HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսները Հայաստանում մեծացրել են գինու պահանջարկը

Հայկական գինեգործության ոլորտում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Այս տարի մեծ թափով աճում է արտադրությունը։ Չնայած խոչընդոտներին՝ 2022-ին արտահանման 52% աճ է գրանցվել. հիմնական շուկան մնում է Ռուսաստանը։ Հայ գինեգործները նոր տեխնոլոգիաների փորձարկումների փուլում են։ Իսկ Հայաստանում հաստատված ռուսները տեղական շուկայում բարձրացրել են գինու պահանջարկը։

2022-ի «պարադոքսն» ու 2023-ի զարգացումները

Տավուշի մարզի Կողբ գյուղում Գագիկ Աղաբաբյանը և Արսեն Դրամբյանը գինու գործարան են հիմնադրել 2021 թվականին։ Կարճ ժամանակում հասցրել են «Կողբա գիներ»-ը ոչ միայն տեղական շուկայում ներկայացնել, այլև արտահանել։

Գագիկ Աղաբաբյանն ասում է, որ տեղական շուկան այնքան մեծ չէ, որ բոլոր արտադրողները կարողանան հանգիստ «տեղավորվել»։ «Հատկապես նոր բացվող գործարանները տեղական շուկայում հաստատվելու համար դժվար պայքար են մղում»,- ասում է նա։

Վերջին տարիներին Հայաստանում գինի արտադրող գործարաններն ավելանում են, աճում են արտադրության ծավալները։

Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 7.1 մլն լիտր խաղողի գինի, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 92.8%–ով։

Այս շուկայի համար սա բավականին տեսանելի ցուցանիշ է՝ հատկապես հաշվի առնելով, որ նախորդ տարի գինու արտադրությունը մնացել է գրեթե նույն մակարդակում, ինչ 2021-ին։ 

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը գինու արտադրության 2023 թվականի ծավալների աճը բացատրում է նախևառաջ գինի արտադրող գործարանների թվի ավելացմամբ։ Գինեգործների մի մասը դեռևս մի քանի տարի առաջ սկսել է ներդումներ իրականացնել և այս տարի արդեն արտադրանք է թողարկում։ Բացի այդ՝ արտասահմանից ստացվող պատվերների աճն է նպաստել։

«Կարծում եմ՝ այս ցուցանիշը դեռ կավելանա, քանի որ շատ ենք հանդիպում ներդրողների հետ, որոնք պլանավորում են 2024 թվականից նոր այգիներ հիմնել։ Հետաքրքիր ոլորտ է, և վերջին տարիներին մեր հիմնադրամը հայկական գինին տարբեր թիրախային շուկաներում է ներկայացնում»,- «Հետք»-ի հետ զրույցում ասում է Զարուհի Մուրադյանը։

Թեև հայկական գինու արտադրության և արտահանման ոլորտում էական կշիռը խոշոր արտադրողների ձեռքերում է, սակայն, փոքր ու միջին արտադրողների թիվը, ըստ հիմնադրամի, գնալով ավելանում է։ Նրանցից շատերը, այդ թվում՝ շուկայում վաղուց գործող ընկերությունները, գինու նոր տեխնոլոգիաների փորձարկումների փուլում են։

«Խորհրդային տեխնոլոգիաներից անցում ենք կատարում նոր տեխնոլոգիաների։ Մեր տեղածին սորտերի վրա ենք աշխատում, փորձում ենք հասկանալ՝ ինչպե՞ս մշակել, ի՞նչ սորտեր ու ի՞նչ որակի խաղող է մեզ պետք։ Ցուցահանդեսներ, փառատոններ են հաճախակի կազմակերպվում, որը ևս արդյունքներ է տալիս»,- նշում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրենը։

Հայկական գինու շուկայի 2022 թվականի տվյալների վերլուծության արդյունքն առաջին հայացքից պարադոքս է թվում։ Եթե գինու արտադրությունը մնացել է գրեթե նույն մակարդակում, ապա արտահանումը կիսով չափ աճել է։

Ըստ Մաքսային ծառայության տվյալների՝ 2022 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 4.8 մլն լիտր գինի (4.770 մլն լիտր), որի արժեքը կազմել է 18.8 մլն դոլար։ 2021 թվականի համեմատ գինու արտահանման քանակն աճել է 52%-ով (2021-ին՝ 3.135 մլն լիտր), իսկ արժեքը՝ 62%-ով։

Զարուհի Մուրադյանը բացատրում է, որ այս դեպքում արտադրությունն ու արտահանումը ուղիղ կապ չունեն, քանի որ արտահանվել է նաև ռեզերվային՝ պահեստավորված գինի։ 2020-2021 թվականներին գինու արտահանումը տուժեց: Արդեն 2022 թվականին կազմակերպությունները սկսել են ավելի շատ արտահանել։ 

Ինչ վերաբերում է այս տարվան, ըստ Վիճակագրական կոմիտեի՝ 2023 թվականի առաջին կիսամյակում արտահանվել է 3621 տոննա խաղողի գինի, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 22%-ով (ՎԿ-ն տվյալները ներկայացնում է տոննայով)։

Հայաստանից գինի է արտահանում 70-80 կազմակերպություն։ Նրանցից առավել հայտնի գինի արտադրող գործարանների շարքում են «Ոսկեվազի գինու գործարան»-ը, Երևանի «Շամպայն գինիների գործարան»-ը, «Արմենիա վայն» գործարանը, «Վան արդի»-ն, «Պռոշյանի կոնյակի գործարան»-ը, «Արարատի կոնյակի գործարան»-ը, «Վեդի-Ալկո»-ն, «Արենիի գինու գործարան»-ը և այլն։

Դրամի արժևորումը վնասում է արտահանող գինեգործներին

Գինեգործ Գագիկ Աղաբաբյանը նկատում է, որ վերջին երկու-երեք տարիներին արտահանողների համար գլխավոր խոչընդոտը դրամի արժևորումն է ռուբլու, դոլարի ու եվրոյի նկատմամբ։ Այս արժույթների էժանացման հետևանքով նվազում են արտահանողների եկամուտները։

Չնայած խնդիրներին՝ Գագիկ Աղաբաբյանը այժմ պլանավորում է մեծացնել արտահանումները դեպի Ֆրանսիա և Ռուսաստան։ Արտահանողը փորձում է հարմարվել ներկա պայմաններին՝ հուսալով, որ փոխարժեքի շուկայում կտրուկ փոփոխություններ չեն լինի։ «Արտահանումից երկու-երեք ամիս հետո միայն մենք ստանում են ապրանքի դիմաց վճարումները։ Եղել է, որ այդ ընթացքում ռուբլին այնքան է էժանացել, որ արտահանումը դարձել է վնասով»,- պատմում է Գագիկ Աղաբաբյանը։

Պետական օժանդակության ծրագրերը, որոնք երբեմն իրականացվում են, ըստ Գագիկ Աղաբաբյանի, անարդյունավետ են։ «Պետության կողմից էական օժանդակություն չկա։ Արտահանման նոր շուկաներ հայտնաբերելու, ռիսկերը կառավարելու բոլոր գործառույթները արտադրողների վրա է»,- ասում է գինեգործը։

Հայկական գինու արտահանման հիմնական շուկան շարունակում է մնալ Ռուսաստանը։ 2022 թվականին արտահանված գինու մոտ 79%-ը առաքվել է Ռուսաստան։ Միացյալ Նահանգներին բաժին է ընկել 6%-ը։ Մնացած 15%-ը առաքվել է 50-ից ավել երկրներ, ինչպես՝ Ուկրաինա, Չեխիա, Չինաստան, Վրաստան, եվրոպական երկրներ և այլն։ Սակայն, նշված 15%-ի մեջ առանձին վերցրած և ոչ մի երկիր էական ծավալ չունի։

Ռուսաստանը որքան էլ էական շուկա է հայ գինեգործների համար, միևնույն ժամանակ անկայուն է՝ հաշվի առնելով փոխարժեքի տատանումները։

Ի տարբերություն խոշորների, որոնք ունեն կուտակած միջոցներ և կարողանում են անկումների ժամանակ գոյատևել՝ փոքր ու միջին արտադրողները փաստի առաջ են կանգնում։

Սկզբում 2020 թվականին սկսված համավարակն ու  44-օրյա պատերազմը լուրջ խնդիրներ ստեղծեցին արտահանողների համար՝ փակ ճանապարհներ, բեռնափոխադրումների թանկացում։ Հաջորդող տարիներին արտահանողների գլխավոր խոչընդոտը դարձավ դրամի արժևորումը ռուբլու և դոլարի նկատմամբ։

«Քանի որ եվրոյի, դոլալի ու ռուբլու տատանումների հետ կապված արտահանման շուկաները դարձել են անկայուն, դա բերում է նրան, որ շատ պայմանագրեր չեղարկվում են։ Պատկերացրեք՝ մեր արտահանողին Եվրոպայից վճարում են եվրոյով, որի գինը Հայաստանում իջել է, կամ Ռուսաստանից՝ ռուբլով, որը ևս հայկական դրամի նկատմամբ արժեզրկվել է։ Իսկ եթե հայ արտահանողը որոշում է բարձրացնել գինը, որ շատ չտուժի փոխարժեքի այդ տատանումից, արտասահմանից պատվերներն են նվազում»,- նշում է Զարուհի Մուրադյանը։

Ըստ նրա՝ Եվրոպայում գնորդը չի հասկանում, թե, օրինակ, ինչու՞ պիտի 30 եվրո վճարի հայկական գինու համար, որը այդքան ճանաչելիություն չունի իրենց երկրում, եթե կա շուկայում ֆրանսիական, իտալական ավելի ցածր գնով ու ճանաչված բրենդ։ Այդ պատճառով էլ հայ գինգործները եվրոպական գործընկերների հետ շատ պայմանագրեր խզել են։ Նույնը՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի գործընկերների դեպքում։

«2022-ին արտահանումն ավելի բարձր կլիներ, եթե չլինեին այս խոչընդոտները։ Այսօր էլ այդ խնդիրը կա։ Արտադրողները պետական աջակցության և սուբսիդավորման կարիք ունեն։ Եթե խոշորներն այդ պայմաններում դիմանում են և ավելացնում արտահանումը, ապա՝ փոքր ու միջին արտադրողների համար ավելի դժվար է»,- ասում  է Զարուհի Մուրադյանը։

Տեղական շուկայում մրցակցությունը սրվել է. ռուսները Հայաստանում գինու պահանջարկը բարձրացրել են

Հայ գինեգործները տեղական շուկայում պահանջարկի բարձրացում են նկատել, որը պայմանավորում են ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան եկած և ավելի քան մեկ տարի այստեղ բնակվող ռուսաստանցիների գործոնով։

Գագիկ Աղաբաբյանը պատմում է, որ Երևանի գինու օրերին և Գյումրիում գտնվող իրենց խանութի վաճառքները վերլուծելով՝ պարզել են, որ հիմնականում Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներն են այդ պահանջարկը ստեղծել։

«Տեղական շուկայում մեր ընկերության գինու գնորդների 60-70%-ը այժմ ռուսներն են։ Նույնիսկ, ռեստորաններում ցուցադրված մեր գինիների համար մենեջերները պահանջում են, որ գինու պատմության թերթիկները ռուսերենով և անգլերենով էլ տանք։ Ռուսները շեշտակի պահանջարկ են ստեղծել։ Երևանի գինու օրերին բավական մեծ թվով գինի ենք վաճառել և՛ բաժակով, և՛ շշով, որոնց 60-70%-ը ռուսներն էին գնում»,- նշում է Գագիկ Աղաբաբյանը։

Զարուհի Մուրադյանն էլ նկատում է, որ Հայաստանում գտնվող ռուս զբոսաշրջիկները նպաստել են նաև դեպի Ռուսաստան հայկական գինիների արտահանման աճին։ «Երբ մարդը գալիս է քո երկիր, փորձում գինին և գնում իր երկրում, փնտրում է խանութներում։ Այսինքն՝ այդտեղ պահանջարկ է ստեղծում։ Արտահանողները նոր պատվերներ են ստանում»,- նշում է նա։

Աշխարհին հայկական գինին ներկայացնելու խնդիր կա։ Եթե Ռուսաստանում պահանջարկը նվազի, դեպի այլ երկրներ արտահանումները չեն կարող լրացնել կորուստները, քանի որ այս պահին այն Եվրոպայում, ԱՄՆ-ում, Չինաստանում և այլ երկրներում փոքր ներկայություն և քիչ ճանաչելիություն ունի։

Հայ գինեգործները կայուն որակ ու քանակ ապահովելու խնդիր ունեն։

«Որքան էլ գնորդները տպավորված են լինում, երբեմն բողոքում են, որ ամեն տարի գինու որակը փոխվում է։ Դա բացատրվում է նրանով, որ մենք ամեն տարի փորձարկումներ ենք անում։ Քանի որ խաղողը ձեռք է բերվում հիմնականում ֆերմերային տնտեսություններից, երբեմն դժվարանում է որակը վերահսկելը։ Շատ անգամ դա գինեգործի ձեռքում չէ։ Խնդիր կա՝ ստանալ բարձրորակ խաղողը, որը կապահովի պրեմիում դասի գինի»,- նշում է Զարուհի Մուրադյանը։

Հայկական գինեգործության մեջ այսօր խնդրահարույց է նաև տեղական շուկայի կենտրոնացվածությունը։ Խոշոր արտադրողների վարքագիծը շուկայում զգալի ազդեցություն է թողնում։ Օրինակ՝ եթե նրանցից մեկի խոշոր պայմանագրերը խզվում են, գինու ամբողջ արտադրության և արտահանման ցուցանիշների վրա դա տեսանելի բացասական ազդեցություն է թողնում։ Փոքր ու միջին արտադրողների թիվը ավելացել է, սակայն նրանք միասին դեռևս զգալի զիջում են խոշորներին։

Մեկնաբանություններ (1)

Կարինե
Տրանսպորտի խնդիրները և դրամի արժեզրկումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի արդյունք է, որի մասին գուցե Հայաստանում տեղյակ չեն, որ շեշտում են կովիդը և Արցախի պատերազմը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter