերպի զոհ դառնալու վախը սահմանափակող ազդեցություն ունի խոսքի ազատության վրա և կարող է նաև հանգեցնել ինքնագրաքննության: Պետությունների և կառավարությունների՝ գաղտնիության գործիքների (ինչպիսիք են գաղտնագրումն ու անանունությունը) սահմանափակմանն ուղղված միջոցառումները նույնպես խաթարում են լրագրողների անվտանգ և ազատ հրապարակումներ անելու հնարավորությունը. պատճառն այն է, որ այդ գործիքները թույլ են տալիս մամուլին շրջանցելու գրաքննությունը՝ տեղեկություններ ստանալու և հսկողությունից խուսափելու համար:

Հսկողության ռիսկերից խուսափելու/դրանք նվազագույնի հասցնելու խորհուրդներ

Հսկողության դեմ անվտանգության միջոցներ

Media Defence-ն ամփոփել է է Privacy International-ի 10 հանրահայտ սկզբունքները, որոնք նվազեցնում են հսկողության, այդ թվում՝ կառավարությունների կողմից իրականացվող լրտեսության վնասը: Այս սկզբունքներն ապահովում են մի շրջանակ, որը միտված է պաշտպանելու հիմնարար իրավունքները և, լավագույն դեպքում, գործում են ներպետական օրենսդրության հետ համակցմամբ՝ զգալիորեն սահմանափակելով թվային հաղորդակցության գաղտնալսման հնարավորությունները: Այս թեմայով համապարփակ աղբյուր է ARTICLE 19-ի «Խոսքի ազատության և գաղտնիության պաշտպանության համաշխարհային սկզբունքները» զեկույցը։ 

Խորհուրդներ ընդհանուր թվային անվտանգության համար

Լրագրողները, որոնք հատկապես խոցելի են լրտեսության ենթարկվելու տեսանկյունից, պետք է հետևեն լավագույն փորձին և կիրառեն տեղեկատվական անվտանգության պարզ կանոնակարգեր, որոնք կպաշտպանեն մասնավոր հաղորդակցությունները չարտոնված մուտքերից:

  • Եղեք ուշադիր և ընտրողաբար վերաբերվեք  այն տեղեկությանը, որը դուք կամավոր տարածում եք համացանցում: Մանրակրկիտ պահպանեք ձեր անձնական մուտքանունները, գաղտնաբառերը և կոնտակտային տվյալները. նույնը վերաբերում է նաև ձեր աղբյուրներին: Խուսափեք չպաշտպանված հանրային WiFi-ի օգտագործումից:
  • Մի այցելեք անծանոթ կամ չպաշտպանված կայքեր. հատկապես զգուշացեք նրանցից, որոնք չեն օգտագործում անվտանգ «https://» կարգավորումը: (Ձեր դիտարկիչի վեբ հասցեի տողում փնտրեք կողպեքի նշանը):
  • Որքանով հնարավոր է, հաղորդակցվեք գաղտնագրվող ալիքներով, ինչպիսիք են Signal-ը կամ Telegram-ը:
  • Ձեր էլեկտրոնային սարքերի վրա ուժեղ գաղտնաբառեր օգտագործեք և այնպես արեք, որ միևնույն գաղտնաբառը չօգտագործվի մեկից ավելի հաշիվների համար: Հաճախակի փոխեք ձեր գաղտնաբառերը:
  • Պաշտպանեք ձեր սարքերը և հնարավորության դեպքում անջատեք ձեր տեղորոշման ծառայությունները:

Լրագրողների պաշտպանության կոմիտեն (անգլ.՝ Committee to Protect Journalists, CPJ) առաջարկում է հետևյալ լրացուցիչ քայլերը.

  • Պարբերաբար թարմացրեք սարքերը, հավելվածները և դիտարկիչները:
  • Զգոն եղեք ֆիշինգային կամ սփուֆինգային հարձակումների նկատմամբ. սրանք WhatsApp խմբերի, սոցիալական մեդիայի հաղորդագրությունների, էլ-փոստի կամ SMS-ի միջոցով ուղարկված հաղորդագրություններ են, որոնք այնպես են քողարկված, կարծես ուղարկվել են վստահելի աղբյուրից, սակայն իրականում փորձում են ձեզ մոլորեցնելով տեղադրել վնասակար ծրագրեր: Խուսափեք նմանօրինակ հաղորդագրություններում ներդրված հղումների վրա սեղմելուց. փոխարենը՝ ստուգեք տեղեկությունը որոնման համակարգերի միջոցով կամ հրապարակված համարով անմիջականորեն ուղարկողին զանգահարելով:
  • Խմբագրությունների ՏՏ թիմերը պետք է բարձրացնեն վեբկայքերի անվտանգությունը՝ DDoS հարձակումներից պաշտպանվելու համար, ինչպես նաև տեղադրեն վեբ հավելվածների հրապատեր (firewall) և ավելացնեն սերվերների հզորությունը:
  • Ստուգեք ձեր հեռախոսում, նոթբուքում կամ ձեր սոցիալական ցանցերի հաշիվներում առկա տեղեկությունները: Իրականացրեք տվյալների կրկնօրինակում (backup) և այնուհետև ջնջեք փաստաթղթերը, լուսանկարները, տեսանյութերը և այլ նյութեր, որոնք պարունակում են անձնական տեղեկություններ ձեր, ձեր ընտանիքի կամ ձեր աղբյուրների մասին:
  • Հանգամանորեն խորհեք՝ արդյո՞ք արժե ձեր բջջային հեռախոսն ապաբլոկավորելու համար կիրառել այնպիսի կենսաչափական տվյալներ, ինչպիսիք են մատնահետքը (touch ID) կամ դեմքի ճանաչումը (facial recognition), քանի որ այս տվյալները կարող են օգտագործվել իրավապահների կողմից՝ առանց ձեր համաձայնության աղբյուրի մասին տվյալներին և տեղեկություններին հասանելիություն ստանալու համար:
  • Դուրս եկեք ձեր հաշիվներից և ջնջեք ձեր որոնման պատմությունը:
  • Փնտրեք ձեր անունը՝ օգտագործելով տարբեր որոնման համակարգեր և հեռացրեք այն բոլոր տվյալները, որոնք չեք ցանկանում՝ հանրայնորեն հասանելի լինեն:
  • Հետևեք ձեր հաշիվներում թրոլինգի ակտիվության ավելացման նշաններին:
  • Խոսեք ընտանիքի և ընկերների հետ առցանց ոտնձգությունների ռիսկերի և հնարավոր հետևանքների մասին: Համացանցային չարագործները հաճախ լրագրողների մասին տեղեկություններ են ստանում նրանց հարազատների և շրջապատի սոցցանցային հաշիվների միջոցով:
  • Օգտվեք վիրտուալ մասնավոր ցանցից (անգլ.՝ virtual private network, VPN), եթե մտահոգություն ունեք, որ ձեր ինտերնետ պրովայդերը հետևում է ձեր առցանց գործունեությանը, հատկապես, եթե դուք զգայուն թեմաներ եք հետազոտում: Նկատի ունեցեք, որ VPN ծառայությունը նույնպես կարող է գրանցել ձեր համացանցային գործունեությունը, ուստի դիտարկեք լավագույն VPN ծառայությունները:

Կեղծ մեղադրանքների կամ անհիմն ձերբակալման/կալանավորման ռիսկերին բախվելիս

Լրագրողներին կարող են մեղադրել ապօրինի գործունեության համար՝ հիմնվելով կեղծ մեղադրանքների վրա, ինչը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։ Ինչպես նշվում է ԵԱՀԿ Լրագրողների անվտանգության ուղեցույցում, այս մարտավարությունը կիրառվում է հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուսաբանումը ճնշելու համար, հատկապես, երբ այն վնասում է պետությանը, հասարակական գործիչներին կամ ազդեցիկ կազմակերպված խմբերին: Որոշ լրագրողներ անհիմն և կեղծ մեղադրանքներով ապօրինի բանտարկվում են. շատ այլ լրագրողներ, առանց երբևէ մեղադրանքի ներկայացման, երբեմն երկար ժամանակով ձերբակալվում են կամ հայտնվում նախնական կալանքի տակ: 

Կեղծ մեղադրանքների կամ ձերբակալման ռիսկերը նվազեցնելու/դրանցից խուսափելու խորհուրդներ

Շինծու մեղադրանքների հիման վրա անհիմն կերպով կալանավորվելու կամ դատապարտվելու վտանգը դինամիկ հասկացություն է, որը ժամանակի ընթացքում փոփոխվում է՝ կախված սպառնալիքների, խոցելիության եւ հնարավորությունների բնույթից: Սա նշանակում է, որ պետք է պարբերաբար գնահատել ռիսկերը, հատկապես, եթե փոխվում են ձեր աշխատանքային պայմանները կամ անվտանգային միջավայրը: Ռիսկն ընդունելի մակարդակի նվազեցնելու համար «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Անվտանգության ուղեցույցը լրագրողներին խորհուրդ է տալիս.

  • Նվազեցնել խոցելիության գործոնները: Խոցելիությունը կարող է կապված լինել գտնվելու վայրի կամ հեռախոսի հասանելիության բացակայության հետ, խոցելիությունը պայմանավորված է նաև ցանցերի և համակարգված պատասխանների բացակայությամբ:
  • Հզորացնել պաշտպանվածությունը. նման կարողությունների օրինակներ կարող են լինել անվտանգության կամ իրավական հարցերի վերաբերյալ ուսուցումները, թիմային համագործակցությունը, ինչպես նաև հեռախոսի և ապահով տրանսպորտի հասանելիության ապահովումը, փաստաբանների լավ ցանցերը, վախի դեմ պայքարի պատշաճ ռազմավարությունը և այլն:

Ի հավելումն, SEEMO-ի Անվտանգության ցանցի ձեռնարկն առաջարկում է հետևյալը.

  • Եթե դուք գտնվում եք ճնշման տակ կամ բախվում եք արտաքին սպառնալիքների, սակայն անկարող եք հրապարակայնորեն ապացուցել դա, միևնույն է՝ խոսեք այդ մասին լրագրողական շրջանակներում:
  • Ճնշման ցանկացած ապացույց՝ SMS կամ էլ-փոստի հաղորդագրությունները, փաստաթղթերը և աուդիո կամ վիդեո ձայնագրությունները, պահեք ապահով տեղում և փոխանցեք վստահելի մարդկանց:
  • Ուղղակի ճնշման կամ որևէ տեսակի վտանգի դեպքում, որը հնարավոր է ապացուցել, լրագրողը պետք է տեղեկացնի մամուլին կամ լրագրողական կազմակերպություններին, ինչպես նաև հանրությանը:
  • Լրագրողի կամ նրա ընտանիքի անդամի հանդեպ ցանկացած սպառնալիքի և ֆիզիկական հարձակման վերաբերյալ անհրաժեշտ է հաղորդում ներկայացնել ոստիկանություն և հրապարակել մամուլում:
  • Նման դեպքերում լրագրողական համերաշխությունը չափազանց կարևոր է։ Յուրաքանչյուր լուրջ սպառնալիքի կամ ֆիզիկական հարձակման մասին պետք է հայտնել միջազգային հանրությանը:

Սրանից զատ, CPJ-ը մշակել է Ֆիզիկական և թվային անվտանգության համալիր ժողովածու այն լրագրողների համար, որոնց սպառնում է ձերբակալում և կալանավորում.

Խորհուրդներ թվային անվտանգության վերաբերյալ 

  • Քայլեր ձեռնարկեք՝ ձեր սարքերը և ձեր տվյալները պաշտպանելու համար, նախքան հնարավոր ձերբակալումը կամ կալանավորումը: Սա կարող է նվազեցնել այլոց՝ ձեր և ձեր աղբյուրների մասին տեղեկություններ ստանալու հնարավորությունը: Իմացեք, թե ինչ տվյալներ (ներառյալ փաստաթղթերն ու լուսանկարները) են պահվում ձեր սարքերում և որտեղ են դրանք գտնվում:
  • Ջնջեք այն տվյալները, որոնք ձեզ վտանգի են ենթարկում: Նկատի ունեցեք, որ իշխանությունները կամ հանցավոր խմբերը, որոնք զարգացած տեխնոլոգիական հնարավորությունների են տիրապետում, ունակ են անգամ դրանից հետո վերականգնել ջնջված բովանդակությունը: Պարբերաբար մաքրեք ձեր որոնումների պատմությունը և դուրս եկեք ձեր բոլոր հաշիվներից:
  • Սահմանափակեք մարդկանց մուտքը դեպի սոցիալական մեդիայի ձեր հաշիվների բովանդակությունը: Պարբերաբար ստուգեք ձեր բոլոր հաշիվների և հատկապես էլ-փոստի և սոցիալական ցանցերի բովանդակությունը: Գնահատեք, թե որ տեղեկությունները կարող են ձեզ կամ այլոց վտանգի ենթարկել:

Խորհուրդներ ֆիզիկական անվտանգության վերաբերյալ 

  • Ուսումնասիրեք և պարզեք, թե իբրև լրագրող ինչ իրավունքներ ունեք այն տարածաշրջանում կամ երկրում, որտեղ լրագրողական գործունեություն եք ծավալում: Փորձեք իմանալ՝ ինչի համար կարող եք և ինչի համար չեք կարող ձերբակալվել, նախկինում լրագրողների ձերբակալությունների արձանագրված դեպքերի մանրամասները և թե ինչ վերաբերմունքի են նրանք արժանացել, կառավարության կամ իրավապահ մարմինների որ ստորաբաժանումներն են, ամենայն հավանականությամբ, ձերբակալություններ իրականացնելու տվյալ օրը, ձերբակալելու դեպքում ուր կարող են ձեզ տանել, և թե փաստաբաններին դիմելու ինչպիսի հնարավորություններ կան:

Հավելյալ տեղեկությունների համար առաջարկում ենք ուսումնասիրել CPJ-ի պատրաստած ռիսկերի գնահատման ձևաթղթերը՝ տարբեր լեզուներով:

Եթե ձեզ կալանավորել/ձերբակալել են

  • Ձերբակալելուց առաջ ոստիկանը պետք է ձեզ հայտնի ձեր ձերբակալման մասին և դրա պատճառը։ Ուշադրություն դարձրեք ձերբակալման վայրին, ժամանակին և հանգամանքներին:
  • Խորհուրդ չի տրվում լուսանկարել կամ տեսանկարահանել ձերբակալությունը. դա կարող է սադրել ոստիկաններին՝ հանգեցնելով ձեր սարքավորումների վնասմանը կամ առգրավմանը կամ ֆիզիկական վնասվածքների:
  • Որքան հնարավոր է շատ տեղեկություններ փաստագրեք ձերբակալության մեջ ներգրավված ոստիկանների մասին, ներառյալ նրանց անունները, կրծքանշանի կամ ստորաբաժանման համարները, բաժինները և հեշտությամբ ճանաչելի ֆիզիկական հատկանիշները:
  • Ուշադրություն դարձրեք շրջակայքում գտնվող մարդկանց, որոնք կարող են ձեր ձերբակալության վկան լինել:
  • Որևէ ոստիկանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում փորձեք գրանցել ձեր վնասվածքները, ստացված բժշկական օգնությունը և հիվանդանոց այցելությունները: Փորձեք գրառել պատասխանատուների անունները և նրանց վիզուալ նկարագրերը:

Հավելյալ տեղեկությունների համար տե՛ս CPJ-ի Անվտանգության նախաաշխատանքային գնահատում փաստաթուղթը կամ GIJN-ի զեկույցն այն մասին, թե ինչպես վարվել, երբ իշխանության ներկայացուցիչները ձեր տանը խուզարկություն են իրականացնում (փաստաթղթում շեշտը Ռուսաստանի վրա է):

Կեղծ լուրեր և քարոզչություն

«Քարոզչություն», «ապատեղեկատվություն» և «կեղծ լուրեր» եզրույթները հաճախ իմաստով համընկնում են։ Դրանք օգտագործվում են դիտավորյալ կամ առանց դիտավորության վնաս պատճառող տեղեկությունների տարածման մի շարք եղանակների վերաբերյալ, սովորաբար՝ կապված որոշակի բարոյական կամ քաղաքական դիրքորոշման կամ տեսակետի առաջմղման հետ:

Եվրոպայի խորհուրդը այս խմբում առանձնացնում է տեղեկությունների երեք հստակ կիրառություն.

  • Ապատեղեկատվություն (Mis-information). կեղծ կամ ոչ ճշգրիտ տեղեկություն, որը ստեղծվել կամ տարածվել է սխալմամբ կամ ոչ կանխամտածված:
  • Ակնհայտ կեղծ տեղեկություն (Dis-information). կեղծ տեղեկություն, որը միտումնավոր ստեղծվում և տարածվում է հանրային կարծիքի վրա ազդելու կամ ճշմարտությունը թաքցնելու նպատակով:
  • Վնասակար տեղեկություն (Mal-information). իրական տեղեկություն, որը հրապարակվել է դիտավորյալ վնաս պատճառելու նպատակով:

Եվրոպական խորհրդարանը նույնպես  ներկայացրել է կեղծ լուրերի և քարոզչության ընդհանուր հատկանիշները.

  • Բնույթով մանիպուլյատիվ. բովանդակություն, որն ակնհայտորեն կեղծ է, պարունակում է մանիպուլյացիա կամ ապակողմնորոշող (ապատեղեկացնող) է, և կամ բովանդակություն, որում օգտագործված է էթիկական սկզբունքներին հակասող համոզման տեխնիկա (քարոզչություն):
  • Դիտավորություն. բովանդակություն, որն ունի անապահովություն առաջացնելու, պառակտելու, թշնամանք հրահրելու կամ ժողովրդավարական գործընթացներն ուղղակիորեն խաթարելու միտում:
  • Հանրային հետաքրքրություն. բովանդակություն, որն անդրադառնում է հանրային հետաքրքրություն ներկայացնող թեմայի:
  • Տարածում. բովանդակություն, որը հաճախ օգտագործում է տարածման ավտոմատացված հնարքներ՝ հաղորդակցական ազդեցությունն ուժեղացնելու համար:

Սոցիալական մեդիա և ապատեղեկատվություն/քարոզչություն

Թեև, այսպես կոչված, կեղծ լուրերը (fake news) նոր երևույթ չեն, սակայն վերջին շրջանում, սոցիալական մեդիայի նման տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների նորարար ձևերի լայն հասանելիության պայմաններում, դրանք նոր նշանակություն են ստացել: Տեքստի, պատկերների, տեսանյութերի կամ հղումների առցանց հրապարակումը, օրինակ, հնարավորություն է ստեղծում, որ տեղեկությունը մի քանի ժամվա ընթացքում «վիրուսային» դառնա՝ միևնույն ժամանակ առաջացնելով անվտանգության հետ կապված մտահոգություններ: Այնուամենայնիվ, սոցիալական մեդիան և քաղաքացիական լրագրողների կողմից ստեղծվող բովանդակությունն այսօր գնալով էլ ավելի կարևոր աղբյուրներ են դառնում բողոքի ակցիաների լուսաբանման համար:

Խորհուրդներ ապատեղեկատվության/ակնհայտ կեղծ տեղեկությունների տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու կամ դրանցից խուսափելու վերաբերյալ

Ապատեղեկատվության դեմ պայքարելու համար PEN America-ն հետևյալ գործողություններն է խորհուրդ տալիս.

  • Մի՛ ենթադրեք, որ բովանդակությունը համապատասխանում է իրականությանը. մանրազնին ստուգեք սոցիալական մեդիայից եկող ողջ բովանդակությունը: Դա անելու համար լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս GIJN-ի ընդլայնված ուղեցույցը կամ First Draft-ի գրպանի ուղեցույցը՝ տեսանյութերը ստուգելու վերաբերյալ:
  • Արեք այնպես, որ ստուգեք ցանկացած տեղեկություն, որը գալիս է բողոքի ակցիայի հետ կապված առցանց հաշիվներից կամ էլ-փոստի հասցեներից:
  • Զգույշ եղեք կեղծ լուրեր տարածող կայքերից, որոնք հաճախ կրկնօրինակում են իրական լրատվական աղբյուրներին, հատկապես տեղական լուրերով զբաղվողներին: Այս հարցում օգնության համար տե՛ս Poynter-ի PolitiFact կայքը, NewsGuard-ի հսկման կենտրոնը կամ Factcheck.org կայքը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն  առաջարկում է նաև հետևյալ ստուգաթերթը.

  • Որոշեք հեղինակին/լրագրողին, նրա փորձառությունը. ո՞վ է սա պատրաստել, ի՞նչ մանրամասներ են հայտնի լրագրողի մասին, ներառյալ նրա փորձառությունը և այլ նյութեր, որոնց վրա նախկինում աշխատել է:
  • Որոշեք աշխատանքի տեսակը. ի՞նչ է սա: Փնտրեք նշումներ՝ կարծիքը, վերլուծությունը և գովազդատուի (կամ վճարովի/«բուն») բովանդակությունը լուրերից տարբերակելու համար:
  • Ուշադրություն դարձրեք մեջբերումներին և հղումներին. հետաքննական կամ այլ մանրամասն նյութերի դեպքում անհրաժեշտ է հասկանալ փաստերի և պնդումների հետևում կանգնած աղբյուրների մատչելիության ուղիները:
  • Որոշեք իրավիճակը տեղում կամ համայնքում:
  • Բացահայտեք տարբեր կարծիքներ. ի՞նչ ջանքեր է գործադրում խմբագրությունը տարբեր տեսակետներ ներկայացնելու համար:

Երգիծանք (սատիրա)

Ծանուցման կիրառումը կարող է օգնել, բայց չի կարող երաշխավորել պատասխանատվությունից խուսափելը, հատկապես եթե մանր տառերով գրված լինի համոզիչ կերպով ներկայացված երգիծական նյութի վերջում:

Երգիծանքն անուղղակիորեն պաշտպանված է խոսքի ազատության միջազգային դրույթներով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ 2007թ. «Կերպարվեստների միությունն ընդդեմ Ավստրիայի» (Vereinigung Bildender Künstler v. Austria) գործով, երգիծանքը սահմանել է որպես «…գեղարվեստական արտահայտման և սոցիալական մեկնաբանման ձև, որն իրականության չափազանցման ու խեղաթյուրման իրեն բնորոշ հատկանիշներով, բնականորեն միտված է սադրելու և գրգռելու: Հետևաբար, արվեստագետի` նման կերպով արտահայտվելու իրավունքին ցանկացած միջամտություն պետք է հատուկ ուշադրությամբ քննվի»։

Այնուամենայնիվ, երգիծանքի հեղինակները հաճախ իրավական հարձակման են ենթարկվել՝ հիմնականում զրպարտության/վիրավորանքի կամ հեղինակային իրավունքի մասին օրենքների քողի տակ։ Երգիծանքի և զրպարտության/վիրավորանքի հիմնական տարբերությունն այն է, որ երգիծանքի հեղինակը չի ձգտում, որ հանրությունը հավատա դրա իսկությանը: Երգիծանքը խայթում է, քննադատում է և ստեղծված է «կծելու» համար:

Խորհուրդներ երգիծանքի կիրառման հետևանքով իրավական ռիսկերից խուսափելու/դրանք նվազագույնի հասցնելու վերաբերյալ

«Լրագրողների կոմիտե հանուն մամուլի ազատության» (անգլ.՝ Reporters Committee for Freedom of the Press) կազմակերպությունն առաջարկել է հետևյալ խորհուրդները՝ երգիծանքի դեպքում զրպարտության/վիրավորանքի մեղադրանքով դատարանում չհայտնվելու համար.

  • Անհարգալից տոնի օգտագործումը կհուշի, որ սա սոսկ լրատվական նյութ չէ:
  • Հաշվի առեք այն պարբերականի ուղղվածությունը, որում ներկայացվելու է պատմությունը, այդ թվում՝ արդյոք այնտեղ նախկինում երգիծական նյութեր կամ պարոդիա հրապարակվե՞լ են, թե՞ ոչ:
  • Մտածեք հրապարակման կամ հեռարձակման տեսակի մասին. արդյո՞ք դա տպագիր ամսագիր է, թերթ, բլոգ, հեռուստատեսության կամ ռադիոյի լրատվական թողարկում կամ ամսագիր: Հաշվի առեք դրա ժանրային առանձնահատկությունները. դա քննադատական ակնա՞րկ է, հեղինակային սյունա՞կ, թե՞ նորությունների էջ, երգիծական կայքի՞, թե՞ հեռարձակվող ԶԼՄ-ի նյութ: Հաշվի առեք նաև նյութի հիմնական աշխարհագրական ընդգրկումը և լսարանը:
  • Ոչ ստանդարտ վերնագրի օգտագործումը հենց սկզբից նշան կլինի ընթերցողների համար, որ նյութը պարզապես նորություն չէ:
  • Պատմության մեջ անհավանական կամ տարօրինակ տարրերը, ծիծաղելի անուններով կամ անհեթեթ հապավումներով փորձագետները կամ խմբերը, և անհավատալի, անտրամաբանական կամ չափազանցված մեջբերումները ազդանշան են, որ պատմությունը չի ներկայացնում իրական փաստեր:
  • Իրական մարդկանց անուններն օգտագործելու փոխարեն դիտարկեք մտացածին անուններ օգտագործելու տարբերակը, որոնք նմանակում են իրական մարդկանց անուններին կամ նրանց են ակնարկում:
  • Մտածեք նյութի մեջ հղում անել այն իրական դեպքին, որը ծաղրում եք: Պարոդիայի հրապարակումը բուն միջադեպից շատ չանցած, քանի դեռ այն հասարակության մտքում է, հուշում է, որ պատմությունն արձագանք է իրական իրադարձությանը:
  • Ծանուցման կիրառումը կարող է օգնել, բայց չի կարող երաշխավորել պատասխանատվությունից խուսափելը, հատկապես, եթե մանր տառերով գրված լինի համոզիչ կերպով ներկայացված երգիծական նյութի վերջում:

Հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրներ

Հեղինակային իրավունքը մտավոր սեփականության իրավունքի ձև է, որը, ըստ ԱՄՆ հեղինակային իրավունքի գրասենյակի, պաշտպանում է «հեղինակային բնօրինակ գործերը, ներառյալ գրական, դրամատիկական, երաժշտական և գեղարվեստական ստեղծագործությունները, ինչպիսիք են պոեզիան, վեպերը, ֆիլմերը, երգերը, համակարգչային ծրագրերը և ճարտարապետությունը»: Հեղինակային իրավունքը չի պաշտպանում փաստերը, գաղափարները, համակարգերը կամ աշխատանքի մեթոդները, թեև այն կարող է պաշտպանել դրանց արտահայտման ձևերը:

«Բարեխիղճ օգտագործումը» մի եզրույթ է, որը վերաբերում է հեղինակային իրավունքով պաշտպանված բովանդակությունն օգտագործելու հնարավորությանը՝ առանց նման դեպքերում թույլտվություն ստանալու կամ փոխհատուցում վճարելու, հատկապես, երբ օգտագործման մշակութային կամ սոցիալական առավելությունները գերազանցում են ծախսերը: Դա ընդհանուր իրավունք է, որը կիրառելի է նույնիսկ այն իրավիճակներում, երբ օրենքը մասնավոր օգտագործման բացահայտ թույլտվություն չի տալիս: Ինչպես ազատ արտահայտվելու առավել ծանոթ իրավունքների դեպքում, մարդիկ օգտվում են այս իրավունքից՝ առանց որևէ պաշտոնական ծանուցման կամ գրանցման:

Խորհուրդներ հեղինակային իրավունքի խախտումից խուսափելու/դրա վտանգները նվազեցնելու վերաբերյալ

Հեղինակային իրավունքի և մեդիա-ականատեսների լրագրողական ուղեցույցը առաջարկում է հետևյալ առանցքային կետերը՝ հեղինակային իրավունքների հետ կապված ռիսկերը նվազագույնի հասցնելու համար.

  • Ստուգեք` ով է բովանդակությունը ստեղծողը. հեղինակային իրավունքի սեփականատերը նա է, ով սեղմել է «հրապարակել» կոճակը:
  • Թույլտվություն խնդրեք օգտագործելու բովանդակությունը՝ պարզ, մատչելի լեզվով և բացատրեք, թե ինչպես և երբ է այն օգտագործվելու:
  • Ստուգեք հեղինակային իրավունքներին առնչվող տեղական օրենսդրությունը: Հեղինակային իրավունքի բարեխիղճ օգտագործումը տարբեր երկրներում տարբեր կերպ է մեկնաբանվում:
  • Մի՛ օգտագործեք որևէ նյութ կամ պատկեր առանց հեղինակին նշելու կամ հղում տալու: Այնուամենայնիվ, դա անելիս պետք է նաև հաշվի առնել այն էթիկական նկատառումները և գաղտնիության իրավական հարցերը, որոնք կապված են անհատի անունը առանց իր համաձայնության հրապարակելու հետ:
  • Միշտ ստուգեք աղբյուրի և տեղեկության հավաստիությունը:
  • Մի՛ վերահրապարակեք մեծ ծավալի փաստաթղթեր կամ պատկերներ, որոնք պաշտպանված են հեղինակային իրավունքով կամ պատկանում են ուրիշներին: Համացանցում հայտնաբերված նյութը անվճար կամ պաշտպանված չէ հեղինակային իրավունքի մասին օրենքներով միայն այն դեպքերում, երբ այն շատ հին է կամ տրամադրվում է «Creative Commons» արտոնագրով: Եթե կարծում եք, որ համոզիչ փաստարկ ունեք նյութերի՝ մեկնաբանության, քննադատության, երգիծանքի կամ այլ «բարեխիղճ օգտագործման» համար, դիմեք լավագույն փորձին կամ պրոֆեսիոնալ փաստաբանի. հույս մի դրեք «բարեխիղճ օգտագործման» կամ, այսպես կոչված, ժողովրդական իմաստության այլ կասկածելի օրինակների վրա:

Լրատվամիջոցների փակում

Լրատվամիջոցների փակումը համաշխարհային միտում է. ավտորիտար ռեժիմները գնալով ավելի շատ ռեպրեսիվ օրենքներ են ընդունում, ինչը լրջորեն խաթարում է ԶԼՄ-ների ազատությունն ամբողջ աշխարհում: Ներկայումս զգալիորեն ավելացել են լրատվամիջոցների փակման դեպքերը։

Խորհուրդներ փակման վտանգներից խուսափելու/դրանք նվազագույնի հասցնելու վերաբերյալ

  • Խստորեն հետևեք թվային անվտանգության կանոններին, որպեսզի նվազագույնի հասցնեք պետության կողմից հսկողության ռիսկը:
  • Ստուգեք պետական գրաքննության վերաբերյալ տեղական օրենսդրությունը:
  • Թաքցրեք զգայուն թեմաներով նյութերը. հրապարակեք դրանք այն լրատվամիջոցներում, որոնց գրաքննության ենթակվելու հավանականությունն ավելի քիչ է:
  • Հնարավորության դեպքում սկսեք աշխատել արտերկրից, եթե լրատվամիջոցը սկսի բախվել մեդիա միջավայրի նկատմամբ ճնշումների սպառնալիքին:

Ծանուցում. այս փաստաթղթում  ներկայացված տեղեկությունները հրապարակվում են բացառապես ծանոթության նպատակով, իրավաբանական խորհրդատվություն չեն և չպետք է ընկալվեն իբրև այդպիսին:

Լրացուցիչ ռեսուրսներ

Սույն ուղեցույցը կազմել են GIJN-ի խմբագիրներ Նիկոլյա Ապոստոլուն և Ռիդ Ռիչարդսոնը: Նյութի սկզբի նկարազարդման հեղինակը մալազիացի քաղաքական ծաղրանկարիչ Zunar-ն է (Զուլքիֆլի Անվար Ուլհաքե):

Պատկերազարդումը՝ Zunar-ի (GIJN)

Media Defence-ը միակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն է, որը զբաղվում է բացառապես լրագրողների, քաղաքացիական լրագրողների և անկախ լրատվամիջոցների իրավական պաշտպանությամբ, որոնք ողջ աշխարհում վտանգի տակ են իրենց գործունեության համար: Մինչ օրս Media Defence-ն աջակցել է ավելի քան 900 գործի՝ օգնելով ավելի քան 110 երկրի հարյուրավոր լրագրողների: Նրա աշխատանքի շնորհիվ կանխվել են ԶԼՄ-ների աշխատակիցների ավելի քան 290 տարվա կալանքի, ավելի քան 646 միլիոն ԱՄՆ դոլարի վնասի փոխհատուցման վճարման դեպքեր և վերապատրաստվել են ավելի քան 90 փաստաբաններ:

Օգնության կարիք ունեցող հետաքննող լրագրողները Media Defence-ի ուղեգրման համար կարող են դիմել՝ կապ հաստատելով GIJN-ի աջակցման կենտրոնի հետ:

Այս նյութը պատրաստվել եւ թարգմանվել է Գլոբալ հետաքննական լրագրության ցանցի կողմից՝ ԵՄ ֆինանսական աջակցությամբ։ Բնօրինակ նյութը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter